ԿարևորՀասարակություն

Նոր մշակույթ՝ Արմավիրում․ քաղաքը կզարդարեն քանդակները

 Տուֆե քանդակները  կզարդարեն Արմավիր քաղաքը: Նվերը Արշալույս համայնքի «Խաչքարերի վարպետաց դպրոցի» սաներից է՝ Հանրապետության տոնի առթիվ:  Քանդակները կերտվել են Արմավիրի  տուֆից՝ Արմավիրի զբոսայգում:

Արմավիրի զբոսայգում  վերջին տասը օրերին մուրճի ու բրիչի ձայն էր լսվում: Երբեմն էլ քամին շաղ էր տալիս քարի կարմիր փոշին, որը դուրս էր գալիս տուֆը տաշելուց: Այգում քարին կենդանություն էին հաղորդում երեխաները: Արդյունքը՝ 9 քանդակ, որոնք խորհրդանշում են սեր ու  քնքշություն: Խաչքարագործ Ռուբեն Նալբանդյան.

«Եթե անկեղծ խոսենք՝  քանդակի մեջ միշտ սեր կա: Այդ սերը մենք հաղորդում ենք տարբեր ձևով՝ մայրության, հայրենիքի, կենդանական  ու բուսական աշխարհի տարբեր տարրերի միացությամբ: Աշխատանքն էլ է սիրով արվում, եթե սիրով չարվի՝ այդ սերը քարի վրա չի արտահայտվի: Մեր քանդակները տարբեր բնույթի սեր արտահայտող քանդակներ են»:

Սիրո ծնունդ էր տարեցների՝ միմյանց գրկած տատիկ-պապիկի քանդակը: Նալբանդյանն այն անվանել է  «Երջանիկ ծերություն»: Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն ասում է`այս քանդակը մեծ խորհուրդ ունի.

«Սեր ու հոգատարություն խորհրդանշող արձան է, որը բոլոր նախադրյալներն ունի քաղաքի խորհրդանիշերից մեկը դառնալու համար»:

Քանդակների համար դեռ որոշված տեղեր չկան, բայց  նախատեսել են  տեղադրել կանաչ տարածքներում, որոնք այնքան էլ շատ չեն Արմավիրում: Քանդակների տեղադրմամբ՝ կավելանան նաև պուրակները.

«Արվեստի պակաս է զգացվում  քաղաքում: Մեր մոտեցումը հետևյալն է. որքան հնարավոր է՝ քանդակները  լայն սփռում ունենան  և չկենտրոնացվեն մեկ վայրում, որովհետև ցանկացած քանդակ իր շուրջը ստեղծում է միջավայր, որտեղ հավաքվում են մարդիկ: Թերևս հիմա հստակ է միայն  «Գիրք» քանդակի տեղադրման վայրը՝ Նալբանդյան և Շահումյան փողոցների խաչմերուկի պուրակում, որը կբարեկարգվի՝ կփոխվեն նստարանները, կանցկացվի  լուսավորություն»:

Խաչքարերի վարպետաց  դպրոցում  քարի հետ  աշխատում են նաև աղջիկները:  13-ամյա Անին վերջերս է հատիչով աշխատել սովորել,  զոհված եղբոր՝  Գոռի կիսատ թողած գործն է ուզում շարունակել.

«Սովորում եմ քանդակագործություն և նկարչություն: Նկարչության հետ շատ մեծ սեր ունեմ, իսկ քանդակագործությունը, երբ եղբայրս զոհվեց,  որոշեցի, որ պետք է  իր գործը շարունակեմ: Ինքը քանդակագործ էր»:

«Երազկոտ ու մտախոհ աղջիկ». սա է Անիի քանդակը: Իր հասակակից քանդակագործ ընկերներն օգնել են նրան, աշխատել բոլոր քանդակների վրա.

 «Սա աղջիկ է՝ նուռը ձեռքին վերև պահած, խորհրդանշում է՝ բերքի առատություն»

 «Քարը նրբություն ունի: Եթե հասկանաս քարի լեզուն, հաստատ կկարողանաս անել, ուզածդ ստանալ»:

Քանդակների համար տուֆի ընտրությունը պատահական չէ: Խաչքարագործ-վարպետ Ռուբեն Նալբադյանն ասում է՝ տուֆը հայկական է, տարբեր՝ բոլոր քարերից.  

 «Աշխարհի որ մի երկրում էլ լինես, հեռվից տեսնես մի անմշակ տուֆ, անկախ քեզնից կթողնես  քո  գործը, կանտեսես ժամանակն ու  կգնաս,  կկանգնես  քարի մոտ, կասես՝ սա հայ է»:

Քարը բնավորություն ունի,- ասում է Հենրիկ Ալեքսանյանը: Նա քարերի մեծ հավաքածու ունի ու իր քարերն անվանել է քարագրեր.

 «Տուֆը մեզ բնավորություն տվող քար է, մտել է մեր մշակույթ սկզբում՝ որպես տուն, հետո որպես գեղարվեստական արժեք: Իմ քարերը անմշակ քարեր են, որոնք ես բնությունից վերցրել ու համադրել եմ, ստեղծել տարբեր պատկերներ»:

Տուֆե  քանդակներն  օրեր անց  կզարդարեն Արմավիր քաղաքը:

Կարդացեք նաև

Back to top button