ԿարևորՀասարակություն

Վարորդների խախտումները կարձանագրվեն նաև հեռախոսով

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները բջջային հավելվածով արձանագրելու մեխանիզմը կսկսի 2021թ․ հուլիսի 1-ից։ Հեռախոսով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախ հանդիպող խախտումներն ու հատուկ հավելվածով դրանք ուղարկել ՃՈ մասնագետներին։ ՃՈ-ում կարծում են, որ նոր մեխանիզմը  կսթափեցնի վարորդներին, երթևեկության փորձագետները թերահավատ են։

Այսուհետ վարորդների խախտումները կարձանագրեն ոչ միայն տեսախցիկները և տեսուչները, այլև դրանք նկատած քաղաքացիները։

Ներբեռնելով համապատասխան հավելվածը՝  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն կստանա սեփական բջջայինով արձանագրել վարորդների իրավախախտումները։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է արձանագրել առավել հաճախ հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի 12 իրավախախտում, այդ թվում՝  հանդիպակաց երթևեկություն դուրս գալը, կանգառի կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, տրասնպորտային միջոցից աղբ նետելը։

ՃՈ-ում վստահ են՝ սա լրացուցիչ զսպաշապիկ կդառնա իրավախախտ վարորդների համար։ ՃՈ իրավաբանական բաժնի պետ Հայկ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ մեխանիզմը կգործի ՀՀ ամբողջ տարածում։

«Վարորդները կգիտակցեն, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել ցանկացած վայրում, որտեղ կխախտեն կանոնները։ Իհարկե, այդ տվյալները կուղարկվեն ՃՈ, կմշակվեն և մշակման արդյունքում կկայացվի կամ կմերժվի վարչական ակտը։ Բայց միայն այն գիտակցումը վարորդի համար, որ նա ցանկացած վայրում երթևեկության կանոններ խախտելիս կարող է պատասխանատվության ենթարկվել, լրացուցիչ խթան կդառնա տուգանային միավորների համակարգի առավել արդյունավետ գործելու իմաստով»։

Ի տարբերություն Ճանապարհային ոստիկանության՝ երթևեկության փորձագետ Արտակ Խաչատրյանի սպասելիքներն այս մեխանիզմից այդքան էլ մեծ չեն։ Ավելին՝ նա առհասարակ չի հասկանում, թե ինչու է ՃՈ գործառույթը քաղաքացիների վրա դրվում։

«ՃՈ ներկայացուցիչը իր գրասենյակում սուրճ է խմում, քաղաքացիներին էլ գործ տվող է սարքում։ Բա դուք ինչի՞ համար եք։  Կամ այդ նկարելը որ երկրում է փրկել, որ մեր մոտ փրկի»։

Երթևեկության փորձագետը մեծ սպասելիքներ չուներ նաև բալային համակարգից։ Անարդյունավետ է լինելու նաև այս մեխանիզմը՝  կարծում է։

«Բալային համակարգը երթևեկությունը 2 տոկոսով է կարգավորել, ևս 2 տոկոսով կկարգավորվի այս մեխանիզմով։ 4 տոկոսով երթևեկությունը կարգավորվեց, բա հետո»։

Ըստ Արտակ Խաչատրյանի՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար  ոչ թե նոր գաղափարներ են պետք, այլ արդեն ներդրված մեխանիզմներն է պետք իրականում գործի դնել։ Բայց քանի դեռ չկա տոտալ վերահսկողություն, փորձագետը վստահ է՝ բոլոր մեխանիզմները ձևական են լինելու և նպատակին պարզապես չեն ծառայելու։

Կարդացեք նաև

Back to top button