
Բառի ուղիղ իմաստով նրանք պայքարում էին երկու ճակատով՝ տեսանելի ու անտեսանելի թշնամու դեմ։ Պայքարը դեռ շարունակվում է։
Պատերազմի ընթացքում կատարած անձնվեր աշխատանքի, ինչպես նաև՝ համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման գործում ներդրած ավանդի համար նախագահ Արմեն Սարգսյանն այսօր պետական պարգևներ է հանձնել առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցների։
Նրանք ունեն տարբեր կենսագրություններ, անցել են կյանքի տարբեր ճանապարհներով, բայց բոլորին միավորում է մի բան՝ նրանք մարդկային կյանքեր են փրկում։ Բուժաշխատողները երախտագիտության ու շնորհակալության բազմաթիվ խոսքեր են ստացել ու շարունակելու են ստանալ։ Դրանց միանում է նախագահ Արմեն Սարգսյանը։
«Իհարկե, որևէ գնահատական ու խոսք չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք արել եք եւ անում եք այսօր»։
Պարգևատրվածների մեջ շատ են ուսանողներն ու շտապօգնության աշխատակիցները։ Հենց վերջինն է այն դպրոցը, որտեղ երիտասարդ բժիշկները արագ փորձառու են դառնում ։ Նախագահ Արմեն Սարգսյանը նկատում է՝ համավարակն ու պատերազմը շատ ծրագրեր են խառնել, բայց չեն փոխել բժիշկների առաքելությունը։
«Սակայն ոչ քովիդը, ոչ պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա։ Ավելի ճիշտ՝ դրանք ավելի ընդգծեցին ձեր կարեւոր ներկայությունը մեր բոլորի կյանքում։ Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին առաջնագծում և դրանից հեռու հիվանդանոցներում, հոսպիտալներում, ռազմի դաշտում՝ շատ տարբեր պայմաններում»։
Նրանցից ոմանք միաժամանակ համավարակի դեմ էին պայքարում ու պատերազմական գործողությունների կիզակետում էին։ Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Հովսեփ Հովհաննիսյանը նրանցից մեկն էր, որ կամավորագրվեց, այսպես ասենք, սպիտակ խալաթավորների գնդին։
«Առաջնագծից տեղափոխում էին ռազմական բժիշկները, բուժակները, կամավորները, որոնք իրենց կյանքն էին ներդրել այդ ամենի մեջ։ Ես զբաղվել եմ հիվանդների տեղափոխությամբ, ծանր հիվանդներին՝ Ստեփանակերտից Երեւան։ Հետո մնացել եմ Ստեփանակերտում որպես անեսթեզիոլոգ։ … Կարող եմ մի խոսքով ասել՝ պատերազմ էր իր բոլոր դժվարություններով, բարդություններով ու հուզական պահերով… »։
Որոշ զինվորների ճակատագրով հետագայում անձամբ է հետաքրքրվել ու գտել նրանցից շատերին։ Հովսեփն ասում է՝ հիշում է, թե որ զինվորին որ հիվանդանոցում է թողել հետագա բուժման համար։
«Նման զինվորներ շատ կան։ Ես եմ գտել, որովհետեւ ինձ հետաքրքիր էր, թե իրենց հետագա ճակատագիրն ինչ է եղել։ Բարեբախտաբար, հաշմանդամություն ունեցողներ շատ քիչ եղան, մահվան դեպքեր նույնպես չեն եղել իմ տեղափոխած զինվորների մեջ»։
Նրանք հոգով պինդ էին ու կայուն պատերազմի ժամանակ, այդպիսին էին նաեւ հետո։ Բարեբախտաբար, նրանց ոգիները դիմացել են փորձություններին՝ վստահեցնում է բժիշկ-կամավորը։
«Մեր բժշկական ոլորտը կարողացավ հաղթահարել, ըստ իս, և՛ պատերազմական իրավիճակը, և՛ Քովիդի հետ կապված այդ էտապները»։
Հավասարապես դժվար էր թե՛ մեկը, թե՛ մյուսը. օրհասական պահ էր իրականում հայոց երկրի համար՝ ծանր օրերն է վերհիշում բժիշկ-օրդինատոր Արաքսյա Սարգսյանը։ Պատերազմի օրերին նա կամավորագրվել ու շտապ օգնության բրիգադի կազմում մասնակցել է վիրավորների տարհանմանը՝ չնայած ծնողների անհանգստությանը։
«Այն զգացողությունը, որ գոնե մեկ հոգու ես կարող եմ օգնել, գոնե մի հոգու կարող եմ փրկել, դա ամեն ինչից վեր էր։ Բնականաբար, հետո ես հասկանում այն բոլոր վտանգները, որոնց միջով անցել ես, ինչ զգացողություններ եւ վախեր ես ծնողիդ պատճառել, բայց այդ պահին ամենը երկրորդական էր թվում»։
Այս ջանքերն աննկատ չեն մնացել։ Գիտենք այդ մասին ու բարձր ենք գնահատում՝ ասում է նախագահ Արմեն Սարգսյանը։
«Ցավոք, համավարակն ու պատերազմը չխնայեցին նաեւ ձեր շատ գործընկերների։ Նրանք նվիրաբերեցին իրենց կյանքը հանուն մեկ ուրիշ անձի կյանք փրկելու՝ ծանոթ ու անծանոթ կյանք… Ես առաջարկում եմ, որ մենք բոլորս մեկ րոպե լռությամբ հարգենք պատերազմում ու համավարակի դեմ պայքարում զոհված եւ հանուն առողջության ու անվտանգության իրենց զոհաբերած բոլոր բուժաշխատողների հիշատակը»։
Ցավոք, բուժաշխատողներից ոմանք պետական բարձր պարգևների են արժանանում հետմահու։





