ԿարևորՔաղաքական

Ո՞ր դեպքում առ ոչինչ կհամարվի ստորագրվելիք փաստաթուղթը

«Սահմանազատում և սահմանագծում» իրավական ձևակերպումը սովորական է բարեկամ-երկրների դեպքում։ Այլ է իրավիճակը, երբ խոսքը հակամարտության կողմերի և նրանց ճշգրտվող  սահմանային հարաբերությունների մասին է:  

Հայաստանի իշխանությունները սահմանազատման թեման  փոխկապակցում են ապաշրջափակման խնդրի հետ և խոսում հեռանկարների մասին: Փորձագետները,  մինչդեռ,  այս հարցում Ադրբեջանի շտապողականությունն ու քողարկված նպատակներն են տեսնում և  փորձում են բացահայտել, թե որտեղ է «թաղված շան գլուխը»:

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ առևտրային կապեր ունենալ, բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում՝ ներառյալ ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս ձևակերպումն արել է երեկ «Հարավային Կովկաս. տարածաշրջանային զարգացման և համագործակցության հեռանկարներ» համաժողովին, և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին: Առաջնային և կարևոր վտանգը մատնանշում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության  վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը.

«Բոլորս հասկանում ենք, չէ՞, թե ինչ է նշանակում Հայաստան-Ադրբեջան սահմաններին սահմանազատում և սահմանագծում սկսելը: Եթե դու համաձայնում ես ֆիքսել սահմանը նաև հատվածներում, որոնք առնչվում են Ղարաբաղի հետ, ուրեմն ինչ-որ չափով հրաժարվում ես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդրից: Կոպիտ ասած՝ դու կանխորոշում ես ԼՂ կարգավիճակը, ավտոմատ այն մնում է Ադրբեջանի տարածքում»:  

Վերլուծաբաններն այս հարցում ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Ռուսաստանի շտապողականություն են նկատում: Հուշում են՝ կա սահմանազատման և սահմանագծման 150 էջանոց միջազգային ուղեցույց-փաստաթուղթ՝ մշակված ԵԱՀԿ-ի կողմից և որից, ցանկության դեպքում,  կարող են օգտվել ԵԱՀԿ անդամ պետություններ Հայաստանն ու Ադրբեջանը: Ընդ որում՝ կարգն արդեն փորձակված է։ Իսկ բազմաթիվ երկրների կողմից Սյունիքի Սև լճի տարածքում ծավալվող իրադարձություններն արդեն գնահատվել են որպես Հայաստանի սուվերեն տարածքի խախտում: Բայց սահմանազատման և սահմանագծման հարցում Հայաստանի գործող իշխանությունները գնում են այլ ճանապարհով՝ եռակողմ ձևաչափ՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Մի կողմից՝ պատերազմից հետո դիմադրունակությունը կորցրած հայաստանյան կառավարության, մյուս կողմից՝ առաջիկա արտահերթ ընտրություններում բոլորովին այլ կառավարության հնարավոր ձևավորման հեռանկարն ազդում են գործընթացի արագության  և Հայաստանի վրա ուժեղացող ճնշման վրա՝ կարծում են վերլուծաբանները:

Արտահերթ ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ փաստաթղթի հնարավոր ստորագրման իրավաչափության հարցն է բարձրացնում «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը.

« Այո, լեգիտիմության հետ էլ կա խնդիր, որովհետև բազմաթիվ մարդիկ, ովքեր ժամանակին վստահել են իրենց ձայները և այդ 70%-ը, որը մինչև հիմա փորձում են շահարկել գործող իշխանությունները, արդեն կապ չունեն այս իշխանությունների հետ: Այնպես որ, այո, այստեղ կա խնդիր և իսկապես, ընտրություններից 5 րոպե առաջ գնալ նման մեծ, ծավալուն գործողությունների, ինձ մոտ իսկապես անհանգստություն է առաջացնում»:

Իրավական տեսանկյունից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը լիիրավ է իր վարչապետական լիազորությունները կատարելու համար: Անգամ եթե ստորագրի էլ, դա գործընթացի սկիզբն է, բայց ոչինչ չի կանխորոշում, ասում է իրավաբան Արտաշես Խալաթյանը:

Միջազգային իրավունքը թույլ է տալիս շտկել իրավիճակը՝ ասում է. « Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիան առ ոչինչ է համարում ցանկացած միջազգային պայմանագիր, որը կնքվել է ուժի, ուժի կիրառման սպառնալիքի և այլ ճնշման ներքո: Այսօր այնքան մեծ է միջազգային իրավական գործիքակազմը, որով կարելի է առ ոչինչ ճանաչել այս գործընթացը, այնքան պարզունակ և ագրեսիվ է այն գործընթացը, որ Ռուսաստանը, Ռուսաստանի ձեռքով նաև թուրք-ադրբեջանական տանդեմը կիրառում է, որ քաղաքական կամքի առկայության պարագայում այս հարցը միջազգային ատյաններում շատ հեշտությամբ կարելի է լուծել: Ինչո՞ւ, որովհետև տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործընթացներ են սրանք»:

Իրավաբանը ակնարկում է Իրանի և Վրաստանի վտանգվող շահերը, իսկ որպես օրինակ նշում  ժամանակին Հյուսիսային Կիպրոսի հարցում որոշակի փաստաթղթեր ստորագրելու պարտադրանքին առնչվող միջազգային նախադեպը: 

Կարդացեք նաև

Back to top button