Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում IDEA հիմնադրամն այսօր ներկայացրել է Բարեկամության այգու դիզայն-կոնցեպտը։ Գաղափարի հեղինակների ասում են՝ այն տարածաշրջանում ամենագեղեցիկն ու աննախադեպն է լինելու։
IDEA հիմնադրամը Գյումրիում շատ անելիք ունի՝ Գյումրիի շենացման «Հույս» ծրագիրը, Անիի դիտակետի ստեղծման նախագիծը, բայց օրվա թեման 88-ի աղետից 3 տասնամյակ անց էլ աղետի մասին հիշեցնող Բարեկամության այգին էր։ Հեղինակներն ասում են՝ այն վերածվելու է տարածաշրջանում նմանը չունեցող ժամանցի վայրի։
«Ուսումնասիրել ենք տարբեր երկրների փորձը և ընտրել Գյումրիին բնորոշ, տարածաշրջանի համար աննախադեպ այգու կոնցեպտ»,-ասում է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։
Երկրաշարժից հետո այգին քաղաքի տնակային անմխիթար ավաններից մեկն էր։ 2018-ին առաջ եկավ 2 տասնյակից ավելի տնակաբնակներին բնակարանով ապահովելու հարցը։
«Մեր գործընկերների՝ «Ազնավուր» հիմնադրամի, «Հայ օգնության միություն» հիմնադրամի օգնությամբ վերաբնակեցրինք բնակիչներին՝ նրանց ապահովելով տներով»,- ասում է ծրագրի ղեկավարը։
Գաղափարի երկրորդ մասը այգու նախագծումն էր։ Շինարարությունը նախատեսում են սկսել այս տարի՝ առաջին փուլում Համաշխարհային բանկի վարկավորմամբ։
«Մենք ունենք ատրակցիոնների գոտի, որոնց հիմնական մասն արդեն ներկրվել և ապահով պահեստավորվել է Գյումրիում։ Սպասում ենք շինարարության առաջին փուլի ավարտին, որ քայլ առ քայլ կառուցենք այգին»։
Այգում ժամանցի, սպորտի, ուսուցողական կենտրոններ են գործելու՝ տարիքային տարբեր խմբերի համար։ Բացվելու է այգեգործության դպրոց, որը Հայաստանի համար նախատիպ է դառնալու։
Ավելի քան 7 հեկտար տարածքի 70%-ը կանաչ գոտի կլինի, 700-ից ավելի հասուն ծառեր կբերվեն, իսկ արվեստագետներն ու արհեստավորներն իրենց գործերը ներկայացնելու նոր հասցե կունենան։




