
Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում այսօր ոչ թե ներկայացում էր, այլ հանդիպում-դասախոսություն: «Քո արվեստը դպրոցում» ծրագրի առաջին հանդիպումն էր․ բեմում՝ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, ռեժիսոր Արմեն Էլբակյանը՝ մայրաքաղաքի դպրոցների շուրջ 70 աշակերտներ ի հետ։
Հանդիպումից առաջ մեր հարցին՝ ի՞նչ է խոսելու դերասանն աշակերտների հետ, Արմեն Էլբակյանը պատասխանել էր․
«Երեխաների հետ երևի կխոսեմ այն մասին, որ կարևորը համաշխարհային մշակութային արժեքներով հարստանալն է ու դրանց միջոցով գտնել ճանապարհը՝ շուրջը տիրող քաոսից ազատագրվելու»։
Կրթամշակութային ծրագիրն այս տարի իրականացվում է նոր ձևաչափով․ արվեստագետ-աշակերտ հանդիպման վայրը ոչ թե դասարանն է, այլ՝ մշակութային կենտրոնը։ Ծրագիրը կշարունակվի մինչև նոյեմբեր։ Նախատեսվում է կազմակերպել 30 հանդիպում՝ Հայաստանի բոլոր մարզերի մշակութային կենտրոններում։ Նախապես կհայտարարվեն մարզ այցելության օրերը, դպրոցները նախապես կգրանցվեն՝ ասում է «Քո արվեստը դպրոցում» ծրագրի ղեկավար Մանե Մկրտչյանը․
«Ծրագրի գլխավոր արժեքն այն է, որ անմիջական շփման հնարավորություն ունեն արվեստագետները և աշակերտները, ինտերակտիվ զրույցներ անցկացնելու, հարց ու պատասխանի հնարավորություն կա»,-ասում է Մանե Մկրտչյանը։
Ծրագրի շրջանակում աշակերտները հնարավորություն կունենան հանդիպելու արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների՝ նկարիչների, երաժիշտների, գրողների, դերասանների և այլոց հետ։ Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Մարի Սարգսյանն անցած տարի ծրագրին չի մասնակցել, այս տարի ցանկացել է մասնակցել, հատկապես երբ իմացել է, որ առաջին հանդիպումը թատրոնում է լինելու ․
«Ես կինոն եմ նախընտրում, իրականում դա ինձ համար շատ հետաքրքիր աշխարհ է ու անգամ ապագա մասնագիտությունս եմ ընտրել, ուզում եմ կինոռեժիսոր դառնալ»։
Ծրագիրը փորձելու է ամրապնդել դպրոց-մշակութային օջախ, արվեստագետ-աշակերտ կապը՝ իր խոսքում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Հանդիպումները կտեսանկարահանվեն և հասանելի կլինեն ծրագրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որտեղ կանցկացվեն նաև խաղ վիկտորինաներ՝ դպրոցականների հետարքրքությունն ու ներգրավվածությունը մեծացնելու համար, իր խոսքում նշեց նախարարը։




