ԿարևորՀասարակություն

Ուտելիք՝ դեղի «փաթեթավորմամբ»․ համացանցում բիոհավելումների անօրինական վաճառքն անվերահսկելի է

Հայաստանում այսօր դեղերի կողքին ու երբեմն դեղերի անվան տակ վաճառվում են կենսաբանորեն ակտիվ հավելումներ, իսկ դրանց պարտադրված ներկայությունն ու գովազդը շատ հաճախ մոլորեցնում են մարդուն, թե դա կարող է փոխարինել բժշկի խորհրդատվությանն ու գրանցված դեղերին։ Այստեղ գործում է առևտրի սխեմա․ դեղատները երբեմն գումարի դիմաց ցուցափեղկերի ամենատեսանելի վայրում հենց կենսակտիվ հավելումներ են տեղադրում ու ուղղորդում դրանք ձեռք բերել, երբեմն էլ նշանակող բժիշկը դրանց վաճառքի դիմաց կոնկրետ տոկոս է ստանում․ ասենք՝ 100 հազարից 15-20 հազար դրամը։ Մինչդեռ դրանք ընդամենը սնունդ են ու մարդկանց վրա ֆիզիոլոգիական ազդեցություն չունեն։

Թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանը երեք տարի աշխատեց դեղատանը, ուր ակտիվության շնորհիվ աչքի ընկավ ոչ միայն հաճախորդների, այլ նաև կասկածելի գործունեություն ծավալող մարդկանց մոտ․

«Ինձ կանչել էին սրճարան, որը ներկրում էր բիոակտիվ հավելումներ սուրճի, թեյի տեսքով ու ապրանքը իրացնելու համար այնպիսի գովազդ էր անում, որ եթե մեկը, ով ընդհանրապես կապ չունի բժիշկության հետ, ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ գնելու է տեսականին»։

Համացանցում, դեղատներում, անգամ սրճարաններում այսօր քողարկված ագրեսիվ գովազդի միջոցով մարդկանց առաջարկվում է գնել ամենատարբեր կենսաբանական ակտիվ հավելումներ։ Այս առաջարկներն ուղեկցվում են ամենատարբեր խոստումներով՝ թե դրանք բուժում են, երկարացնում են կյանքը,  օգնում են նիհարել կամ նույնիսկ երջանկացնում են։ Իրականում դեղահաբի տեսք ունեցող, բուժել խոստացող ամեն ինչ չէ, որ դեղ է։ Դրանք ընդամենը սննդի տեսակ են, ուստի դրանց շրջանառությունը դուրս է դեղերը վերահսկող կառույցների ուշադրությունից։ Վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանի մտահոգությունը․

«Դրանք խիստ ստուգում չեն անցնում, հիմնականում չգիտենք՝ ինչ են պարունակում, որովհետև Հայաստանում չկա մարմին, որը զբաղվում է դրանց ստուգմամբ։ Ընդհանրապես աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ զբաղվում են ստուգմամբ։ ԱՄՆ–ում, օրինակ, տղամարդկանց համար նախատեսված բիոակտիվ հավելումներում հայտնաբերվել են ռեպատենտներ, որոնք տղամարդկային հորմոններ են, ու իրենց էդտեղ գտնվելն անթույլատրելի է»։

Հայաստանում խիստ ստուգումների բացակայության պայմաններում կենսաբանական ակտիվ հավելումները գովազդվում են բացահայտ կամ քողարկված ու, ըստ Ռուբեն Ստեփանյանի դիտարկման, սպառվում են մեծ ծավալներով։ Բժիշկը երկու տարի առաջ սրանում համոզվելու առիթ է ունեցել․ մասնակցել է սեմինարի, որը սովորեցնում էր հավատալ կենսաբանական ակտիվ հավելումների «կախարդական» ազդեցությանը և գովազդել այն։ Սեմինարի մասնակիցը 5 հանդիպումից հետո պետք է զբաղվեր հավելումների իրացմամբ՝ վաճառքից տոկոս ստանալու պայմանով։ Աշխատանքը կատարվում էր ֆինանսական բուրգի մեխանիզմով․

«Իրենք ունեն փոքր սարք, որը միացնում են մարդու մատին, ու սարքի վրա գրվում է, թե ինչ հիվանդություններ ունի։ Ամեն ինչը երևում է համակարգչի էկրանին ու առաջարկվում է, թե մարդը բիոակտիվ ինչ հավելում պիտի օգտագործի, որ բուժվի։ Նույն մարդուն երկրորդ անգամ նույն «հետազոտությունը» չեն անցկացնում, որովհետև նույն արդյունքը չի ստացվում։ Ես նույն այդ «հետազոտությունը» փորձել եմ երշիկի վրա, երշիկի մոտ գիտե՞ք ինչեր հայտնաբերվեց․․․ ուներ մազաթափության, նյարդային համակարգի խնդիր»։

ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքը սահմանում է, թե որն է հատուկ նշանակության սննդամթերքը և արգելում է դրա գովազդը։ Առողջապահության նախարարությունից «Ռադիոլուր»–ին փոխանցում են՝ իրենք կենսաբանական ակտիվ հավելումների հետ որևէ առնչություն չունեն, վերահսկողական բոլոր հարցերով զբաղվում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։ ԱՆ Դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը տեղեկացնում է՝ իրենք հավելումների հետ առնչվում են միայն այն դեպքում, եթե ներմուծողը ցանկանում է եզրակացություն ստանալ․

«Երբեմն լինում են դեպքեր, երբ ներկրողը դիմում է առողջապահության նախարարություն, նախարարության կողմից ընդամենը տրվում է եզրակացություն՝ դա դե՞ղ է, թե՞ կենսաակտիվ հավելում։ Եթե մեր փորձագետները գնահատում են որ դեղաչափերը գերազանցում են սահմանվածը, ապա նախարարության կողմից հստակ նշվում է՝ սրանք հանդիսանում են դեղեր, գրանցված չեն, և չի թույլատրվում դրանց ներմուծումը»։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հաստատում է՝ համացանցում, սոցիալական ցանցերում իրականացվում է կենսաբանական ակտիվ հավելումների անօրինական և անվերահսկելի վաճառք։

«Ցավոք սրտի՝ մենք դա չենք կարողանում վերահսկել, որովհետև գրեթե բոլոր վաճառողները ֆիզիկական անձինք են, և մենք իրավասություն չունենք ֆիզիկական անձանց նկատմամբ վարույթներ իրականացնել կամ սանկցիաներ կիրառել։ Իրավապահ մարմիններին պետք է ուղարկվեն՝ ոստիկանությանը, որ արգելեն, կարողանան կարգի հրավիրել  նման մարդկանց, օրինազանցներին, եթե չասենք հանցագործներին»։

Սննդի անվտանգության տեսճչական մարմնի ղեկավարի խոսքով՝ ցավոք, հասարակության մոտ կա ու գնալով ամրապնդվում է ընկալումը, թե կարելի է կենսաակտիվ նյութերով հիվանդություն բուժել կամ կանխարգելել։ Ավետիսյանը սրան կոշտ բնորոշում է տալիս՝ խավարամտություն ու հորդորում «բլոգեր-բժիշկներից» հեռու մնալ։

«Գնում են, մասնագետներին չեն հարցնում, այլ բլոգերների հետ են շփվում, և նրանց բուժումները կամ հարևանի հարսի կարծիքն են հաշվի առնում։ Դրա համար մենք լուրջ խնդիրներ ենք ունենում»։

Ինչպե՞ս է ստացվում, որ կենսաակտիվ հավելումների առկայությունը հայաստանյան շուկայում գնալով ավելանում է առանց վերահսկող մարմնի թույլտվության և ֆիզիկական անձը կարողանում է վաճառել դրանք․ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը պարզաբանում է՝ օրենքի վերջին փոփոխություններն էլ են դրա համար նախապայման ստեղծում։

«Շատ հաճախ մարդիկ կարող են բերել տարբեր փոստային ծառայությունների միջոցով մինչև 5 կգ, որը կենսաակտիվ հավելումների դեպքում բավականին մեծ քանակ է, բերել և վաճառել առանց որևէ վերահսկողության։ Գործող օրենսդրության շրջանակներում է դա արվում, դա կոչվում ա սեփական օգտագործման համար բերվող չգիտեմինչեր»։

Կենսաակտիվ հավելումներին վերագրվող խոստումներ այսօր այնքան շատ են հնչում, որ մարդն, անկախ իր կամքից, ենթագիտակցորեն հակվում է դրանք կիրառելուն։ Անվերահսկելիության այս պայմաններում վերահսկող կառույցի ղեկավարը տեսնում է իրավապահ մարմինների աջակցության կարիքը։

Կարդացեք նաև

Back to top button