
Որպես փարատում հանրության շրջանում որոշ մտահոգությունների ու կասկածների՝ այսօր փոխվարչապետի ժ/պ Տիգրան Ավինյանն ու առողջապահության նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանը հրապարակայնորեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, ընդ որում՝ ստացել են AstraZeneca պաստվաստանյութ, որի մասով էլ հենց որոշ կասկածներ կան։ Անահիտ Ավանեսյանը պատվաստվելուց հետո իրեն շատ լավ է զգում, ասում է՝ հիմա նույնիսկ ավելի ակտիվ է, իսկ Ավինյանը որևէ փոփոխություն չի զգում։
«Բացարձակ կարևոր չէ, թե առկա որ պատվաստանյութով ես պատվաստվում, բայց հաշվի առնելով, որ շատ հարցեր կային AstraZeneca–ի հետ կապված, ես որոշեցի իմ օրինակով ցույց տալ, որ այն անվտանգ, արդյունավետ և անվնաս պատվաստանյութ է»,– ասում է նախարարի ժ/պ Անահիտ Ավանեսյանը։
Ավինյանը հարցին այլ կողմից է մոտենում, ասում է՝ աշխարհի շատ երկրներում պատվաստման գործընթացը նպաստել է տնտեսական իրավիճակի բարելավմանը։
«Միանշանակ մեր քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել, խրախուսել որպեսի Covid19-ի դեմ պատվաստվեն»,– ասում է Տիգրան Ավինյանը։

Հայաստանում արդեն շուրջ 600 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Պատվաստման մեկնարկից ի վեր՝ երկու շաբաթվա ընթացքում, օգտագործվել է շուրջ 2640 դեղաչափ պատվաստանյութ։ Սա տարածաշրջանում պատվաստման ամենացածր ցուցանիշն է, օրինակ՝ Թուրքիայում արդեն պատվաստվել է բնակչության շուրջ 13%–ը, Ադրբեջանում՝ 7%–ը, իսկ Վրաստանում՝ 0.5%–ը։ Իսրայելը պատվաստել է բնակչության շուրջ 62%–ին, այդ թվում՝ 70 և բարձր տարիքային խմբի բնակչության 88%-ից ավելիին:
ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասում է՝ Հայաստանում օրական 4-5%-ով աճում է պատվաստումների թիվը, սրան զուգահեռ, սակայն, շարունակում է կայուն լարված մնալ համաճարակով պայմանավորված իրավիճակը․ օրական արձանագրվում է վարակման 800-1000 նոր և 10-ից ավելի մահվան դեպք։
«Մեր գերագույն նպատակը մահերը հնարավորինս կանխելն է, հոսպիտալացումները քչաչնելը և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելը։ Այս պահին մեր նպատակը չէ վիրուսի շրջանառության վրա ազդելը։ Եթե առաջիկայում ունենանք շատ մեծ քանակի պատվաստանյութեր, արդեն մեր նպատակն էլ կփոխենք»,– ասում է Գայանե Սահակյանը։

Աշխարհը կանգնած է covid-պատվաստանյութերի դժվար ընտրության առաջ, Հայաստանն այս պահին կողմնորոշվել է դրանցից երեքի հարցում՝ ռուսական, բրիտանաշվեդական, չինական։ Վերջինի մասով որոշումը նոր է կայացվել։ Հայաստանն արդեն ներմուծել է 24000 դեղաչափ AstraZeneca, առաջիկայում կներմուծվի նաև ռուսական արտադրության Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակ` 43000 դեղաչափ՝ շուրջ 21 հազար մարդու համար։
«Առաջիկայում սպասում ենք պատվաստանյութի նոր խմբաքանակ չինական արտադրության «Sinofarm» պատվաստանյութից։ Հետագայում Covax նախաձեռնության շրջանակներում նաև այլ պատվաստանյութեր կլինեն»,– ասում է ԱՆ ներկայացուցիչը։
Ապրիլի 28-ի դրությամբ 1.1 միլիարդ դեղաչափի պատվաստում է իրականացվել աշխարհի ավելի քան 170 երկրներում։ Գայանե Սահակյանը հիշեցնում է՝ պատվաստումից, հատկապես դրա առաջին դեղաչափը ստանալուց հետո էլ չպետք է մոռանալ հակահամաճարակային անվտանգության կանոնների ու դիմակների մասին․ մեկ ներարկումով դեռ իմունիտետ չի ձեւավորվում։ Իսկ պատվաստվածների մոտ հետպատվաստումային բարդություններ, խնդիրներ չեն դիտվել՝ ասում է մասնագետը։
«Պատվաստվածների շրջանում առողջական որևէ լուրջ խնդիր չի գրանցվել․ թեթևակի ջերմության բարձրացում, որոշակի տեղային ռեակցիաներ, ընդհանուր թուլություն, գրիպանման նշաններ, որոնք բոլորը կարճատև են և կարճ ժամանակ անց անցնում են»,-ասում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։
Առողջապահության նախարարությունում շեշտում են՝ ամեն ինչ անելու են հնարավորինս մեծաթիվ մարդկանց պատվաստելու համար։ Վստահ են՝ դա հնարավորություն կտա շուտ վերադառնալ բնականոն կյանքին։ Գայանե Սահակյանը ներկայացնում է՝ Covid-պատվաստման կարգում փոփոխություններ են եղել։ Այժմ կարող են պատվաստվելու համար հերթագրվել 18-ից բարձր բոլոր ցանկացողները, այդ թվում նաև օտարերկրացի՝ Հայաստանում ժամանակավոր կացության իրավունք ունեցող քաղաքացիները։
«Sputnik V պատվաստանյութի մասով քաղաքականությունն այս պահին չի փոխվել, այսինքն՝ կպատվաստվեն ռիսկի խմբի քաղաքացիները՝ հիմնականում բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Հետագայում, եթե մենք մեր բանակցությունների արդյունքում նոր խմբաքանակներ ունենանք, այս քաղաքականությունը ևս փոփոխությունների կենթարկվի»
Այսուհետ ցանկացողները կարող են պատվաստվել իրենց նախընտրած բուժհաստատություններում շաբաթվա բոլոր օրերին։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը շեշտում է՝ պատվաստման համար նախապես որևէ հետազոտություն անցնել պետք չէ։ Պատասխանում է նաև պատվաստումից հետո իմունիտետի պահպանման ժամկետերի մասին հարցին։
«Նույնիսկ հիվանդանալուց հետո հիմա մասնագետները նշում են, որ իմունիտետը պահպանվում է 6-8 ամիս։ Դեռևս պարզ չէ նաև պատվաստանյութերի հետ կապված, հստակ ժամկետ չեն նշում, դա ժամանակը և փորձը ցույց կտա»,-պարզաբանում է Գայանե Սահակյանը։
Covid–ի բոլոր պատվաստանյութերը արտադրման պահից մինչև սպառում ունեն 6 ամիս պիտանելիության ժամկետ։ Հայաստանում առկա Sputnik V պատվաստանյութը պիտանի է մինչև սեպտեմբեր, իսկ AstraZeneca–ն՝ մինչև մայիսի վերջ։





