
Միացյալ Նահանգների նախագահի՝ «Ցեղասպանություն» եզրույթն արտասանելը թուրք հասարակության վրա չի ազդել, քանի որ այդ հանրության հիմնական մասը կրկնում է պետության դիրքորոշումը՝ կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Նրա դիտարկմամբ՝ թուրք հասարակությունն ի ծնե սնվում է ազգայնամոլությամբ, հայերի, հույների նկատմամբ թշնամանքով և պատմական կեղծ փաստերով։ Փոխարենը ավելորդ էյֆորիկ տրամադրություններ և չհիմնավորված սպասումներ կան հայ հանրության մեջ՝ արձանագրում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Միացյալ Նահանգների նախագահի կողմից «Ցեղասպանություն» եզրույթի արտասանելը հայ հանրության մեջ էյֆորիկ տրամադրություններ եւ ավելորդ սպասումներ է առաջացրել՝ կարծում է Միհրդատ Մադաթյանը։ Նրա դիտարկմամբ՝ լավատեսությունն ու ակնկալիքները հիմնավորված չեն։
«Բայդենի ուղերձից քաղաքական դիվիդենտներ են ուզում քաղել, ինչի հաշվին հանրային տրամադրություններ են ստեղծվում։ Սա լավ բանի չի հանգեցնելու։ Կարծում եմ՝ ամեն ինչից չի կարելի օգուտ քաղել, դա ազնիվ չէ»,-ասում է հոգեբանը։
Նրա գնահատմամբ՝ հայ հանրությունը ապատիայի մեջ է և մեծ հիասթափություն չի ունենա, եթե «Հայոց ցեղասպանություն» եզրույթի օգտագործմանը չհաջորդեն գործնական քայլեր ու նախաձեռնություններ։ Թուրքիայի մոտեցումներում էլ տեղի ունեցածը շատ բան չի փոխել՝ նկատում է հոգեբանը և վկայակոչում այն թեզերը, որոնք շարունակում են հնչել Թուրքիայից։
Այս առումով առանձնահատուկ է Թուրքիայի հայ համայնքի վիճակը, ինչը պետք է միշտ նկատի ունենալ՝ կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
«Իրենք առաջինը հարվածի տակ ընկնող խումբն են։ Դրա համար էլ նման դեպքերում միշտ վախեցած-վախվորած են, որ դա կարող է իրենց գլխին ինչ-որ բան բերել»։
Թուրքագետը հենց դրանով է բացատրում Թուրքիայի հայ համայնքի լռությունը, նաև՝ Պատրիարքի բացասական արձագանքը։
«Եթե այդ երկրում Պատրիարք ես, ուրեմն պիտի ինչ-որ խաղի կանոններով առաջնորդվես, սակայն դա չի նշանակում պետության հլու հպատակը լինել։ Կարելի է դիվանագետ լինել։ Իհարկե՝ կապ ունի , թե ով է Պատրիարքը, ինչպես է ընտրվել, ինչ պայմաններում»։
Պատրիարքը խոսում է պետության դիրքերից, իսկ համայնքը լուռ է՝ ամփոփում է զրուցակիցս։
Հոգեբան Միհրդատ Մադաթյանը մեկ այլ դիտարկում է անում․ ասում է՝ այս տարի ապրիլի 24-ին հայ հանրությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր գնաց մի տեսակ ի միջի այլոց։ Դա, հոգեբանի կարծիքով, իր պատճառներն ունի։
«Թուրքական երաժշտությունը՝ այդ կլկլոցները, որ մատուցվում են որպես հայկական երաժշտություն, թուրքի հետ բարեկամություն անելու կոչերը և այլն, ազդում են, որ Եղեռնի հուշահամալիր գնալը լինի դառնա ի միջի այլոց։ Այո, այս մանրուքներից են բաղկացած հանրությունն ու հանրային տրամադրությունները»։
Նույն մանրուքները թուրք հասարակության մեջ ի մի բերելով՝ թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը շեշտում է՝ այդ հասարակությունը պետության հայելին է և հիմնականում կրկնում է այն, ինչ ասում է պետությունը։
«Որովհետև թուրք հասարակությունը պետության պրոպագանդայի տակ է։ Եթե պետությունը, ասենք, այսօր որոշի, որ Հայաստանն այլևս թշնամի չէ, մեկ շաբաթ հետո ամբողջ հասարակությունը Հայաստանը կընդունի որպես բարեկամ կամ ոչ թշնամի»։
Թուրք հասարակության մեջ կան նաև բացառություններ, որոնք փորձում են սեփական դատողություններով առաջնորդվել։ Այս շերտը, սակայն, այնքան փոքր է, որ կարելի է օվկիանոսի մեջ կաթիլ համարել։ Թուրքիայի քաղաքականության կամ հանրային տրամադրությունների վրա այն որևէ ազդեցություն չունի՝ շեշտում է թուրքագետը։
«Թուրք հասարակությանն ի ծնե սովորեցնում են ազգայնամոլ լինել, հարևանների դեմ թշնամաբար տրամադրվել, հատկապես՝ Հայաստանի և Հունաստանի նման հարևանների ։ Իհարկե, նաև սուտ պատմություն են սովորեցնում՝ արդեն կաղապարված կարծրատիպերով»։
Ու քանի դեռ այդպես է, պետք է ազգային արժեքներով ապրող սերունդ կթենք ու մեծացնենք՝ ամփոփում է հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Գործընթացը, նրա գնահատմամբ, խարխլվել է, ինչի իրավունքը չունեինք։






