
Վրաստանը տնտեսական ճգնաժամի շեմին է՝ ահազանգում են փորձագետները։ Ազգային արժույթը ռեկորդային անկում է ապրել՝ հանգեցնելով մի շարք մթերքների գների կրկնակի աճի։
Լարին կայունացնելու համար երկրի իշխանությունները մտածում են տուրիզմի սահմանափակումների մեղմացման և ցամաքային սահմանները բացելու մասին։
Հարավկովկասյան տարածաշրջանում արդեն մեկ տարի ժամանակ առ ժամանակ ամենախիստ սահմանափակումները գործում են Վրաստանում։ Բացի այդ, Վրաստանն աշխարհում ամենակոշտ արգելքներ կիրառող երկրների շարքում 6-րդ հորիզանականն է զբաղեցնում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչ սահմանափակումների չեղարկումը երկիրն օրական կորցնում է 16 մլն լարի (մոտ 4.7 մլն դոլար)։
Վրաստանը տարածաշրջանում ամենաբարձր գնաճով երկրների եռյակում է (առաջին տեղում Թուրքիան է՝ 15,61%, երկրորդում՝ Վրաստանը՝ 7,2% , Ռուսաստանը՝ 5,67%)։ Համեմատելով իրավիճակը Վրաստանում ու Հայաստանում՝ Թբիլիսիի պետական համալսարանի վերլուծության ու կանխատեսման կենտրոնի ղեկավար Վախթանգ Չարայան «Ռադիոլուրին» ասում է․
«Հայաստանում փոխարժեքը տարածաշրջանի կտրվածքով համեմատաբար կայուն է, բայց պետք է նշել, որ Հայաստանի ներգրավվածությունը համաշխարհային տնտեսության մեջ Վրաստանից պակաս է։ Վրաստանի վրա ազդում է նաև ամենամեծ առևտրային գործընկեր Թուրքիան, որտեղ լիրան զգալիորեն արժեզրկվել է»։
Ըստ փորձագետի՝ արդյունքում, չնայած Հայաստանն անցավ պատերազմի միջով, սակայն Վրաստանում իրավիճակն ավելի վատ է, քանի որ երկրի վրա արտաքին գործոնների ազդեցությունն ավելի մեծ են։
Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի փոխնախագահ Նիկա Շենգելիան նշում է, որ 44 օր պատերազմի մեջ գտնված հարևան Հայաստանը տնտեսական շատ վատ վիճակում չէ։
«Անշուշտ վրացական լարին ավելի շատ է արժեզրկվել, քան հայկական դրամը, պատճառը Վրաստանի կառավարության շուրջ երկու տասնյակ տարիների սխալ տնտեսական քաղաքականությունն է։ Վրաստանի տնտեսական քաղաքականությունը հիմնականում հիմնված է տուրիզմի վրա»։

Վրաստանի իշխանությունները լարիի կայունացման համար մի շարք քայլեր են ձեռնարկել, դրանցից մեկը, ըստ Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի՝ տնտեսության «շարժիչ ուժի»՝ տուրիզմի ակտիվությունն է․
«Մենք տուրիզմի վերականգնման համար գրեթե վերացրել ենք հիմնական սահմանափակումները: Անցկացվում է պատվաստման գործընթաց, որը կկանխի երրորդ ալիքը: Զբոսաշրջությունը երկիր կբերի լրացուցիչ արտարժույթ: Այժմ քննարկում ենք՝ ինչ պայմաններով կարող ենք բացել ցամաքային սահմանները»:
Վրաստանն օդային սահմաններն արդեն բացել է մի շարք երկրների, այդ թվում և Հայաստանի քաղաքացիների համար։ Սակայն տնտեսագետ Նիկա Շենգելիան ասում է․
«Մենք անցյալ տարի մարտին հայտարարեցինք՝ ամենաքիչը երեք տարի չի լինի տուրիզմ, ողջ աշխարհում է այդպես։ Հիմա ոլորտն աշխուժացնելու նոր պայմաններ են սահմանվելու՝ մասնավորապես կովիդ անձնագրերի առկայություն և այլն։ Ես չեմ կարծում, թե 2021-ին կամ 2022-ին տուրիզմում էական փոփոխություն կլինի»։
Թբիլիսիի պետական համալսարանի վերլուծության ու կանխատեսման կենտրոնի ղեկավար Վախթանգ Չարայան «Ռադիոլուրին» ասում է․
«Հնարավոր է, որ սահմանների բացումը որոշակի հնարավորություն տա տնտեսությանը, բայց պետք է գիտակցենք՝ չի կարող լինել այնպես, ինչպես մինչ համավարակը։ Մենք 2019-ին հյուրընկալել ենք զբոսաշրջիկների ռեկորդային քանակ՝ 9 մլն։ Հիմա, եթե բոլոր սահմաններն էլ բացենք, 9 մլն չենք ունենա: Հետևաբար, մենք սահմանները բացելով չենք փրկելու տնտեսությունը, ընդհակառակը միգուցե կանգնեք առողջապահական համակարգի ծանր կոլապսի առջև»։
Այսօր, երբ աշխարհը կորոնավիրուսի երրորդ ալիքի շեմին է, ըստ փորձագետի, պետք է ուսումնասիրվի, թե սահմանների բացումը որքանով կվերականգնի երկրի տնտեսությունը։
Նա դժվարանում է կանխատեսել, թե տարածաշրջանում որ երկիրը արագ կվերականգնի տնտեսությունը, քանի որ պատվաստման գործընթացը որևէ երկրում գոհացուցիչ չէ։




