ԿարևորՀասարակություն

Աջակցության նոր ծրագրեր կարող են լինել, բայց պարտքի ավելացման հաշվին. Ֆինանսների նախարար

Վերականգնվո՞ւմ է Հայաստանի տնտեսությունը համավարակի սահմանափակումներից  և պատերազմից հետո. գնահատականները տարբեր են հենց իշխանության ներսում: Պետական եկամուտների կոմիտեում տնտեսության վերականգնման միտումներ են արձանագրել, մինչդեռ Ֆինանսների նախարարությունում կարծում են, որ դեռ վաղ է խոսել համավարակի հետևանքները հաղթահարելու մասին:

Ամեն օր գրանցվում են քովիդով հիվանդանալու բազմաթիվ դեպքեր, խստացվում են հակահամաճարակային կանոնները, բայց կգնա՞ կառավարությունը տնտեսական նոր սահմանափակումների՝ դեռ հայտնի չէ: Անձամբ էկոնոմիկայի նախարարը դեմ է դրան, իսկ Ֆինանսների նախարարը չի բացառում, որ համավարակի բացասական ազդեցությունը չեզոքացնելու համար կարիք լինի լրացուցիչ ֆինանսական հատկացումների, իսկ դա հնարավոր է միայն բյուջեի դեֆիցիտն ավելացնելու դեպքում։

Առողջապահությունը պայքարում, բայց  համավարակի դեմն առնել առայժմ չի կարողանում, իսկ ինչպես է դրա հետևանքները փորձում չեզոքացնել տնտեսությունը. հարցի պատասխանը տարբեր է: Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, ելնելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ կառույցի կատարած վերլուծությունից, վստահեցնում է՝ տնտեսությունը վերականգնվում է։

«Դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի վերլուծական տվյալներից՝ ես փաստում եմ՝ այո, տնտեսությունը հստակ վերականգվում է։ Դրա մասին են խոսում և՛ առևտրաշրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը»,- ասում է Հովհաննիսյանը։

Ֆինանսների նախարարության տվայլներով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին գրեթե բոլոր հարկատեսակներով անկում է արձանագրվել։ Ամենամեծ անկումը  ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ), ակցիզային հարկի ու շահութահարկի գծով է։ Ֆինանսների նախարարի մտահոգված է ոչ միայն հարկերի հավաքման ցածր մակարդակով:

Համավարակը՝ ծանր հետևանքներով, մնում է չհաղթահարված ամբողջ աշխարհում։ Անցած տարի այս օրերին դրական սպասումներ կային: Կանխատեսվում էր, որ 2020–ի երրորդ եռամսյակում արդեն տնտեսությունը կվերականգնվի, և դժվար էր հավատալը, որ համավարակն էլ, նոր թափով, կտեղափոխվի 2021 թվական:

«Ցավոք սրտի մենք այսօր չենք կարող արձանագրել, որ համավարակը նվազել է, քանի որ այն շարունակում է չճանաչված մնալ՝ որքան էլ ամբողջ աշխարհը ջանք է գործադրում։ Հետևաբար, մենք ստիպված գործում ենք անորոշության բարձր պայմաններում»,- ասում է Ջանջուղազյանը։

Էկոնոմիկայի նախարարը դեմ է տնտեսության մեջ նորից սահմանափակումներ կիրառելուն: Հատկապես, որ դեռ ֆինանսական հստակ գնահատական չկա,թե ինչ գին ունեցավ լոքդաունը Հայաստանի տնտեսության վրա։ Ֆինանսների նախարարը չի բացառում, որ համավարակի բացասական ազդեցությունը չեզոքացնելու նպատակով նոր միջոցառումների, մասնավորապես, ֆինանսական հատկացումների կարիք լինի։

Միայն 2020–ին 25 հակաճգնաժամային միջոցառում է իրականացվել։ Դրանք մասամբ սոցիալական բնույթի էին, մասամբ էլ՝  տնտեսական՝ բիզնեսին աջակցելու համար: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավաննեսյանի կարծիքով ծրագրերը հասցեատերերին հասել են:

Ասում է. «Ծրագրերը նաև որոշակի արդյունք են տվել։ Դրա մասին են վկայում նաև տնտեսական որոշ դրական ցուցանիշներ։ Օրինակ, չնայած կանխատեսվում էր, որ տնտեսական անկումը մեծ  է լինելու, սակայն, այն այդքան էլ  սուր չեղավ: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ երբ սկսում էինք հակաճգնաժամային միջոցառումների իրականացումը, համավարակի ավելի կարճ ժամկետներ էին կանխատեսվում»։

Միջոցառումները կոնկերտ թիրախներ ունեին։ Հակաճգնաժամային երկրորդ միջոցառումը, որն  աջակցություն էր գյուղատնտեսության ոլորտին, ուղղված էր երկրում պարենային անվտանգության ապահովմանը:  Ստացվեց։ Փոխնախարարի գնահատմամբ՝ համավարակի բացասական ազդեցությունը չեզոքացնողմիջոցառումները թիրախային էին։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համակարծիք է: Ասում է, որ  աջակցության նոր ծրագրեր կարող են լինել, բայց միայն արտաքին  պարտքի ավելացման հաշվին.

«Այս ընթացքում բիզնեսը չի կարող անտեսվել, քանի որ հենց բիզնեսն է տնտեսական աճ գեներացնում։ Սակայն, աջակցելու համար պետք է մեկ այլ հանգամանք  ևս հաշվի առնենք: Բոլորը աջակցության մասին խոսում են, սակայն, մոռանում են, որ դա հնարավոր է միայն բյուջեի դեֆիցիտն ավելացնելու հաշվին։ Երբ որ մենք խոսում ենք առանձին միջոցառումների մասին, շատ շռայլ ենք, սակայն, երբ պարտքի մասին ենք խոսում, սկսում ենք ասել, որ պարտքն աճում է։ Գործնականում չկա և չի կարող լինել որևէ երկիր, որն առանց պարտքի կարողանա առնվազն մեղմել ճգնաժամի ազդեցությունը»,- նշում է Ջանջուղազյանը։

Ըստ Ֆինանսների նախարարության՝ Հայաստանի պետական պարտքը 2021թվականի փետրվարի 28–ի դրությամբ 4 տրիլիոն 606 մլրդ դրամ է։ 2020-ի դեկտեմբերի վերջին եղել է 4 տրիլիոն 164 մլրդ դրամ. ավելացել է 18.6%-ով:   

Կարդացեք նաև

Back to top button