ԿարևորՀասարակություն

Ֆեյքի դեմ պայքարի փորձ․ մասնագետները կասկածում են

Զրպարտության ու վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցումների խստացումից հետո շրջանառության մեջ նոր օրինագիծ է, որը պայմանականորեն Ֆեյքերի դեմ օրենք անվանումն է ստացել։ Առաջարկվում է քրեականացնել կեղծ աղբյուրների կողմից ապատեղեկատվության տարածումը։ Հեղինակները փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորվում են Հայաստանում ապատեղեկատվության ծավալների ավելացմամբ ու այդ երևույթի հանրային վտանգավորությամբ։ Ոլորտի մասնագետները կասկածում են՝ առաջարկն ավելի շատ խնդիր կստեղծի, քան կլուծի։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է սահմանել «ֆեյք աղբյուր» հասկացությունը և քրեականացնել դրա միջոցով ապատեղեկատվության հրապարակումն ու տարածումը։

Ֆեյքերի դեմ պայքարելու համար պատգամավորն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում, նաև՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում։

Եթե օրենսդրական փաթեթն արժանանա Ազգային ժողովի հավանությանը, ապա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ կեղծանուն աղբյուրի միջոցով համացանցում ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելու համար կսահմանվի տուգանք  50–100 հազար դրամ: Իսկ եթե նույն արարքը կատարվի շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ, հինգից ավելի կեղծանուն աղբյուրների միջոցով, ապա տուգանքը կհասնի 1 մլն դրամի։ Արարքը կպատժվի ազատազրկմամբ, եթե կատարվի կազմակերպված խմբի կողմից։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կասկածում է, որ առաջարկը կլուծի ապատեղեկատվության դեմ պայքարի խնդիրը։

«Ցանկացած օրենք պետք է իրատեսական և իրագործելի լինի, հակառակ դեպքում անիմաստ է ընդունել։ Կարծում եմ՝ սոցցանցերում հնարավոր չէ այնքան լուրջ վերահսկողություն ունենալ, որը թույլ կտա շատ հստակ ապացուցողական բազա ունենալ, որ մարդիկ, օրինակ, խմբով վարել են այդքան քանակի ֆեյք։ Իսկ նման գործիքակազմի առկայությունը ևս խնդիր է․ նշանակում է, որ գերվերահսկողություն կա հասարակության մեջ, ինչը դեմ է ժողովրդավարական սկզբունքներին»։

 «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սահմանվում է «կեղծանուն աղբյուր» հասկացությունը։ Այն համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը, բջջային հավելվածի օգտահաշիվը կամ ալիքն է, որի տնօրինողի նույնականացման տվյալները հրապարակված չեն նույն աղբյուրում կամ հանրահայտ չեն։ Սոցցանցերում իրականի և կեղծի սահմանները հեղհեղուկ են՝ նկատում է մեդիափորձագետը և զգուշացնում՝ բազմակիրառելի օրինագիծ է, որը կարող է բացասական տարբեր հետևանքներ ունենալ։

«Առաջինն այն է, որ կպահանջվի հետագայում ստեղծել տեխնիկական հնարավորություններ, օրինակ՝ ԱԱԾ–ի բազայի վրա, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրակրկիտ վերահսկել բոլորի շարժը սոցցանցերում և գտնել ֆեյքերին։ Սա նշանակում է, որ անձնական կյանքի իրավունքի, նաև ժողովրդավարության հարցում լուրջ նահանջ ենք ունենալու։ Երկրորդն այն է, որ կարող է դառնալ մանիպուլյատիվ գործիք քաղաքական հետապնդումների համար»։

Եթե կա կեղծիքը բացառելու ցանկություն, ապա պետք է լինի նաև ճշմարտության միանշանակ ընկալում՝ ասում է փորձագետը։

«Շատ դեպքերում դժվար է հասկանալ՝ ճիշտը ո՞րն է։ Հաճախ լինում է, որ, օրինակ, պետական կառույցները ինչ–որ բան հերքում են, 2 օր հետո պարզվում է՝ ճիշտ էր։ Ստացվում է, որ օրենքի ուժով մարդուն կարող են դատել, որովհետև այդ պահին պաշտոնապես կհայտարարվի, որ իր տարածածը ֆեյք է։ Ճշմարտությունը մի քիչ բարդ բան է»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նույնպես կարծում է, որ ֆեյքերի դեմ պայքարելու առաջարկվող տարբերակը սպասված արդյունքին չի հանգեցնելու․

«Հիմնական խնդիրն այն է, որ հեղինակները շարունակում են պայքարել կոնկրետ աղբյուրների, և ոչ թե կոնկրետ բովանդակության դեմ։ Կարծում եմ՝ դա մեթոդական սխալ է։ Պետք է ավելի շատ այնպիսի մոտեցումներ ունենալ, որոնք կսահմանափակեն անցանկալի բովանդակության տարածումը, այլ ոչ թե ուղղված կլինեն աղբյուրները պատժելուն»։

Հեղինակները մոտեցումների խստացումը հիմնավորվում են Հայաստանում ապատեղեկատվության ծավալների ավելացմամբ ու այդ երևույթի հանրային վտանգավորությամբ։ Մասնագետները կասկածում են, թե առաջարկվող լուծումները կլուծեն խնդիրը։

Համոզված են՝ լուծումը հստակ, օպերատիվ և անխափան պետական տեղեկատվական քաղաքականություն վարելն է, որը դաշտում կեղծ լուրերի համար տեղ չի թողնի։

Կարդացեք նաև

Back to top button