
Հայաստանի և Արցախի սահմաններում հարաբերականորեն կայուն է, միջադեպեր չեն գրանցվում՝ այսօր հայտարարել է Հայաստանի զինված ուժերի գխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և հավելել՝ միաժամանակ ընդհանուր լարվածություն կա, որը շարունակում է ազդել սահմանային ծառայության վրա։ Տարածաշրջանի լարվածության թուլացման գլխավոր նախապայմանը Արցախի հիմնախնդրի լուծումն է, որին նախօրեին անդրադարձել է Հայաստանի առաջին նախագահը։
Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցի լուծման հույսը դարձյալ Մինսկի խմբի հետ կապելու մոտեցումը հղի է նորանոր հուսախաբություններով: Մինսկի խմբի մանդատի փոփոխության մասին է ակնարկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Արա Այվազյանն ասել էր, որ Հայաստանին Մինսկի խմբի ուժեղ համանախագահություն է պետք, որը ոչ թե կարձանագրի ներկա իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը։
Որտե՞ ղ փնտրել Ղարաբաղի հարցի լուծման բանալին․ Հայաստանի առաջին նախագահը շարունակում է պնդել՝ լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է։ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը տարիների ընթացքում չի փոխվել։ Նախկինում այս միտքը տարակուսանքով կամ զայրույթով է ընկալվել թե՛ քաղաքական ուժերի, թե՛ փորձագիտական շրջանակների, և թե՛ օրվա իշխանությունների կողմից՝ հիշեցնում է առաջին նախագահը և պնդում՝ Արցախի հարցում մեզ վիճակված ողբերգության գլխավոր պատճառներից մեկն այս իրողության չգիտակցումը կամ անտեսումն է եղել նախորդ երկու և ներկա իշխանությունների կողմից:
«Եթե սա միայն պատմական իրողության արձանագրում լիներ, ես հարկ չէի համարի կրկին անդրադառնալ դրան: Դժբախտաբար, այսօր էլ քաղաքական գրեթե բոլոր շրջանակների ու պետական մարմինների, մասնավորապես Կառավարության անդամների և հատկապես Արտաքին գործերի նախարարության կողմից ակնհայտ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի հարցի լուծման հույսը վերստին Մինսկի խմբի հետ կապելու վերաբերյալ: Այս միտումը հղի է մեզ սպասող նորանոր հուսախաբություններով, եթե ոչ՝ ծանր կորուստներով»,- գրել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Մինսկի խմբի հետ հույսեր չկապելու մասին ուղիղ չի խոսում, բայց կառույցի դերակատարումը փոխելու մասին ակնարկում է Հայաստանի արտգործնախարարը։ Արա Այվազյանի համոզմամբ՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձախողումն էր․
«Պատերազմն ի ցույց դրեց, որ դա նաև համանախագահների գործունեության ձախողումն էր, քանի որ իրենք ոչ միայն կոչված էին ու կոչված են բանակցությունների միջոցով Արցախի հարցի կարգավորման ուղղությամբ ստեղծել բարենպաստ մթնոլորտ, այլև կոչված էին ու կոչված են բացառել հարցի ռազմական լուծումը։ Սեպտեմբերի 27-ը ապացուցեց, որ նրանք ձախողել են իրենց մանդատը»։
Հայաստանի արտաքին գործերի նախարարն ընդգծում է՝ այժմ մեր տարածաշրջանը թևակոխել է նոր մարտահրավերներով մի շրջան, որն հրամայական է դարձրել տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության մեջ շահագրգռված գործընկերների հետ համագործակցության ամրապնդումը:
Այն, որ տարածաշրջանը լարված է, Հայաստանի ու Արցախի սահմաններն էլ հարաբերականորեն կայուն, արձանագրում է նաև ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Սահմաններում հարաբերականորեն կայունություն է, որպես այդպիսին միջադեպեր չեն կիրառվում, սակայն, ընդհանուր լարվածությունը, որ կա, շարունակում է ազդեցություն ունենալ սահմանային ծառայության և մեր ընդհանուր կյանքի վրա»։

Հայաստանը շահագրգռված է բանակցությունները վերսկսել համանախագահների հովանու ներքո, սակայն, Հայաստանին Մինսկի խմբի ուժեղ համանախագահություն է պետք, որը ոչ թե կարձանագրի ներկա իրավիճակը, այլ կղեկավարի գործընթացը՝ կարծում է արտաքին գերատեսչության ղեկավարը։
Արցախյան խնդրի կարգավորման հեռանկարը ՄԽ-ի խմբի ձևաչափո՞ւմ, թե՞ դրանից դուրս․ հարցին ի պատասխան քաղաքագետ Թևան Պողոսյանը նկատում է՝ այն ձևաչափը, որը կբխի մեր շահերից։
«Եթե կկանգնեն երաշխավոր ապագայում, ոչ թե պարզապես առաջարկներ կանեն, միգուցե հետաքրքիր կլինի, բայց եթե նույն ոճով են շարունակելու, ինչ տարբերություն մեկն է, թե երեքը։ Մենք պետք է մի բան գիտակցենք, որ լուծումը մեր ձեռքում է։ Հասարակությունը պետք է այդ լուծումը տա։ Այդ ֆորմատները կարող են մեծանալ, փոխվել, դրանք միշտ ծառայելու են այլոց շահերին։ Մենք՝ որպես երկիր, պետք է սովորենք ապրել սեփական շահերով»։
Համանախագահ երկրներից ՄԽ ձևաչափի ընդգծված միակ պաշտպանն այս փուլում Ֆրանսիան է։ Հայաստանում այդ երկրի արտակարգ և լիազոր դեսպանը հստակ ընդգծել էր՝ Ֆրանսիան համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ մարմինն է, որտեղ հնարավոր է բանակցություններով հասնել խնդրի դիվանագիտական լուծմանը։




