
Ձկնորսներին բերել օրինակա դաշտ՝ Շրջակա միջավայրի նախարարության միջոցառումների նպատակն է, իսկ Սևան ազգային պարկի ողջ տարածքում վերահսկողությունն ավելի է ուժեղացվելու, 24-ժամյա հսկողությանը կներգրավվեն ավելի մեծաթիվ տեսուչներ․ այսօր լրագրողներին տեղեկացրել է գերատեսչության՝ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։ Քննարկվում է ձկնորսությունը մեկ միասնական պետական կառույցի կողմից կազմակերպելու և վերահսկելու հարցը։ Նման փորձ խորհրդային տարիներին եղել է, երբ ձկնորսը գնացել է աշխատանքի, աշխատավարձ ստացել, որսած ձուկը հանձնել պետությանը, որն էլ կազմակերպել է դրա իրացումը՝ բացատրում է Գրիգորյանը։ Առաջարկվող տարբերակն այս մոդելից հեռու չէ․
«Նախատեսվում է մինչև սեպտեմբեր իրականացնել 2-րդ փուլը, այնուհետև կազմակերպել որսը պետական կազմակերպության միջոցով, ինչը կնպաստի ձկնորսների՝ տվյալ կառույցում աշխատելով ավելի կայուն երաշխիք ունենալուն․ ձկնորսները, կառույցում աշխատելով, կունենան աշխատավարձ, կայուն աշխատատեղ ու պարապուրդի ժամանակ կունենան աշխատավարձ։ Այսպիսով դուրս կբերվեն հնարավոր ապօրինության դաշտից»։
Սևանա լճի կենսաբազմազանության ապահովման և ռացիոնալ օգտագործման նպատակով արդյունաբերական ձկնորսության երկրորդ փուլի համար սահմանվել են որսի թույլատրելի նոր չափաքանակ ու պահանջներ․ սիգի համար որսի ընդհանուր չափաքանակը 250 տոննա է, որսի ցանցավանդակի չափերը չպետք է գերազանցեն 40 մմ–ը, որպեսզի բացառվի մանրաձկան որսը։ Ինչպես է կազմակերպվելու ձկնորսության վերահսկողությունը, եւ վարչական ինչ տույժ է նախատեսված դրա համար.
«Հսկողական գործընթացն ավելի կանոնակարգված իրականացնելու գործիքակազմ է ներդրվել։ Սևան ազգային պարկում նախատեսվել է 25 հաստիք պահպանության իրականացման համար, ստեղծվել է պահպանության բաժին, որի աշխատակիցները աշխատում են 4 հերթափոխով՝ 24-ժամյա ռեժիմով։ Պահպանության բաժնի աշխատակիցներին միանում են նաև Սևան ազգային պարկի 5 մասնաճյուղերի տեսուչները»,– նշել է Ոսկեհատ Գրիգորյանը։
«Վարչական իրավախախումների մասին օրենսդրության 89-րդ հոդվածի համաձայն՝ եթե ապօրինաբար ձկնորսությամբ և ջրային որսորդության այլ տեսակներով զբաղվելու վնասը գերազանցում է նվազագույն աշխատավարձի եռապատիկը, այսինքն՝ 3000 դրամը, արդեն քրեական գործ է հարուցվում, վարույթը փոխվում է այլ իրավական դաշտ»,– խախտումների բացահայտման դեպքում սահմանված տույժերի մասով տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչ Արմեն Արաբյանը։
Եթե հասցված վնասը չի գերազանցում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկը, դա առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացու նկատմամբ` 50-100 հազար դրամի, իսկ պաշտոնատար անձի նկատմամբ` 100-200 հազար դրամի չափով՝ որսի միջոցով ձեռք բերվածի, որսի գործիքների, լողունակ միջոցների և դրանց բոլոր այն պատկանելիքների բռնագրավմամբ, որոնք խախտումներ կատարելու գործիք են դարձել:





