ԿարևորՀասարակություն

Եվս մեկ այց Իրան՝ առևանգված օդանավի հետքերով

Հայկական պատվիրակությունն առաջիկա օրերին ևս մեկ այց է նախատեսում Իրանի Իսլամական Հանրապետություն՝ քննարկելու այնտեղ  գտնվող հայկական օդանավի վերադարձի հարցը՝  «Ռադիոլուր»–ի գրավոր  հարցմանն ի պատասխան հայտնել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։  Նախորդ այցը փետրվարի 28–ին էր, պատվիրակության կազմում էին քաղաքացիական ավիացիայի կոմիտեի անդամները՝ կոմիտեի նախագահի տեղակալ Գալուստ Պողոսյանի գլխավորությամբ։ 

Ձեռնարկվում են հնարավոր բոլոր քայլերն օդանավի վերադարձի համար՝ վստահեցրել  են կոմիտեից,   նաև  մանրամասնել, թե երբ և ինչ ուղեգծով է շարժվել հայկական Boeing-ը։    

«Հայկական «Boeing 737-300» օդանավը օդանավի թռիչքչի թույլտվություն է ստացել 2021թվականի փետրվարի 11–ին։ Թռիչքը մեկանգամյա էր՝   Տալլինից Կիև ուղղությամբ։ Թույլտվությունը վավեր էր փետրվարի 12–ից  21-ը։  Օդանավի անձնակազմը, հակառակ նախապես տրված թույլտվության և չպահպանելով Կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը, թռիչքն իրականացրել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում»,-պարզաբանել են կոմիտեից։

Փետրվարի 22-ին մամուլում լուրեր հայտնվեցին հայկական Boeing 737–ի առևանգման մասին։ Փետրվարի 23–ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանեց, որ տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և քայլեր է ձեռնարկում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նաև ընդգծեց, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաև թռիչքի վերգետնյա սպասարկման համար:

Հայկական Boeing-ի դեպքով Ազգային անվտանգության ծառայության քրեական գործ  է հարուցել՝ ինքնաթիռը փախցնելու կամ զավթելու հատկանիշներով։  Իրականացվում է նախաքննություն:

Կարդացեք նաև

Back to top button