
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Երևանում այսօր մեկնարկել է երկօրյա համաեվրոպական խորհրդաժաողով, որի թեման իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներն են: Համաժողովն անցկացվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, մասնակցում են 32 երկրների եւ միջազգային կառույցների մոտ 80 ներկայացուցիչներ:
Ժամանակակից պետությունը պետք է ճկուն լինի, որպեսզի կարողանա արագ արձագանքել փոփոխություններին, բայց պետք են նաև մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի կառավարել այդ ճկունությունը` երևանյան խորհրդաժողովի իր ելույթում նշեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:
Նա և եվրոպական մոտ 30 երկրից Երևան ժամանած պատվիրակությունների ներկայցուցիչներ ՝ խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արդարադատության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ, առաջիկա երկու օրերին քննարկելու են իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներ ու փորձելու են պարզել, թե դրանց կիրառման հարցում հայեցողության ինչ սահմաններ ունեն պետությունները:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ այն, որ երևանյան խորհրդաժողովի աշխատանքներին մոտ 30 բարձրաստիճան պատվիրակություններ են մասնակցում, վկայում է խորհրդաժողովի ընտրած թեմայի արդիականության և հրատապության մասին:
Խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում:
Հայաստանի նախագահության գործոնն իր ելույթում կարևորեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը՝ ընդգծելով, որ նախագահության ընթացքում Հայաստանն արդեն իսկ առաջին ձեռքբերումն ունեցել է՝ Ստրասբուրգում ստորագրելով 15-րդ արձանագրությունը:
Ըստ նրա՝ Հայաստանի համար երկրորդ ձեռքբերում կարող է համարվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության վերջնականացումը, որը նոր հնարավորություն է ազգային դատարանների զարգացման համար:
Նոր արձանագրության նախապատրաստումը կարևոր համարեց նաև Հայաստանի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Նախապատրաստվում է 16-րդ արձանագրությունը, որը նախատեսում է հնարավորություն ընձեռել ազգային դատարաններին առանձին հարցերի քննության ժամանակ խորհրդակցական կարգով դիմելու Եվրոպական դատարան այդ հարցի վերաբերյալ կոնվենցիայի մեկնաբանությունների հստակեցումներ ստանալու վերաբերյալ: Լինում են դեպքեր, երբ մեր դատարանները վճիռը կայացնում է ԵԴ իրավական դիրքորշման վրա հենվելով, իսկ ԵԴ-ն գտնում է, որ ճիշտ հակառակ եզրակացությունն են արել: Սա հնարավորություն կտա բարձրացնել արդարադատության արդյունավետությունը»:
Խորհրդարժողովին Գագիկ Հարությունյանի ելույթը բավականին ընդգրկուն էր: Մեր դիտարկմանը, թե առավելապես տեսական հարցեր շոշափվեցին ու չխոսվեց իրավունքի գերակայության գործնական դրսևորւմների մասին, ՍԴ նախագահն այսպես արձագանքեց.
«Ելույթը տեսական չէր, այն հայեցակարգային էր և այս լսարանի համար էր, որովհետև այստեղ հավաքվել են 80-ից ավելի պրոֆեսիոնալներ, մասնագետներ, որոնք թե հասկացութային, թե բովանդակային առումով պետք է փորձեն լուծումներ գտնել» :
Ինչ վերաբերում է հայաստանյան իրավիճակին, ապա այն գնահատելուց առաջ ՍԴ նախագահը նախ ընդգծում է, որ իրավունքի գերակայության սկզբունքի հաստատումը մեկ օրվա խնդիր չէ, և շարունակական աշխատանք է պահանջում:
«Մեզ մոտ առաջին շրջադարձը այս ուղղությամբ գործնականում եղավ 2005թ.-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, մասնավորապես, 3-րդ հոդվածի ամրագրման շրջանակներում, երբ ճանաչվեց այն հանգամանքը, որ իրավունքներն անմիջական գործող իրավունքներ են և պետությունը սահմանափակված է այդ իրավունքներով: Հետագա օրենսդրական իրացումը, իրավակիրառ ապահովումը խնդրահարույց վիճակում են, որովհետև դեռևս լիարժեք ապահովված չեն»:
Սահմանադրական դատարանը ճնշումների չի ենթարկվում, ասաց Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով դատարանի անկախության մասին լրագրողների հարցին : Հանգամանքը, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներից որևէ մեկը երբևէ չի բավարարվել, ըստ ՍԴ նախագահի, միայն իրավական բացատրություն ունի:
«ՍԴ-ն կատարում է միայն իրավական գործառույթ, իրավական ճշմարտությունն է բացահայտում այն նյութերի հիման վրա, որոնք ներկայացվել են: Այլ բան դատարանը անել չի կարող»:
Իսկ դատարանի գործունեւության արդյունավետությունը գնահատելու փաստերից մեկը, ըստ Հարությունյանի, այն է, որ օրինակ վերջին 4 տարիների ընթացքում ՍԴ-ն 57 գործերով օրենքների այս կամ այն նորմը ճանաչել է հակասահմանադրական: Այս վիճակագրուրթյունն, ըստ Հարությույանի, եվրոպացի փորձագետներին զարմացնում է:
«Այսպիսի քանակ առնվազն նախկին Խորհրդային Միության 5 երկրները միասին վերցրած չունեն»:
Համաժողովը կշարունակվի վաղը: Աշխատանքի ավարտին եզրափակիչ բանաձևի քննարկում և ընդունում է նախատեսվում:




