
Տիգրան Հարությունյանը մեկն է այն 6051 քաղաքացիներից, ում նկատմամբ ոստիկանությունը վարչական տույժ է նշանակել կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու համար։ Դիմակ չկրելու համար սահմանված 10 հազար դրամ տուգանքը Տիգրանը վճարել է սահմանված ժամկետում՝ ըստ սահմանվածի, սակայն չէր էլ պատկերացնում, թե լրացուցիչ ինչ գլխացավանք է իրեն սպասվում։ Իր բնորոշամբ զավեշտալի իրավիճակը զրուցակիցս ներկայացնում է այսպես․
«Ամիսներ անց ԴԱՀԿ–ից ստանում եմ ծանուցագիր-նամակ․ զարմանքս այնքան մեծ էր, որ շատ արագ գնացի ԴԱՀԿ»,- պատմում է Տիգրան Հարությունյանը։
Տուգանքը ժամանակին վճարած քաղաքացու նկատմամբ ոստիկանության կիրառած միջոցները տուգանքով չեն ավարտվել։ Ավելի ուշ Տիգրան Հարությունյանը պարզել է, որ ԴԱՀԿ-ն իր գույքի վրա կալանք է դրել, կիրառել հավելյալ տուգանք, ընդհուպ մինչև հետախուզում է հայտարարվել քաղաքում սովորականի պես ամեն օր աշխատանքի գնացող քաղաքացու գույքի հանդեպ։

«Ինձ ասացին, որ պետք է ներկայացնեմ բանկում կատարածս վճարման կտրոնը։ Ներկայացրի ու ինձ ասացին, որ կտրոնի վրա պետք է գրված լիներ որոշման համարը․ մինչդեռ կտրոնի մեջ նման բան գրելու համար պարզապես տեղ նախատեսված չէ։ Ես հետաքրքրվեցի, թե ինչո՞ւ իրենք չեն տեսնում իմ վճարած տուգանքը։ Ասացին՝ չունեն հնարավորություն տեսնելու վճարված տուգանքների բազան»,– ասում է Տիգրան Հարությունյանը։
Ինչի՞ հետևանքով են առաջացել թյուրիմացությունն ու անհասկանալի խնդիրների շղթան։ «Ռադիոլուրի» զրուցակիցը կարծում է՝ խնդիրն այն է, որ ոստիկանությունը չի կարող և/կամ չի նույնականացնում իր հանդեպ նշանակված տուգանքը վճարման իր կտրոնի հետ։ Այսինքն՝ վճարման կտրոնի վրա որևէ կերպ չի նշվում՝ որ օրվա որ ժամին դիմակ չկրելու համար է տուգանք վճարվում։

«Ստացվում է, որ քաղաքացին տուգանքը վճարելուց հետո պետք է ինքնակամ ներկայանա ԴԱՀԿ և ներկայացնի իր վճարման կտրոնը, որպեսզի իր նկատմամբ վարույթ չհարուցվի»։
«Ռադիոլուրը» պարզաբանում ստանալու համար դիմեց Ոստիկանություն։ Հարցմանը պատասխանելու համար նախ հնգօրյա ժամկետը սպառվեց, հետո 30 օր խնդրեցին պատասխանի համար։ Օրեր անց ստացված գրավոր պատասխանն այդպես էլ չէր պարունակում պատասխաններ։ Պատճառաբանվեց, որ քաղաքացուն նույնականացնելու համար անձնական տվյալներ են պետք։ «Ռադիոլուրի» կողմից տվյալները փոխանցելուց հետո ոստիկանությունը ևս 30 օր պահանջեց, որից հետո մեկնաբանեց․

«Հայտնում ենք, որ վարչական վարույթն իրականացնող մարմինն իրավախախտում կատարած քաղաքացուն ծանուցել է սահմանված ընթացակարգի և վարույթը կարճելու հիմքերի վերաբերյալ»–, ասված է Ոստիկանության գրավոր պատասխանի մեջ։
Սակայն, ի վերջո, այդպես էլ անպատասխան մնացին քաղաքացուն գլխացավանք պատճառած խնդիրներին առնչվող հիմնական հարցերը, մասնավորապես, ինչպե՞ս է կարգավորվում տուգանվողի, տուգանքի ժամկետի և անձի նույնականացումը այն համատեքստում, որ տուգանքի վճարման կտրոնի վրա չի նշվում տուգանքի որոշման համարը, և հնարավոր չէ վճարման անդորրագիրը նույնականացնել տուգանքի որոշման հետ։ Պատասխանը պարունակում էր հետեւյալ միտքը, որից չի բխում պատասխանը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասով նախատեսված է վարչական պատասխանատվություն՝ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու պայմանները, պահանջները խախատելու համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1-րդ մասը լրացվել և ուժի մեջ է մտել 20.05.2020 թվականին, որից հետո ՀՀ պարետի որոշումներով ազատ տեղաշարժելու սահմանափակումներ են հանդիսացել դիմակի և անձը հաստատող փաստաթղթի բացակայությամբ տեղաշարժվելը»։
Ոստիկանությունից հայտնում են, որ առանձին չեն հաշվառում, թե միայն դիմակ չկրելու համար քանի տուգանք է նշանակվել։ Բայց արտակարգ դրության և կարանտինի շրջանում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու հիմքով փետրվարի դրությամբ ավելի քան 180 հազար տուգանքի որոշում է եղել, տուգանքի ընդհանուր գումարը գերազանցել է 1.8 մլրդ դրամը։

«Ռադիոլուրը» փաստացի շուրջ 2 ամսվա ընթացքում ոստիկանությունից երկու գրավոր հարցմամբ այդպես էլ չկարողացավ պարզել՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումներից քանիսն է կատարվել, և որքան գումար է արդեն վճարվել։ Քանի՞ վարչական տուգանք դեռ չի վճարվել, դրանցից քանի՞սն է ուղարկվել ԴԱՀԿ։ Իսկ Հարկադիր կատարման ծառայություննից հայտնեցին․
«Covid-անվտանգության կանոնները խախտելու վերաբերյալ վարչական իրավախախտումների հիման վրա ծառայությունում մարտի 23-ի դրությամբ հարուցվել է շուրջ 41 հազար կատարողական վարույթ, որից շուրջ 40 հազարը՝ դիմակ չկրելու համար»։
Ինչ վերաբերում է Տիգրան Հարությունյանի խնդրին, ապա, վերջինիս տեղեկացմամբ՝ հաշվի վրա կիրառված կալանքից ու, որքան էլ արտառոց է, հետախուզվելու քաշքշուկից իրեն հաջողվել է դուրս գալ բացառապես անձնական կապերով, ծանոթ փաստաբանների միջոցով։ Ի դեպ, հետախուզում հայտարարվել էր տուգանքը ժամանակին վճարած մի մարդու գույքի հանդեպ, որն ամեն օր աշխատում է ուղիղ եթերում։




