ԿարևորՀասարակություն

Ամարասում հոգի ու մարմին են բուժելու. վանական համալիրում կստեղծվի վերականգնողական քաղաք

Ամարասի վանական համալիրում վերականգնողական քաղաք կստեղծվի: Այնտեղ բուժում կստանան պատերազմի մասնակիցները, պատերազմից տուժած խաղաղ բնակիչները: Նրանք կստանան վերականգնողական բուժում և սոցիալական աջակցություն։ Անվտանգությունը, ինչպես Դադիվանքում,  կապահովեն  ռուս խաղաղապահները:  Արցախի թեմը նրանց հետ արդեն բանակցել է։

Հերոսների վերականգնողական քաղաք՝ Ամարասի վանական համալիրում. նախաձեռնությունը «Հայ կենտրոն վերականգնողական քաղաք» բարեգործական կազմակերպությանն է: Վանքի խցերում, որտեղ աղոթել ու ճգնել են վանականները, սոցիալական աջակցություն և հոգեբանական օգնություն կտրվեն պատերազմի մասնակիցներին, նրանց ընտանիքի անդամներին, հարակից  բնակավայրերի բնակիչներին։ Արցախի 3 նախարարություն եւ հոգեւոր թեմը հավանություն են տվել Ստեփանակերտի «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնի հետ համատեղ իրականացվող ծրագրին, որով նախատեսվում է զինվորների  ուսումից մինչև  հոգեբանական վերականգնում, «Ռադիոլուր»-ին ծրագրի մանրամասներն է ներկայացնում ՀԿ նախագահ Սուրեն Արենցը։

 «Նախնական շրջանում վերականգնողական աշխատանքները տարվելու են ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Կիրակին հատուկ է ընտրված, որպեսզի այդ օրը պատարագի ընթացքում զինվորները ստանան նաև հոգևոր սնունդ։ Եվ այդ երեք օրերի ընթացքում լինելու է հոգեբանի, ֆիզիոթերապևտի, լոգոպեդի հետ աշխատանք, լինելու են կերամիկայի, կավագործության, գորգագործության և խեցեգործության դասընթացներ»։

Երեք ամիս Ամարասում կլինեն և ծրագրին իրենց  մասնագիտական աջակցությունը կբերեն «Քերոլայն Քոքսի» անվան կենտրոնի մասնագետները։ Ծրագրի այս փուլի իրականացման համար անհրաժեշտ գումարը կա։ Հետո, երբ  պետական աջակցության կարիք լինի, կդիմեն կառավարությանը։ Այսօր փորձում են գործը գլուխ բերել  բարեգործական հանգանակություններով ու նախատեսում նույնիսկ ընդլայնել նման կենտրոնների աշխարհագրությունը Արցախում և Հայաստանում:  Սուրենն ասում է՝  պատերազմին մասնակցած, դրա հետևանքներն անմիջականորեն կրող ամեն մարդ նոր կյանք սկսելու հնարավորություն պետք է ունենա։

«Այս պատերազմը ցույց տվեց, որ 12 հազարից ավելի ոչ այնքան ֆիզիկական, որքան հոգեբանական խնդիրներ ունեցող զինվորներ ունենք։ Այդքան ընկերների կորուստը, հոգեբանական խնդիրներ ունեն ծնողները, որտեղերկու զավակներն են զոհվել կամ հայր ու որդի, և իրավիճակը հասցրել է հոգեբանական մեծ խնդիրների։ Սրանք հարցեր են, որոնք պետության ուսերին միայն չպետք է մնան։ Եվ պետք է այսպիսի ծրագրերով մեր հայրենիքին տեր կանգնենք»։

Ծրագիրն իրականացվելու է ռուս խաղաղապահների աջակցությամբ եւ անվտանգության ապահովմամբ։ «Նրանք  համաձայնել են լինել անվտանգության երաշխավոր նաև այս հարցում»,- «Ռադիոլուրին» ասել է Արցախի թեմի առաջնորդ  Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: 

«Եթե Ամարասը համեմատենք Դադիվանքի հետ, ապա Ամարասն ավելի անվտանգ է, քանի որ այն մեր տարածքում է գտնվում, բոլոր կողմերից մեր զինվորականներն են կանգնած։ Անվտանգության տեսանկյունից դիտարկելով՝  չեմ կարծում, որ այդտեղ  վտանգ կարող է լինել։ Երկրորդը՝ խաղաղապահներն իրենց համաձայնությունն են տվել, որ  Ամարասը և Ամարասի հոգևոր  վանական կյանքը  պիտի գործեն»։

Ամարասի վանական համալիրի շուրջբոլորը ռուս խաղաղապահները հսկում են առայժմ շաբաթը երեք օր։ Ծրագրի մեկնարկի հետ, հավանական է՝ հերթապահությունը դառնա ամենօրյա: Սրբազան հայրն ասում է՝ վերսկսելու են  պատերազմի պատճառով կիսատ մնացած շինաշխատանքները, իսկ դրանց ավարտից հետո կբացվի վերականգնողական քաղաքը։ Հստակ ժամկետեր դեռ չեն նախանշվում, հնարավոր է՝ մեկնարկ տրվի արդեն ապրիլին, եւ Ամարասում հոգի ու մարմին կբուժեն։

Կարդացեք նաև

Back to top button