
Համավարակով պայմանավորված հեռավար կրթությունը հոգեբանական ազդեցություն է ունեցել դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների վրա․ուսուցիչները դժվարացել են տեխնիկական միջոցներից օգտվելիս, երեխաները օնլայն դասերին ավելի պասիվ են եղել, ծնողներն առավել շատ են ներգրավվել դասապրոցեսում․այս արդյունքները փաստվել են ՀՀ-ում առցանց ուսուցման հոգեբանական ազդեցությունը գնահատող հետազոտությամբ, որն իրականացրել է Մանկական զարգացման հիմնադրամը։
Հեռավար ուսուցումը կազմակերպվեց քովիդի պայմաններում, որն արդեն սթրեսային միջավայր էր ապահովել բոլորի համար՝ ասում է Մանկական զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Արմենուհի Բուրմանյանը։ Նրա կարծիքով՝ համակարգը պատրաստ չէր առցանց կրթության դժվարություններին, ինչը հաստատում են նաև հիմնադրամի իրականացրած հետազոտության արդյունքները։ Ըստ դրանց՝ ամեն 4–րդ ուսուցիչ բախվել է տեխնիկական խնդրի, մեծամասնությունն ընդգծել է, որ իրենցից շատ ավելի ժամանակ է պահանջվել այն աշխատանքների համար, որոնք առկա ուսուցման պայմաններում կարողացել են ավելի հեշտ կազմակերպել:
«77 %-ը նշել է, որ ավելի շատ ժամանակ է պահանջվել աշակերտների հետ հաղորդակցվելու համար: Տնային առաջադրանքները ստուգելու, ծնողների հետ շփվելու, դասերը պլանավորելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվել 63%-ի համար: Ուսուցիչների 1/3-ը նշել է, որ աշակերտները պասիվ են եղել, ավելի շատ են եղել բացակայությունները»,- նշում է Բուրմանյանը։
Ուսուցիչների 16 %-ն էլ նշել է , որ հոգեբանական աջակցություն է ստացել, բայց միայն 3%-ն է դիմել պրոֆեսիոնալ հոգեբանների: Ուսումնասիրությունն անցկացվել է Երևանի և մարզերի 121 դպրոցի 300-ից ավելի ուսուցիչների շրջանում։ Ամեն դպրոցից ընտրվել է 3-ական ուսուցիչ` տարբեր կարծիքներ ապահովելու համար, ուսուցիչներն առցանց են պատասխանել հարցերին:

Իրավիճակը սթրեսային է եղել կրթական պրոցեսի բոլոր մասնակիցների համար՝ ասում է մանկական հոգեբան Վարսի Սենեքերիմյանը։ Տեխնիկական խնդիրներն ու ուսուցիչ–երեխա անմիջական շփման բացակայությունը հանգեցրել են նաև բովանդակային բացթողումների։
«Երեխաները նշում էին, որ դասարանում ուսուցիչն արագ նկատում է իրենց զգացողությունները, դասը չընկալելու անորոշ վիճակը և արագ արձագանքում է ։ Օնլայն դասերի ժամանակ այդպես չէ։ Թեև տարատեսակ միջոցներ են կիրառվել, տարբեր հնարամտություններ են գործի դրվել , բայց բովանդակային առումով բացթողումներ են եղել ու կորել է շփումը երեխայի հետ»։
Հեռավար կրթությունն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև տարրական դասարանի երեխաներ ունեցող ծնողների վրա։ Նրանց միջամտությունը հեռավար դասերի կազմակերպմանը մեծացել է, ինչն էլ բացասաբար է ազդել հատկապես աշխատող ծնողների վրա։ Էմոցիոնալ լարվածությունը մեծացել է այն ընտանիքներում, որտեղ երեխան հեռավար սովորել է, իսկ ծնողը՝ հեռավար աշխատել՝ ասում է հոգեբան-փորձագետԱնի Վարդանյանը։
«Փոփոխությունների այս շրջանն ազդել է մարդկանց կյանքի գրեթե բոլոր կողմերի վրա, փոփոխությունների է ենթարկել ընտանեկան փոխհարաբերությունները»։
Մանկական զարգացման հիմնադրամը թիրախային երեք խմբերի համար մշակել է ուղեցույցներ, թե ինչպես զարգացնել երեխաների ուշադրությունն ու կենտրոնացումը։ Մշակել են նաև նյութեր հեռավար ուսուցման պայմաններում ծնողների՝ երեխաների հետ աշխատելու առանձնահատկությունների մասին։




