ԿարևորՀասարակություն

Զգուշացեք, անգամ եթե արդեն վարակվել եք․ Covid-կանոնների պահպանումն ավելի խիստ կվերահսկվի

Հայաստանը կրկին «կարմիր» գոտում է․ Եվրամիության չափորոշիչներով՝ կորոնավիրուսի տարածումը կրկին մտահոգիչ վիճակագրություն է արձանագրում։ Եթե հունվար-փետրվարին թեստավորվածներից 5-7 տոկոսի մոտ էր հաստատվում վարակը, ապա հիմա արդեն` 16 տոկոսի։ Առողջապահության նախարարության կանխատեսումներով՝ թիվն աճի միտում ունի։ Կորոնավիրուսի հարուցած նոր անհանգստությունը բարձրաձայնվում է գործադիր եւ օրենսդիր մարմիններում։ Հարկ է վերադառնալ դիմակներ դնելու խիստ ռեժիմին․ առողջապահության ոլորտի գլխավոր պատասխանատուի դիտարկումն է։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։

 «Շատ հստակ մեթոդաբանություն կա, մենք ունենք վերարտադրողականության ցուցանիշ, որը եթե հունվար ամսին կազմում էր 0,58 միավոր, ապա ներկայում 1,2 է։ Եվ դա նշանակում է, որ մենք պրոգրեսիվ աճ ենք կանխատեսում»,- նշում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Сфере здравоохранения Армении будет оказана помощь? Аванесян встретилась с  послом Франции

Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքն է սկսվել՝ մտահոգվում են մասնագիտական շրջանակներում։ Համաճարակաբան, դոցենտ Մելանյա Շմավոնյանը քովիդով վարակվածների թվերի աճն այսպես է բացատրում․

«Վերջին մի քանի օրում հիվանդների թիվն ավելացել է, ՊՇՌ հետազոտություններով տոկոսային հաշվարկով ավելի բարձր թվեր են ստացվում, քան մոտավորապես 1-2 շաբաթ առաջ», — նշում է համաճարակաբան, դոցենտ Մելանյա Շմավոնյանը։

Կառավարությանը ենթակա տեսչական մարմինները խստացնում են վերահսկողությունը․ հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ՝ զգուշացնում են պատկան մարմինները։ Նպատակը մեկն է՝ հնարավորինս կանխել կորոնավիրուսի  հետագա տարածումը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ուժեղացված ստուգայցերն այս ողջ ընթացքում չի էլ դադարեցրել՝ տեղեկացնում է կառույցի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը։ «Ռադիոլուր»-ին պարզաբանում է՝ խստացված ռեժիմով աշխատում են դեռ նախորդ հունվարից։ Մինչ օրս աշխատանքների արտակարգ ռեժիմը տեսչականի օրակարգն է։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների եւ ստուգայցերի թիվը

Միայն նախորդ տարվա կտրվածքով շուրջ 33 հազար է։ Միայն այս տարի արդեն մշտադիտարկումները գերազանցում են 6300-ը։ «Խոշորացույցի» տակ են տարբեր ոլորտների տնտեսավարողները ողջ երկրով մեկ։

«Տնտեսավարողների մոտ շատ հաճախ արձանագրվում են խախտումներ․ խոսքը դիմակները չկրելու, ախտահանման միջոցներ չձեռնարկելու, covid-անվտանգության կանոնները ճիշտ չպահպանելու մասին է։ Դրանք ամենատարածված խախտումներն են։ Ցանկացած դեպքում մենք իրազեկում ենք, տալիս խախտումները վերացնելու կարգադրագրեր»,- նշում է Աննա Հարությունյանը։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի մասնագիտական աչքն արձանագրել է՝ խախտումների թիվը նվազել է, մինչդեռ իրենց դիտարկումները, ճիշտ հակառակը, ավելացել են։ Այս տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը ներկայացնում է մինչ օրս արձանագրված covid-անվտանգության կանոնների խախտումներն ու խստացվող մոտեցումները։

«Խախտումների արձանագրման հաճախականությունն արդեն իսկ բավականին նվազել է, դա պայմանավորված է արդեն մեկ տարի ոլորտում իրականացվող վերահսկողությամբ և տնտեսավարողների մոտ պատասխանատվության բարձր մակարդակով»,- ասում է Վահե Դանիելյանը։

Տնտեսավարողներն ավելի բարեխիղճ են դարձել, խախտումները նվազել են, փոխարենը կորոնավիրուսով վարակվածների թիվն է աճել։ Հանրահավաքներն ու զանգվածային ակցիաներն էլ իրենց հերթին են ազդում։ Վերահսկողության խստացումն այլընտրանք չունի․ Վահե Դանիելյանը պարզաբանում է՝

«Խստացումը ենթադրում է տնտեսավարող սուբյեկտների մոտ առավել մեծաթիվ, նույնիսկ կրկնակի այցելություններ, նաև ենթադրում է վարչական պատասխանատվության միջոցների ավելի խիստ կիրառում։ Եթե նախկինում մենք առաջին անգամ կիրառում էինք միայն նախազգուշացում, հիմա գուցե տուգանքի տեսքով պատասխանատվության միջոցներ ևս կիրառենք։ Ավելի խիստ ենք լինելու այն տնտեսավարողների նկատմամբ, որոնց մոտ կրկնակի խախտումներ են արձանագրվել»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մտահոգում է՝ ներկայում բժշկական հաստատություններում ծավալված է 865 մահճակալ, որից զբաղված է 808-ը: Մահճակալների թիվն ավելացվելու է՝ բոլոր քաղաքացիներին պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար։ Հիվանդությունը վարակվածների շուրջ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, իսկ 5 տոկոսի մոտ՝ ծայրահեղ ծանր։ Հայաստանն արդեն այս ամիս նախատեսում է երկիր բերել կորոնավիրուսի պատվաստանյութերն ու ընթացք տալ պատվաստումներին։

«Մի թյուրըմբռնում էլ կա, եթե մարդիկ վարակվել և լավացել են, նրանք ավելի դժկամությամբ են դիմակ դնում։ Բայց մենք որևէ ապացուցված գիտական մոտեցում չունենք, որ այս շտամերով նրանց կողմից վարակումը բացառված է»,-  խոսքն ամփոփում է նախարարը։

Պահպանեք covid-անվտանգության կանոնները, անգամ եթե վարակվել եւ առողջացել եք․ առողջապահության նախարարի խնդրանք-հորդորն է։

Back to top button