
2020 թվականը փորձությունների, դժվարությունների, նոր դասեր քաղելու տարի էր նաև կրթական համակարգում, արձանագրում է ԿԳՄՍ հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը։ Փորձը ցույց տվեց, որ հեռավար կրթությանը պատրաստ չէին ոչ ուսուցիչները, ոչ աշակերտները, ոչ էլ ընդհանուր համակարգը։
Պատրաստ չէինք ոչ տեխնիկապես, ոչ էլ մասնագիտական հմտություններով։ Անգամ տարեվերջի քննությունների համար որոշումներ էին կայացվում հընթացս։
Քովիդ-19-ը հանկարծակիի բերեց բոլորին ու թվում էր, թե նոր ուսումնական տարին ավելի բարենպաստ կլինի ու կկարողանանք, լրացնել նաև նախորդ բաց թողածը։
«Սեպտեմբերին դասերը սկսելուց հետո պարզ դարձավ, որ նորից ստիպված ենք լինելու գնալ արձակուրդների։ Առկա դասերի կազմակերպման արդյունքում չավելացավ հիվանդությունների թիվը։ Հիվանդությունների կտրուկ աճ ունեցանք պատերազմը սկսվելու հետո»,- ասաց Թորոսյանը:
Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ հեռավարից հատկապես տարրական դպրոցն է տուժում, ուստի գոնե այս ուսումնական տարում փորձեցին բացառել տարրական դասարանների հեռավար կրթությունը։ Ընդհանուր առմամբ՝ 2020-ը կրթական համակարգում մասշտաբային քննության տարի էր, նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Քովիդով պայմանավորված` համակարգի խնդիրներն ավելի տեսանելի դարձան։ Տեխնիկական խնդիրներից բացի տեսանելի դարձան հատկապես ոլորտում անհավասարությունները։
«Դա ոչ միայն աշակերտներին է վերաբերում, որ տեխնիկա չունեն, կամ չարաշահում են հեռավար ուսուցման հնարավորությունները, այլև ուսուցիչներին։ Մենք տեսանք, որ նորից ուսուցիչների մի փոքր խումբ ունենք, որ ցանկացած ճգնաժամ օգտագործում է սովորելու, նոր մեթոդներ կիրառելու համար։ Բայց նաև տեսանք, որ մեծ մասը դիմադրում էր, կամ ոչ արդյունավետ էր օգտագործում հնարավորությունը՝ պատճառաբանելով, որ հեռավար ուսուցումն անհնար է»,- ասաց կրթության փորձագետը։
Քովիդը օգնեց բացահայտել նաև կրթական համակարգի թերևս ամենամեծ խնդիրը․ երեխաները ամեն կերպ խուսափում են սովորելուց, կարճ ասած՝ չեն սիրում սովորել։
«Սա մեր կրթական համակարգի ամենամեծ խնդիրն է թերևս։ Որովհետև դու ինչ էլ ուզում է անես, եթե սովորելու ցանկությունը մեծ չի, մնացած քո լուծումներն առանձնապես արդյունավետ չեն։ Մեր գլխավոր խնդիրը, և այս տարվա գլխավոր դասերից մեկը, իմ կարծիքով, այն է, որ երեխաների շատ մեծ խումբ սովորելու ցանկություն չունի։ Պատճառներից մեկն այն է, որ երկրում չկա սովորելու միջավայր, սովորելը չի գնահատվում»,- հավելեց Խաչատրյանը։
Այս տարվա 2-րդ քննությունը պատերազմն էր։ Քովիդն ու պատերազմը միասին ցույց տվեցին մեր կրթական համակարգի խնդիրները ողջ փնջով։ Խնդիրներ, փորձագետի համոզմամբ, որոնք ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանում կրթական բարեփոխումներ տեղի չեն ունենում։ Տեղի է ունենում բարեփոխումների իմիտացիա։

2020 շոկային տարի էր, և եթե մենք դասեր չքաղենք այդ իրադարձություններից և դրանցով պայմանավորված փորձություններից ու արմատական փոփոխություններ չանենք համակարգում, հետևանքները կարող են շատ ավելի լուրջ լինել, քան պատկերացնում ենք, նկատեց կրթության մեկ այլ փորձագետ Վահրամ Սողոմոնյանը։
Քովիդն ու պատերազմը` երկու այս շոկերը պետք է շատ արագ փոփոխության ազդանշան դառնան ոչ միայն կառավարության, այլեւ հասարակության համար։




