
Հայկական մամուլում և սոցցանցերում նախօրեին երեք հայ գերիների մասին մի տեսանյութ տարածվեց, որում ադրբեջանցի զինվորները խոշտանգում և ստիպում էին գերեվարված քաղաքացիական անձանց ադրբեջանահաճո տեքստեր ասել։
Տարածվող տեսանյութին կից նշվում էր, թե վերջիններս գերեվարվել են Գորիս-Կապան ճանապարհին։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հաջողվեց անձամբ կապ հաստատել գերեվարված քաղաքացիական անձանց՝ Անդրանիկ Սարգսյանի, Խաչիկ Գրիգորյանի և Արման Թովմասյանի հետ (անունները հրապարակվել է տղաների համաձայնությամբ)։
Վերջիններս նշեցին, որ տեսանյութը հին է և, որ իրենք այժմ միասին գտնվում են Հայաստանում։
Քաղաքացիները եղել են դեկտեմբերի 14-ին՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակման գործընթացի շրջանակում Հայաստան վերադարձված 44 գերիների շարքերում։ Նրանց անունները առկա էին հրապարակված ցուցակներում։




