
Ռուսաստանը կարող է ավելացնել խաղաղապահների թիվը Լեռնային Ղարաբաղում, եթե հակամարտության բոլոր կողմերը դա անհրաժեշտ համարեն, ամենամյա ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ինչ վերաբերում է մեր խաղաղապահների թվի մեծացմանը, ապա դա հնարավոր է միայն հակամարտության բոլոր կողմերի, այդ թվում ադրբեջանական կողմի հետ համաձայնեցմամբ, քանի որ մենք սկզբնապես պայմանավորվել ենք մեր խաղաղապահների թվի շուրջ, այդ քանակը համաձայնեցվել է»,-ասել է նա:
Խոսելով հրադադարի խախտման մասին, Պուտինը հույս է հայտնել, որ այն այլևս չի կրկնվի:
Նա հավելել է, որ նոյեմբերի 9-ին ընդունված համաձայնագրով, կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են ստորագրման պահին։
ՌԴ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում են գտնվում ոչ միայն խաղաղապահներ, այլև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, ինչպես նաև ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահներ:
Պուտինը հավելեց, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, բայց նաև հույս է հայտնել, որ օգնություն կցուցաբերեն նաև միջազգային կազմակերպությունները:
«Մենք հույս ունենք, որ միջազգային միջնորդները վերջապես խոսքից կանցնեն գործի, նրանք իրականում կսկսեն օգնել մարդկանց, ովքեր առաջին հերթին օգնության կարիք ունեն, առաջին հերթին ՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականներին», — ասել է ՌԴ նախագահը:




