ԿարևորՀասարակություն

Մասնագետները գնաճային ցնցումներ չեն կանխատեսում

Մենք զգում ենք կորոնավիուսի հետևանքները, զգում ենք պատերազմի հետևանքները և դեռ երկար ենք զգալու դրանք։ 2020–ը իր հետքը թողնելու է, ինչպես բոլոր ոլորտների, այնպես էլ տնտեսության վրա։

Այսօր Ազգային ժողովում Կենտրոնական բանկի խորհրդի անդամ էին ընտրում՝ բնականաբար շեշտադրելով այդ հետքը և դրա հետ վարվելու հեռանկարները։

Խորհրդի անդամի թեկնածուի և հարցերին պատասխանողի դերում Դավիթ Նահապետյանն էր։

Ամենօրյա ռեժիմով հետևում ենք արտարժույթի շուկայում տեղի ունեցող զարգացումներին, ասում է Նահապետյանը։ Արտարժույթի շուկան ոչ միայն Կենտրոնական բանկի մասնագետների, այլ նաև սովորական քաղաքացիների մշտական ուշադրության կենտրոնում է, անգամ այն ժամանակ, երբ նրանք դրա մասին տեղյակ չեն։ Դրամի տատանումն է որոշում՝ թանկացումներ կլինե՞ն, թե՞ ոչ։

«Այս պահին հատկապես պարենի շուկայում նկատվում է որոշակի գնաճ։ Մենք՝ որպես ներկրող երկիր, ենթակա ենք գնաճային ազդեցությունների, բայց այդ ֆոնը բավականին ցածր է՝ 1.6 տոկոս։ Վերջնական գնահատականի համար կարևոր է գնահատել նաև սպառման մակարդակը, ես կարծում եմ, որ մենք տարվա արդյունքում կմոտենանք գնաճի թիրախի ստորին մակարդակին, նախնական կանխատեսումը 2.5 տոկոս է»։

Մինչ Դավիթ Նահապետյանը պատասխանում է ԱԺ պատգամավորների հարցերին, նույն թեմայով իմ հարցերին պատասխանում է տնտեսագետ Հրանտ Միքայելյանը․

«Մենք տեսնում ենք, որ որոշ ապրանքներ թանկանում են, սակայն ես կարծում եմ, որ չափից մեծ դրամատիզմով սա չպիտի ընկալել, որովհետև հիմա տարբեր երկրներում նման միտումներ նկատվում են՝  անգամ առանց պատերազմի»։

Տնտեսագետի խոսքերով՝ 2015 թվականից սկսած Հայաստանում գնաճի շատ ցածր մակարդակ ենք ունեցել, ասում է՝ մենք ըստ էության մոռացել էինք՝ գնաճն ինչ է։ Այնուամենայնիվ․

«Այս տարվա վերջից սկսած և հաջորդ տարի կունենանք, բայց էլի մենք չենք ակնկալում բարձր գնաճ։ Կարող է 5 տոկոսով գները աճեն, բայց դեռևս մենք չենք խոսում բարձր գնաճի մասին, որը բնորոշ է այն տնտեսություններին, որտեղ անընդհատ ազգային արժույթի անկում կա»։

ԿԲ խորհրդի նորընտիր անդամ Դավիթ Նահապետյանը կարծում է, որ  դրամի վարքագծի համար վճռորոշը Հայաստանի ներքին զարգացումներն են։

«Այսօր նկատվում է աշխարհում ԱՄՆ դոլարի որոշակի արժևորման միտում, որը արտացոլվում է նաև մեզ մոտ, բայց հիմնականում այն, ինչ այսօր տեղի է ունենում արտարժույթի շուկայում, պայմանավորված է Հայաստանում առկա անորոշություններով: Այն դեպքերում, երբ արտարժույթի որոշակի տատանումները մեր գնահատմամբ կարող են որոշակի ռիսկեր առաջացնել ֆինանսական կայունության ապահովման մասով, մենք, բնականաբար, մեր ողջ գործիքակազմը կներդնենք և ունակ ենք ներդնելու։ Ես այս պահին ակտիվ ներգործության անհրաժեշտություն չեմ տեսնում»։

Տնտեսագետը ներկայացնում է, թե ինչ գործիքներ կարող է կիրառել Կենտրոնական բանկը տարադրամի տատանումների պայմաններում․

«Կենտրոնական բանկը կարող է անել ինտերվենցիաներ և իր պահուսնտերի միջոցով պահել դրամի փոխարժեքը, այսինքն՝ վաճառել իր ունեցած դրամը և գնել դրամ շուկայից։  Դրանով դրամի շրջառությունը կնվազի և այն մարդիկ, ովքեր ուզում են դոլար գնել, կանեն դա փաստացի ոչ թե շուկայից, այլ ԿԲ–ի պահուստերից»։

Մենք զգում ենք կորոնավիրուսի հետևանքները՝ տարվա սկզբում ունեինք 9 տոկոս տնտեսական աճ, հիմա՝ 7 տոկոս անկում։ Մենք զգում ենք պատերազմի հետևանքները, քանի որ դրամի արժեզրկումը մեծ հաշվով պատերազմից է սկսվել։ Տնտեսագետը նշում է, որ մենք այլ հետևանքներ ևս դեռ կզգանք, օրինակ, երբ գա բերք հավաքելու ժամանակը և պարզվի, որ կորցրած հողերը անդրադառնում են պարենային անվտանգության, ներմուծման աճի վրա։

Բայց, այնուամենայնիվ, մեր տնտեսությունն այնքան էլ զգայուն չէ․ տեսականորեն ակնկալվող հսկայական ցնցումները չկան․

«Հայաստանի ֆինանսական շուկան ճգնաժամերի նկատմամբ բավական կայուն է, մեծ հաշվով ֆինանսական համակարգը Հայաստանում կայացած էր դեռ 2000–ականների կեսերին, և դրանից հետո եղած ճգնաժամերը ֆինանսականա համակարգի վրա շատ մեծ անդրադարձ չեն ունեցել»։ 

1994 թվականի երկրորդ կեսին մեկ դոլարը արժեր 405 դրամ։ Այսօր փոխարժեքը տատանվում է 510–520–ի միջև։ 25 տարում շուրջ 25 տոկոս արժեզրկումը մասնագետների համար հուսադրող ցուցանիշ է։  

Կարդացեք նաև

Back to top button