
Շուշիից Երևան, Երևանից՝ Փարաքար․ մինչ այս էլ զրուցակցիս՝ Սվետա Սարգսյանի կյանքն անցել է Վանքից դեպի Բաքու, հետո նորից Արցախ, ՌԴ ու Շուշի ճանապարհներով։ Մեր հանդիպման վայրն էլ Արցախի օպերատիվ շտաբն էր։ Այստեղ ամփոփված է Արցախի համն ու հոտը, բարբառն ու արցախցիների լավատեսությունը։
Տիկին Սվետան եկել էր աջակցության ծրագրերի մանրամասներն իմանալու համար։
«Մենք հիմա բարեկամի տանն ենք բնակվում, բայց ինչքան կարող ենք ուրիշի տանն ապրել»։
Շուշիից ու Արցախի մյուս բնակավայրերից հարկադրաբար տեղահանված արցախցիների ընտանիքներից յուրաքանչյուրին 300 հազար դրամ միանվագ աջակցություն կտրամադրվի։ Սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացն սկսված է։
Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։
Արցախի օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյան․ «Դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով, կփորձենք հասկանալ խնդիրները։ Կարծում եմ, որ խնդիրներ չեն լինի։ Սա չի նշանակում բնակելի տան աջակցություն»։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Վիրաբյանն ասում է, որ Հայաստանի կառավարության հետ աջակցության տարբեր ծրագրեր են քննարկում։
«ԱՀ քաղաքացիներին տրամադրվում է սոցիալական միանվագ աջակցություն՝ համապատասխան դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով։ Գումարների վճարումը սկսված է թե ՀՀ, թե ԱՀ տարածքում։ Ընդհանուր առմամբ, օգտվելու են Արցախի բոլոր բնակիչները»։

Անչափահաս երեխաների դեպքում հայտը հաճախ մերժվում է, քանի որ երեխաների մի մասի տվյալները պետական ռեգիստրի համակարգում ներառված չեն։ Այս դեպքում նախարարը հորդորում է դիմել սոցիալական ապահովության տարածքային կենտրոններ։ Շահառուների ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ստանում է 68 հազար դրամ, ՀՀ–ում անշարժ գույք չունենալու դեպքում՝ յուրաքանչյուրի գումարին ավելանում է նաև 15 հազար դրամը
«Ծրագիրն ունի նաև սահմանափակումներ։ Ծրագրից չեն կարող օգտվել պետական համակարգի աշխատողներն ու 68 հազար դրամից բարձր կենսաթոշակ ստացողները»։
Վիրաբյանը հստակեցրեց՝ մինչև այժմ պետական համակարգի աշխատողների աշխատավարձը պահպանվել է։ Աջակցություն՝ կոմունալ վճարների մասով նույնպես կա․ «Գործելու է ԱՀ տարածքում մեկ տարվա շրջանակներում՝ ողջամիտ չափաքանակով»։
Ողջամիտ չափաքանակ սահմանված է՝ բջջային կապի անվճար սահմանաչափը մինչև 180 րոպե և մինչև 50 հատ SMS հաղորդագրությունն է, բնական գազի սպառման գծով՝ մինչև 180 խմ-ը, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ ժամը։ 2021 թվականի ապրիլ, մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների համար փոխվելու են սպառած գազի ու էլեկտրաէներգիայի սահմանաչափերը՝ բնական գազի սպառման գծով՝ մինչև 120 խմ, էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 400 կվտ ժամ։
2021 թվականի ամռան համար նախատեսված է բնական գազի սպառման գծով՝ մինչև 60 խմ , իսկ էլեկտրական էներգիայի սպառման գծով՝ մինչև 300 կվտ/ժ ներառյալ: Միջոցառման շահառու են բնական գազի մատակարարման, էլեկտրական էներգիայի մատակարարման, բջջային և ինտերնետ կապի պայմանագիր կնքած Արցախի բնակիչ-բաժանորդները։




