ԿարևորՀասարակություն

Անհետ կորած զինծառայողների անորոշ ճակատագիրը

Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների մասին   թվային  վերջնական տվյալներ  դեռ չկան։  Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակում են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրս բերման աշխատանքները։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  հայտնել է, որ նոյեմբերի 13-ից մինչև հիմա Ադրբեջանը և Հայաստանը փոխանակել են  ռազմական բախման հետևանքով զոհվածների 385 դիերը: «Այս թիվը ներառում է երկու կողմերի զոհերը», — ասել է դիվանագետը:

Շուրջ տասը օր արցախա–ադրբեջանական շփման գծում լռել են կրակի ձայները։  Պատերազմի  44 օրերի ընթացքում կորած զինվորների  գտնվելու մասին տեղեկություններն  այնքան էլ շատ չեն։ Այսօր պարզ դարձավ, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհետ կորածների որոնողական աշխատանքներում անմիջապես ներգրավված չէ։ Այս մասին «Ռադիոլուր»–ին փոխանցեց  Կարմիր խաչի  հայաստանյան գրասենյակի  հաղորդակցման կապի ղեկավար Զառա Ամատունին․    

«Մենք աջակցում ենք կողմերին, նաև ներկա ենք գտնվում գործողություններին՝ որպես չեզոք միջնորդ։ Սակայն դրանով անմիջապես զբաղվում են երկու կողմի համապատասխան ստորաբաժանումները,  գործընթացը համակարգվում է ՌԴ խաղաղապահ ուժերի մասնակցությամբ»։

Ամատունու  փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անհրաժեշտ խորհրդատվություն ու տեխնիկա է տրամադրում։ Մարտական գործողությունների ընթացքում գերեվարված, անհետ կորած զինծառայողների հանձնաժողովի  շենքի  մոտ ՝ Ուլնեցի  56/6  հասցեում  օրեր  շարունակ  հավաքվում են անհայտ  կորած զինծառայողների հարազատները։

«Մենք մեր երեխեքին տվել ենք պաշտպանության նախարարությանը, ոչ ռուսին ենք տվել, ոչ խաղաղապահներին, տվեք մեր երեխեքին,  իրենցից էլ ուզում ենք մեր երեխաներին։ Հույս  կա դեռ, որ  երեխեքը  կենդանի են, որ ձյունն եկավ, երեխեքը սովից ու ցրտից են մահանալու»։ 

Մարտական գործողությունների ընթացքում  անհետ  կորած   ու գերեվարված  զինծառայողների հանձնաժողովի նախագահ Վիտալի Ոսկանյանը օրերս ասել էր, որ այս պահին որոնողական աշխատանքներ չեն կարողանում իրականացնել հայկական կողմի համար անհասանելի տարածքներում՝  Ջաբրայիլում, Կուբաթլուում, Զանգելանում։

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհետ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։ Մինչ այժմ մոտ  200  մարմին է դուրս բերվել։ 

«Անհետ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում», — Ազգային ժողովում հայտարարեց  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․

«Ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ բավականին շատ անհետ կորածներ հայտնվում են ցուցակներում, որոնք որ ողջ-առողջ են»։

Ավելի վաղ Տոնոյանը հեռախոսազրույց էր ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ։ Զրույցի ընթացքում քննարկել են նաև գերիների, պատանդների և անհետ կորածների հայտնաբերման ու փոխանակման աշխատանքները կազմակերպելու հարցը։  Շաբաթվա սկզբում  առցանց ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհետ կորած զինծառայողները մի քանի հարյուր են։  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, որ  Ադրբեջանը և Հայաստանը նոյեմբերի 13-ից  փոխանակել են Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման հետևանքով զոհվածների 385 դիեր:

«Այս թիվը ներառում է երկու կողմերի զոհերը», -ընդգծել է դիվանագետը:

Կարդացեք նաև

Back to top button