ԿարևորՀասարակություն

Անակնկալ ստուգումներ․ հակահամաճարակային կանոնները պետք է պահպանվեն

Տնտեսվարողներն այսօր հյուրեր ունեին։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչները  համաժամանակյա ուժեղացված ստուգայց էին իրականացնում Երևանի ողջ տարածքում։

Խանութից խանութ, դեղատնից դեղատուն, բանկից բանկ։ Գրեթե բոլոր տնտեսվարողները Երևանի տարածքային կենտրոնի և մարզային տարածքային ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված թիմի ուշադրության կենտրոնում են։

Այսօր լրագրողներս ևս անակնկալ այդ շրջայցին մասնակցելու հնարավորություն ունեցանք։ Տեսչական մարմնի ներկայացուցիչը նախապես է ասում, թե ինչն է ստուգվելու։

«Պարտադիր կերպով դիտարկվում է դիմակների ճիշտ կրելու առկայությունը, սոցիալական հեռավորության պահպանումը թե աշխատակիցներ միջև, թե կուտակումներ չառաջացնելու հաճախորդների շրջանում, ինչպես նաև 10-ից 12–ը տարեց հաճախորդներին սպասարկելու խնդիրը»։

Այս ամենը նախ ստուգվեց «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի մասնաճյուղերից մեկում։

Սանիտարական կանոնների նկատմամբ պատշաճ հսկողություն և անհրաժեշտ պարագաների, նյութերի, հարմարությունների առկայություն։ Ախտահանումների, անձնակազմի ջերմաչափման, առողջական վիճակի վերաբերյալ տվյալները ներառող գրանցամատյանի, 60-80 տոկսանոց ալկոհոլի հիմքով ախտահանիչ միջոցների առկայություն և մի շարք այլ պայմաններ։ Սրանց ապահովումը պարտադիր է բոլոր տնտեսվարողների մոտ։

«Այս պահին տեսչական մարմինն իրականացնում է իր կանխարգելիչ ֆունկցիան, իրազեկում ենք իրականացնում՝ օգնելով տնտեսվարող սուբյեկտներին։ Բոլորս միասին պիտի հաղթահարենք, մեզ պետք է տնտեսվարողների ու բնակիչերի օգնությունը։ Մենք պետք է հասկանանք, որ եթե չձեռնարկենք այս միջոցառումները, համաճարակը դեռ երկար մեզ հետ կլինի»,– նշում  է ԱԱՏ մարմնի Երևանի տարածքայի կենտրոնի բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության բաժնի պետ Աստղիկ Բալասանյանը։

Խախտումները բացահայտվում են ոչ թե տուգանելու, այլ կանխարգելելու համար։ Սակայն բացառություններ ևս կան․

Տեսչական մարմնի ներկայացուցիչ Վարդգես Ռուբենյանը տեղեկացնում է, որ որոշ դեպքերում նախատեսվում է կամ նախազգուշացում, կամ տուգանք՝ 100-300.000 դրամ սահմաններում։ Խախտումը կրկնելու դեպքում տուգանքի չափը 150 հազարից 500 հազար  դրամի միջակայքում է։

«Կարծում եմ այսօր մեր իրազեկումից հետո տնօրինությունը ավելի ուշադիր կլինի ու ավելի լավ կիրականացնի հակահամաճարակաբանական միջոցառումները»։

Ստուգայցը տեղափոխվում է է «Քարֆուր» սուպերմարկետ ու շարունակվում։ Նույն պահին միաժամանակ տարբեր վայրերում հայտնաբերվում են հետևյալ խնդիրները․

«Դիմակները ճիշտ չկրելու խնդիր է առաջանում, լինում են տնտեսվարողներ, որոնց մոտ ջերմաչափումների խնդիր կա, այսինքն՝ մատյանները ճիշտ չեն լրացվում։ Սոցիալական հեռավորության պահպանման խնդիրներ կան, կուտակումներ»։

«Խնդիրներ կան ախտահանիչ նյութերի հետ կապված առանց մակնշման, ունենք աշխատողներ, որոնք արդեն աշխատավայրում են, բայց չեն ջերմաչափվել ու գրանցվել մատյանում»։

Այս տարի՝ հունվարից սեպտեմբեր ամիսներին, իրականացվել է այսպիսի շուրջ 24 հազար վերահսկողական գործողություն, դրանցից 788–ի դեպքում հարուցվել է վարչական վարույթ, նշանակվել է 242 տուգանք։

Այսօր ոչ ոք չտուգանվեց, բայց վաղը, հավանաբար, բոլորն այլ գործելաոճով կառաջնորդվեն։ Ամեն դեպքում, մազնագետների կարծիքով, դա վարակի մեջքը կոտրելու ամենաարդյունավետ ճանապարհներից է։

Back to top button