ԿարևորՄիջազգային

Աշխարհը լսում է, որ «Արցախը Հայաստան է»

Արցախում ռումբեր են պայթում, աշխարհում՝ սփյուքահայերի բողոքը:

Օրեր շարունակ խաղաղ երկրների փողոցները լցված են խաղաղություն պահանջող հայերի ձայնով։ Աշխարհասփյուռ հայերը շարունակում են իրենց բնակավայրերում ցույցեր իրականացնել՝ ընդդեմ ագրեսսիայի, հանուն խաղաղության։

Լոս Անջելոսի կաթվածահար փողոցների «պատճառն» այս անգամ հազարավոր հայերն են` «Հաղթանակի երթ»- ով։ Նրանց միավորել է հաղթանակի նկատմամբ անսասան վստահությունը։  Այդ վստահության մասին վանկարկելով ու արդարություն պահանջելով էլ հասան Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարան։

Նյու Յորքում բնակվողներն էլ, եթե անգամ դեռ չգիտեին իրենցից կիլոմետրեր հեռու՝ Արցախում տեղի ունեցողի մասին, այսօր այնտեղ իրականացվող արդեն 2-րդ ցույցի ընթացքում հաստատ իմացան․ «Արցախը Հայաստան է», «Թուրքիան մեղավոր է», «Երևանը խաղաղություն է ուզում, Բաքուն՝ Երևանը»։ Հազարավոր հայեր էլ այս տարածքի փողոցներում էին ճշմարտության մասին բղավում։

«Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար, որոնք դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։ Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։ Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․

Այս օրերին աշխարհի գրեթե բոլոր անկյուններում իրականացվող ցույցերը հավանաբար ծառայում են նաև հենց այս նպատակին։

Արգենտինա, Շվեյցարիա, Շվեդիա, Լոնդոն, Ստրասբուրգ, Բեռլին, Ֆլորիդա, Իտալիա, Բրյուսել․․․ Այս և աշխարհի մի շարք այլ կետերում արդեն մի քանի օր շատ ավելի բարձր ու վստահ է հնչում հայերենը.

«Այսօր քո սիրտը բաբախում է հայերեն, քո աչքերը տեսնում են հայերեն, ականջներդ հնչում են հայերեն, քո ժողովուրդը խոսում է նաև հայերեն․ Այսօր Եվրոպան նաև Հայաստան է», շաբաթ օրը Բրյուսելում ԵԽ շենքի դիմաց իրականացված ցույցի ընթացքում Բենիլյուքսի թեմի առաջնորդ հայր Զատիկ վարդապետ Ավետիքյանը հենց այս խոսքերով դիմեց Եվրոպային։

Գերմանիա․ Բեռլին

Իտալիա․ Միլան

Մեծ Բրիտանիա․ Լոնդոն

Ֆրանսիա․ Ստրասբուրգ

Շվեդիա․ Գոտենբուրգ

Ֆլորիդա․ Օրլանտո

Աշխարհում հայերի ձայները, ցավոք, ի զորու չեն խլացնել Արցախում պայթող ռումբերի ձայները, բայց կարող են խաղաղ քաղաքներում ապրող մարդկանց տեղեկացնել՝ հայերը պայքարում են համաշխարհային խաղաղության համար։

Կարդացեք նաև

Back to top button