
Հայ ժողովրդի դեմ սանձազերծած թուրք–ադրբեջանական ագրեսիան շարունակում է մնալ աշխարհի առաջատար լրատվամիջոցների գլխագրերում՝ ինչպես Արցախում աշխատող լրագրողների ռեպորտաժների, բլոգերների հրապարակումների, փորձագիտական դաշտի ներկայացուցիչների վերլուծական հոդվածների, այնպես էլ Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններից մեջբերումների և Հայաստանի վարչապետի, նախագահի ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների հետ հարցազրույցների տեսքով։
Ընդհանուր առմամբ՝ հայկական կողմի ուղերձները միջազգային հանրության ու առաջատար մամուլի կողմից ամբողջությամբ ընկալված կարելի է համարել․ այլևս կասկածի տակ չի առնվում Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմին, մերձավորարևելյան վարձկանների՝ արցախյան հակամարտության գոտի տեղափոխման հարցն ու այն փաստը, որ առկա իրավիճակը հղի է ավելի գլոբալ տարածաշրջանային սրացմամբ, և որ այս պահին հայկական կողմը պայքար է մղում միջազգային ահաբեչության դեմ։ Հատկապես խոսքը արևմտյան լրատվամիջոցների մասին է, սակայն վերջին երկու օրերին ակնհայտորեն փոփոխվել է նաև ներկա պատերազմի մասին ռուսական քարոզչական գիծը։
Հեղինակավոր, միջազգային մեծ լսարան ունեցող լրատվամիջոցները յուրաքանչյուր օր հարցազրույցներ են ներկայացնում Հայաստանի ղեկավարության հետ։ Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Globe and Mail կանադական հեղինակավոր պարբերականին ասել է, որ ըստ էության Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակիցները պետք է բացատրեն, թե ինչու են F-16 ինքնաթիռները գնդակոծում Լեռնային Ղարաբաղի քաղաքներն ու գյուղերը։

Փաշինյանը շեշտել է․ երկիրը գտնվում է «քաղաքակրթական առաջնագծում», և այն երկրները, որոնք ՆԱՏՕ-ի միջոցով դաշնակցում են Թուրքիային, ինչպես Կանադան, արդ պետք է որոշեն, թե իրենք որ կողմում են:
Նա ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիմակայությունում Թուրքիայի դերը պետք է դիտարկել սիրիական և լիբիական հակամարտություններում նրա ներգրավվածության, ինչպես նաև Միջերկրականում ծովային սահմանների առնչությամբ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ Թուրքիայի որդեգրած «ագրեսիվ» դիրքորոշման համատեքստում:
Փաշինյանն Էրդողանին նկարագրել է որպես առաջնորդ, որը երազում է վերականգնել Օսմանյան կայսրությունը, որը ոչնչացրեց իր հայ ազգաբնակչությանը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացված ջարդերի և տեղահանությունների միջոցով: «Անցել է հարյուր տարի, և Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, Հայաստանի վարչապետի՝ Թուրքիային առնչվող այս խոսքերի ապացույցը հրապարակել է նաև Ադրբեջանին զենքի ակտիվ մատակարար երկրներից մեկի՝ Իսրայելի հեղինակավոր «Ջերուսալեմ փոստ» պարբերականը՝ մեջբերելով հենց Էրդողանի խոսքերը․ «Երուսաղեմը նույնպես թուրքական քաղաք է»։
Եվս մեկ կարևոր հարցազրույց առանցքային մեսիջներով արդեն նախագահ Արմեն Սարգսյանի հետ հրապարակել է ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը՝ խոսելով Կովկասում սիրիական սցենարի կրկնության վտանգի մասին` նախազգուշացնելով, որ եթե միջազգային հանրությունը հիմա չմիջամտի արցախյան պատերազմին, Կովկասը կդառնա մեծ խնդիր նաև իրենց համար.
Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել նաև «Ալ Ջազիրա»-ին՝ շեշտելով․ Թուրքիան հիմարացնում է միջազգային հանրությանը ու խստորեն դատապարտել է Թուրքիայի ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունը Արցախի դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմական գործողություններին։

Հարցին, թե հնարավո՞ր է հիմա երկխոսություն սկսել, Հայաստանի նախագահը կտրուկ է արձագանքել․
«Արդյոք հնարավո՞ր է հիմա երկխոսություն սկսել, երբ F-16 -երը սպանում են կանանց և տղամարդկանց՝ հրթիռակոծելով գյուղեր և քաղաքներ: Ինչպե՞ս կարող ես բանակցություններ սկսել, երբ Թուրքիան, որն այս հակամարտության մասը չէ, կրակում է Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի վրա: Բացատրեք ինձ՝ ինչպե՞ս է հնարավոր նման բան: Առաջին հերթին Թուրքիան պետք է դուրս բերվի այս հակամարտությունից, նրանք այս խնդրի մասը չպետք է լինեն»,- ասել է Արմեն Սարգսյանը։
«Ալ Ջազիրա»-ի մեկնաբան Հասան Ջամուլի դիտարկմանը, թե Թուրքիան ժխտում է, որ ուղղակի աջակցություն է ցուցաբերում, նախագահ Սարգսյանը պատասխանել է, որ նրանք ճիշտ չեն ասում. «Թուրքիան նույնն է անում Սիրիայի, Լիբիայի, Իրաքի դեպքում»:
Ռուսական «Կոմերսանտն» է անդրադարձել Արցախում տեղի ունեցող պատերազմական գործողություններին։ «Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից շարունակվող ռազմական գործողություններում բեկումնային պահ է նշմարվում: ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի առաջնորդները հակամարտող կողմերից պահանջել են դադարեցնել կրակն ու վերադառնալ բանակցային գործընթացին: Մոսկվան ու Փարիզն արձանագրել են, որ ադրբեջանական կողմում Թուրքիայի օգնությամբ Սիրիայից բերված ջիհադականներ են կռվում: Հոդվածագրի համոզմամբ՝ Թրամփի, Մակրոնի և Պուտինի երեկվա համատեղ հայտարարությունը կարելի է Հայաստանի համար լուրջ դիվանագիտական հաղթանակ համարել:
Միջազգային հարթակում ադրբեջանական քարոզչական նախաձեռնությունն իր իսկ նախաձեռնած պատերազմում պաշտոնական Բաքվի փոխարեն Անկարային է անցել։




