ԿարևորՍպորտ

Հայաստանի շախմատի թիմն առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում է

Հայաստանի շախմատի թիմն առաջին անգամ անցկացվող առցանց Օլիմպիադայի քառորդ եզրափակիչում է:

Հայաստանի ընտրանին փլեյ-օֆֆում մրցում էր Հունաստանի հավաքականի հետ: Հայկական թիմը երկու ռաունդների ընդհանուր 8:4 հաշվով առավելության է հասել և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Հավաքականի կազմում առաջին փուլում հաղթանակներ են տոնել Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը: Էլինա Դանիելյանը պարտվել է, Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտել է ոչ-ոքի: Իսկ երկրորրդ ռաունդում Լևոն Արոնյանն ու Աննա Սարգսյանը հաղթել են, Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը ոչ-ոքի են գրանցել:

Քառորդ եզրափակիչում Հայաստանի մրցակիցը կլինի Հնդկաստանի հավաքականը: Թիմերը կհանդիպեն այսօր՝ օգոստոսի 28-ին:

Խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի թիմը 4։2 հաշվով հաղթել էր ռումինացիներին, երկրորդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել բուլղարացիներին, երրորդ տուրում 4,5։1,5 պարտության մատնել Թուրքիայի հավաքականին, չորրորդ տուրում 4,5։1,5 հաշվով հաղթել խորվաթներին, 5-րդ տուրում ոչ մի շանս չտվել Ալժիրի թիմին՝ 6։0, 6-րդ տուրում Մարոկկոյին՝ 6։0, 7-րդ տուրում 2,5։3,5 հաշվով պարտվել անգլիացիներին, 8-րդ տուրում՝ Ռուսաստանին (2,5։3,5), 9-րդ տուրում 5։1 հաշվով հաղթել Եգիպտոսին։

Շախմատի  համաշխարհային 44-րդ Օլիմպիադան պետք է կայանար Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում: Համավարակով պայմանավորված, այս տարի Օլիմպիադան ընթանում է օնլայն հարթակում: 

Կարդացեք նաև

Back to top button