ԿարևորՀասարակություն

Լեզուն՝ կամուրջ երկրների ու մշակույթների միջև

Որքան լեզու գիտես, այնքան մարդ ես․ ճշմարտություն, որի հետ դժվար է չհամաձայնել, բայց այսօր խոսելու ենք մի խնդրի մասին, որը կոչվում է երկլեզվություն, իսկ ավելի ստույգ՝ մասնագետի օգնությամբ անդրադառնալու ենք այն խնդիրներին, որոնց բախվում են օտար միջավայրում երեխա մեծացնող հայ ընտանիքները։  Դժվար է երեխային մաքուր հայերեն խոսք փոխանցել, երբ ընտանիքից դուրս երեխան լսում է, օրինակ, միայն ֆրանսերեն։

-Ասա՛ ուսուցիչ
-Ու –սու-ցի-չը-ը
-Ասա՛ կենդանաբանական այգի
-գե-տա-մա-մա-բա-նե-կի ա-գի՛

Ֆրանսիայում բնակվող Ժենյա Դիլանյանը որդուն՝ 7-ամյա Րաֆֆիին, փորձում է հայերեն բառերը ճիշտ արտասանել սովորեցնել։ Ֆրանսիական միջավայրում հայ փոքրիկների փխրուն ուսերին դրված  հայապահպանության բարդ խնդիրների լուծումը  հեշտ չի տրվում․

«Մենք տանը խոսում ենք հայերեն, իսկ դրսում ֆրանսերեն, քանի որ Ֆրանսիայում ենք ապրում։ Երեխաներս ծնվել են այստեղ, երկուսն էլ շատ ուշ սկսեցին խոսել, քանի որ խառնում էին լեզուները։ Մանկապարտեզում ու դպրոցում միայն ֆրանսերեն են խոսում։ Քիչ-քիչ փորձում ենք հաղթահարել այդ խնդիրը։ Ճանապարհին ասում էին՝ ճանապակին, «արի»-ին ասում էին՝ աղի։ Կան բառեր, որոնք տղաս դեռևս չի կարողանում հաղթահարել։ Կենդանաբանական այգու փոխարեն երբեմն նախընտրում է ասել զոոպաղկ»։

Օտար միջավայրում մեծացող երեխաների լեզվական խնդիրների շուրջ  Հայաստանի Եվրոպական համալսարանի հոգեբանության դասախոս Հասմիկ Թորոսյանի հետ ենք զրուցում։  Մասնագիտական բնորոշմամբ, ըստ նրա, տվյալ դեպքում գործ ունենք երկլեզվության հետ, որի տեսակներ գոյություն ունեն։

«Տարիքային երկլեզվությունը բաժանվում է մանկական երկլեզվության, թե ինչ չափով է յուրացնում երեխան, օրինակ, թերի երկլեզուն և հավասարակշռված երկլեզուն։ Եթե երեխան հավասարակշռված երկլեզու է, ապա հոգեկան ֆունկցիաների վրա շատ ավելի լավ է ազդում, քան թերի երկլեզվությունը։ Ունենք մեկ այլ խնդիր՝ հիբրիդային երկլեզվությունը, երբ  ծնողները երեխայի հետ խոսելիս մի նախադասության մեջ միաժամանակ օգտագործում են մի քանի լեզուներ»։

Տվյալ դեպքում  երեխան չի կարողանում տարանջատել ու մոլորվում է քերականության ու բառապաշարի միջև, ստեղծվում է մի տեսակ խառնածին, հիբրիդ լեզու, ինչն, ըստ մասնագետի,  բացասաբար է ազդում երեխայի  հոգեբանության, վարքագծի ու անգամ բնավորության վրա։

«Դառնում են մարգինալ, այսինքն՝ իրենք երկու մշակույթների կրող են դառնում, և երբեմն շատ դժվար է տարանջատել, թե որ մշակույթին են պատկանում։ Մարգինալությունը և՛ դրական կարող է ազդել, այսինքն՝ զարգացնել նպատակասլացություն, և՛ բացասական․ մարդը կարող է երկու մշակույթում էլ օտար զգալ և երկուսում էլ հաջողության չհասնել»։

Զրուցակցիս խոսքով՝ խնդիրների առաջացումը էականորեն պայմանավորված է միջավայրով և հանգամանքով, թե այդ միջավայրում երեխայի մայրենի լեզուն որքանով է գնահատված կամ կարևորվում։ Եթե կարևորվում է, ապա երեխան մեծ սիրով յուրացնում է երկու լեզուները և դառնում դրանց կրողը։ Այս հարցում մասնագետը չափազանց կարևորում է ծնողների մոտեցումը։

«Եթե ծնողը ուզում է, որ երեխան պահպանի լեզուն, քանի որ այստեղ գործ ունենք գոյապահպանության խնդրի հետ, ապա նա պետք է երեխային ապահովի համապատասխան միջավայրով․ խոսի հետը մաքուր հայերեն, ապահովի  հետաքրքիր, պարզ գրականությամբ և կարևորի մայրենի լեզուն։ Եթե ծնողը սեր է առաջացնում մայրենի լեզվի, մշակույթի, պատմության նկատմամբ, ապա երեխան փորձում է պահպանել դրանք»։

Վերջին տարիներին մեծ հոսք ունեցանք Սիրիայից, վերջին շրջանում՝ նաև Լիբանանից․ արևմտահայերենով  արևելահայ լեզվական միջավայր տեղափոխված մեր հայրենակիցների դեպքում  երկլեզվության խնդիր չկա, որովհետև գործ ունենք միևնույն լեզվի տարբեր դրսևորումների հետ։ Բայց անգամ այս դեպքում տարբեր լեզվամտածողության դրսևորումները ակնհայտ են, ասում է հոգեբանը։

«Արևմտահայերեն և արևելահայերն խոսող մարդկանց կոնցեպցիան տարբերվում է, որովհետև նրանք երկու տարբեր մշակույթների կրողներ են։ Օրինակ՝  սիրիահայ ուսանողները ավելի բաց են դեպի օտար ուսանողները։ Հնդիկ, պարսիկ․․․ ուսանողների հետ նրանք ավելի հեշտ են շփվում, որովհետև երկմշակութային անձ են և հեշտությամբ ընկալում են այլ մշակույթ կրողներին»։

Սեփական և օտար մշակույթների միջև կապ հաստատելու լավագույն միջոցն, իհարկե, օտար լեզուների յուրացումն է։ Հոգեբանի խոսքով՝ երկլեզվությունն, առհասարակ, բարձրացնում է մշակութային ընկալունակությունը։ Եվ հենց լեզուների կրողներն են, որ դառնում են յուրատեսակ միջնորդ տարբեր երկրների ու մշակույթների միջև։

Կարդացեք նաև

Back to top button