ԿարևորՀասարակություն

Ինչպես Ալբերտը դարձավ Գիքոր

Էն Լոռին, էն Դսեղը, էն էլ տասնմեկ տարեկան մի տղա՝ ֆուտբոլ խաղալիս․․․ճակատագրական հանդիպումը 1982 թվականին էր։ Նույն թվականի մայիսի 15-ին տեղի ունեցավ  Սերգեյ Իսրայելյանի «Գիքոր» ֆիլմի պրեմիերան։  Ֆիլմից հետո գլխավոր դերակատար Ալբերտը Գիքոր դարձավ, Դսեղում այսօր նրան հենց այդպես են անվանում, բայց դերասան նա չդարձավ։ Ժամանակն էր այդպիսին, չստացվեց։  Այդուհանդերձ, գյուղական կենցաղի ծանր հոգսերի մեջ ոչ Ալբերտը, ոչ էլ նրա հարազատները չեն մոռանում  ֆիլմին առնչվող աստղային ակնթարթները։

«Ուզում չեմ, իմ քորփա էրեխուն էն անիրավ աշխարհքը գցիլ մի, ուզում չեմ։ Տանից կտրումա, որբ ու անտեր քաղաքա գցում․․․»։

Գիքորի դերակատարի իրական ծնողներն ամենևին էլ վայ-վույ չարեցին, երբ «անիրավ» քաղաքից եկած ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Իսրայելյանը, սցենարի հեղինակ Հենրիկ Մալյանն ու  Համբոյի դերակատար Սոս Սարգսյանն այցելեցին իրենց տուն ու ասացին, որ նրանց տղային՝ 11-ամյա Ալբերտ  Ղուլինյանին ընտրել են Գիքորի դերը խաղալու։ Որդու մանկության աստղային դրվագների մասին մեծ հպարտությամբ ծնողները՝ Էմմա և Ռոլանդ Ղուլինյաններն  են  պատմում․

«Ազիզ, շատ սիրով ենք ընդունել, ուղարկել։ Ասել ենք ՝ թող գնա, հա»։

«Հավանությունը Սերգեյ Իսրայելյանն է տվել։ Սոս Սարգսյանն ասել  է՝ պիտի լոռեցի լինի։  Չիմ ողորմածիկ են դառել, հազար ողորմի Գիքորի պապայի կողմից։ Ըտենց էլ կնշես։ Ֆուտբոլի դաշտում գնացել են տհել  էրեխեքը ֆուտբոլ են խաղում։ Ասել են՝ էրեխեք  ջան  մի րոպե զամեն արեք էս րեխուն, տեհել են Ալբերտին․․․»։

Շարունակությունն արդեն Ալբերտն է պատմում, որին հանդիպում ենք դաշտում՝ խոտհնձի ակտիվ աշխատանքի պահին։  Որքան հիշում է՝ Սոս Սարգսյանն է հարցրել՝ տղա ջան, ո՞ր դասարանում ես սովորում, նա էլ , թե՝ մեր դասարանըմ։ Լոռեցի տղայի պարզությունն անմիջապես գերել   է Երևանից եկածներին։

«Դե եկան, խոսացրին, ասացին՝ ինչ գիրք ես կարդացել։ Էդ ժամանակ  չորրորդ դասարանում Հովհաննես Թումանյանի «Գիքոր» պատմվածքն էինք անցել։ Ասացի, որ «Գիքորն» եմ կարդացել, գիտեմ։  Էդպես հրավիրեցին Երևան, ամբողջ Հայաստանով մեկ յոթ հատ Գիքոր էին ընտրել։ Բոլորս մի փոքր դրվագով հանդես եկանք։  Ես լոռեցու իմ բարբառով սկսեցի խոսալ, ու այդպես ես նկարահանվեցի այդ ֆիլմում»։

Ֆիլմն արագ է նկարվել, մոտ ութ ամսում։ Բոլոր տեսարանները գրեթե միանգամից ստացվել են։ Երկար է նկարվել այն տեսարանը, որտեղ  Բազազ Արտեմը, այսինքն՝ Արմեն Ջիգարխանյանը, պիտի ապտակեր Գիքորին։ «Ձեռքը չէր գնում, անգամ ես մոտեցա ու խնդրեցի, որ ապտակի տղայիս»,- պատմում է Ալբերտի հայրը, որը նկարահանումների ամբողջ ընթացքում  ուղեկցել է որդուն։


«Ութ ամիս հետները քարշ եմ եկել։ Առաջին հերթին՝ Ահնիձորից են տանից դուրս եկել։ Ես էլ եմ հետները, բայց կադրում չեմ էլի։  Էն որ գալիս ա ղոնախների կշտին ասում ա՝ խազեինը ասել ա բալը թանկ է, հարկավոր չի, Ջիգարխանյանն ասել էր՝ ես էդ էրեխին ո՞նց խփեմ։ Ես նրան  խնդրել եմ, ասել եմ՝  խփի, ընկեր Ջիգարխանյան, իմ րեխեն գյուղում իրա թայդաշների հետ կռիվ արած կըլի, մի տեր տուր կերած, մի տեղ ինքը՝ ծեծած, խփած։ Ասեցի՝ հանգիստ խփի ու իմ աչքի առաջ ա խփած․․․»։

Ալբերտը հենց ինքն էր խնդրել՝ պարո՛ն Ջիգարխանյան, խփի,  դե, հիմա մի սիլլա ա, կդիմանանք, էլի»։ Միայն թե այդ շրջանում ատամը  ցավում էր, խնդրել է, որ մյուս այտին խփի, վերջապես տեսարանը նկարվել է, որի համար Ջիգարխանյանից  մարզական համազգեստ ու  գնդակ է նվեր ստացել։

Առաջին անգամ ֆիլմը դիտելիս մայրը ոչ թե ապտակի, այլ տեսարանից է հուզվել․«Էն փշրունքը հացի, որ հավաքըմ ա, ասի՝ վայ քոռանամ ես, ուտելիքը իմ տունը լիքը, իմ րեխեն փշրունք հըվաքի՞»։

Երևանում ֆիլմի պրեմիերային Ղուլինյանների ամբողջ ընտանիքն էր հրավիրված։ 82-ի այդ օրը երբեք չեն մոռանա․«Առաջին անգամ  Дом кино-ում ցուցադրել են, Երևան՝ Հրապարակի վրա։ Մեզ լավ տեղ են տվել, լավ տեղ նստեցրել։ Մեզ մեծարել են ընդեղ, ասել, խոսացել․․․»։

Թեև Ալբերտn ավարտեց Երևանի կինոտեխնիկումը, բայց դերասանական կարիերան չշարունակեց։  91-ին բանակից եկավ ու արդեն, ինչպես ինքն է ասում՝  խառը տարիներ էին։  Ընտանիքում չորս աղջիկ ունեին, Ալբերտը միակ տղան էր, ամուսնացավ, երեք զավակ ունեցավ։ Ռոլանդ Ղուլինյանն այսօր նույն հպարտությամբ թոռան՝ Ալբերտի միակ որդու  մասին է պատմում։

«Արի ասեմ, ցույց տամ․․․ բարբա է պարապում, ազատ ոճի բարբա։ Նայի՝ գավաթները։  Գավաթներ է վաստակել իմ բալիկը, իմ Գիքորի տղան։ Ֆիզկուլտ ինստիտուտն է ավարտել, հեսա դիպլոմը կստանա»։

Տուն, ընտանիք, հանդ ու անասուն, մեր զրույցի պահին էլ  Ալբերտը դաշտում աշխատում էր։ Չստացված դերասանական կարիերայի մասին մտածելու ժամանակ քիչ է ունենում, բայց ափսոսանքի պահեր ապրում է․

«Ժամանակն էր այդպիսին, չստացվեց, բայց դե կյանքը այդպես դասավորվեց։ Հիմա բոլոր պահերը հիշում եմ, հետաքրքրիր է։ Ֆիլմում Զանիի դերակատարը իմ քույրն է, Գալոն ու էն մյուս երկու էրեխեքը էլի մեր գյուղի տղաներ են»։

Դերասանական առաջին փորձը դպրոցում է ձեռք բերել, ինչպես հայրն է ասում՝ ֆրիցի դեր է կատարել։ Իրեղեն ապացույցը Ղուլինյան ընտանիքի  ամենաթանկ արխիվային «փաստաթղթում» է։ Մոխրագույն ալբոմի խունացած էջերում,  Թումանյանից հետո իհարկե, Դսեղի ամենահայտնի հերոսի աստղային պատմության  վկայություններն են։

Կարդացեք նաև

Back to top button