ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են Մ-11-Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Օգոստոսի երկրորդ կեսից արդեն ընթանում են Ծովակ-Լճավան-Մաքենիս-Ախպրաձոր մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:

Ինչպես տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ծրագիրն ընդգրկված է Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի շրջանակներում:

Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը կազմում է 14,5 կլիոմետր, որից շուրջ 6 կիլոմետրը՝ բնակավայրերի ներսում: Ասֆալբետոնյա շերտի տեղադրման մակերեսն ընդգրկելու է շուրջ 68 հազար քառակուսի մետր:Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 224 միլիոն 800 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊԸ-ն:

«Նախատեսվում է իրականացնել ճանապարհի հիմքի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման համակարգի, բնակավայրերում՝ մայթերի կառուցման, կահավորման եւ գծանշման աշխատանքներ: Շինարությունը նախատեսված է ավարտել եկող տարվա ընթացքում:

Այս ճանապարհը հիմնանորոգման չի ենթարկվել 1983 թվականից սկսած: Ճանապարհի անցանելիության ապահովումը կապված էր բազմաթիվ դժվարությունների հետ՝ հատկապես ձմռան ամիսներին: Կենսական կարեւոր նշանակության այս ծրագրի իրականացման արդյունքում Ծովակ, Լճավան, Մաքենիս եւ Ախպրաձոր համայնքներում կնկատվի տնտեսական զարգացում ու աշխուժություն:

Միաժամանակ այն կնպաստի տուրիզմի զարգացմանը, քանի որ այս ճանապարհի սպասարկման տիրույթում են գտնվում միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական հրաշալիքներից մեկը համարվող Մաքենիսի վանական համալիրը, Ախպրաձորի տարածքում գտնվող քաղաք-հնավայրը, Ծովակի կիկլոպյան բերդ-ամրոցը, Ռուսա Առաջինի թողած ուրարտական արձանագրությունը, պատմության եւ բնության բազմաթիվ այլ կարեւոր հուշարձաններ»,-ներկայացրել է Գեւորգ Խաչատրյանը:

https://www.facebook.com/gegharkunik.gov/posts/656734401867358

Կարդացեք նաև

Back to top button