
Այսօր ունենք շանս աշնանը ունենալու բոլորովին այլ իրավիճակ։ Այսօր այս մասին կառավարության արտահերթ նիստում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ամեն ինչ կախված է մեր քաղաքացիներից, նշել է վարչապետ Փաշինյանը։
«Իրավիճակի բարդացում թույլ չտալու համար պետք է շարունակել կրել դիմակ։ Դիմակի կրման բացարձակ կարգապահություն։ Ահա, թե ինչ է հարկավոր։ Ճիշտ է քաղաքացիներից շատերը բողոքում են, որ տուգանվում են։ Այո, եթե նախկինում ասում էինք՝ «Կրե՛ք դիմակ, փրկեք կյանքեր», այժմ, երբ մահվան դեպքերը կհասնեն զրոյական մակարդակի, մենք կասենք «Կրե՛ք դիմակ և մի տուգանվեք»,- ասաց Փաշինյանը։
«Այսպիսով ստիպված ենք Արտակարգ դրության ռեժիմը երկարացնել ևս մեկ անգամ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը, հույս հայտնելով, որ այս անգամ այն կերարացվի վերջին անգամ։
Միևնույն ժամանակ, մի շարք սահմանափակումներ կհանվեն:
Մասնավորապես՝
- Վերացվում է հավաքների և գործադուլների արգելքը: Այնուամենայնիվ, բոլոր հավաքները պետք է կազմակերպվեն հակահամաճարակային կանոններին համապատասխան: Դիմակներ կրելը և սոցիալական հեռավորությունը պահելը պարտադիր է:
- Մեղմացվում է ընտանեկան հավաքների անցկացումը (ոչ ավել, քան 40 հոգի) թե՛, բաց, և թե՛ փակ տարածքներում։
- ՀՀ քաղաքացիություն չունեցող քաղաքացիների մուտքը Հայաստան կթույլատրվի, սակայն նրանք ստիպված կլինեն պահել 14 օրյա ինքնամեկուսացման ռեժիմ: Այն մարդիկ, որոնք կորոնավիրուսի թեստ կհանձնեն և կստանան բացասական պատասխան, կարող են ինքնամեկուսացման ռեժիմ չպահել:




