Բեյրութի նավահանգստի հարևանությամբ գտնվող հայաբնակ Բուրջ Համուտ թաղամասի բնակչուհի Լենա Թասլակյանը «Ռադիոլուրի» հետ զրույցի ժամանակ մաքրում էր երեկվա պայթյունից կոտրված ապակիներն ու տան պատի ծեփերը։ Պատերազմ տեսած կնոջ համար այդ որոտից ահասարսուռ բան չէր եղել։
«Նավահանգստի մոտ ենք և մեր դիմացն արդեն բաց է։ Մեր պատշգամբից երևում է նավահանգիստը։ Պայթյունի բոցն ու ծուխը մենք տեսել ենք։ Եվ մեզ ցնցեց այդ պայթյունը»,- նշում է Լենա Թասլակյանը։
Ընտանիքն այսօր փոքրիշատե հաղթահարել է երեկվա վախը, սակայն այսօր էլ ամեն քայլափոխի հանդիպում են թաղամասի խանութներում, փողոցներում և այլ շինություններում վիրավորների։ Հարազատների ու ծանոթների շրջանում տուժածներ չունեն, ասում է։ Ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժնի ղեկավար հայր Հովակիմ Պանճարջյանի խոսքով՝ բարեբախտաբար Անթիլիասում վնասները միայն նյութական են։
«Այս պայթյունից Անթիլիասի մայրավանքը չէր կարող չտուժել։ Ամենամեծ վնասը ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարը։ Վնասվել է վեհարանը, որտեղ մենք շատ արժեքավոր իրեր ունենք բերված հենց Կիլիկայից։ Եվ տարբեր գրասենյակներ ու բաժիններ ևս տուժել էին։ Բայց կարևորը, որ վնասները միայն նյութական են»,- ասում է Պանճարջյանը։

Վեհափառ հայրապետ Արամ Ա կաթողիկոսը պայթյունի ժամանակ գտնվել է Սուրբ Աստվածածին վանքում և որոտը զգալուց հետո մի քանի հոգևորականների հետ եղել է հայաշատ համայնքներում։
«Վեհափառը հանդիպումներ է ունեցել վիրավորների հետ, օրհնել նրանց և իր առողջության բարեմաղթանքը հղել։ Բոլորի համար մեծ ոգևորություն էր վեհափառի հետ հանդիպումը»,- պատմում է Պանճարջյանը։
Ավերիչ պայթյունից տուժել է նաև նավահանգստին մոտ գտնվող «Զարթօնք» օրաթերթի խմբագրությունը։ Ինչպես գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն է ասում, արդեն ունեն կրած վնասի նախնական հաշվարկը։
«Մենք շենքի վարչական տնօրինության և հաշվապահության հետ միասին արագ կազմել ենք նախահաշիվ և այն նախնականով կազմում է 300 հազար դոլար»,- ասում է Սևակ Հակոբյանը։
Նյութական վնասների մասով որոշակի պատկեր կազմեցինք։ Սակայն ամենացավալին այն է, որ կան նաև մարդկային զոհեր ու վիրավորներ, այդ թվում` մեր հայրենակիցները։
«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։ Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։ Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Իսկ թե Լիբանանն առաջնահերթ ինչի անհրաժեշտություն ունի, պարզ կլինի մի քանի ժամից, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հակոբ Բագրատունին։
«Այս պահին կա 11 նահատակ, ավելի քան 250 վիրավոր, մեր ազգային կառուցների մեծ մասը՝ եկեղեցական, քաղաքական, ընկերական, բարեսիրական, մարզական քանդված են։ Հսկայական է նաև անտուն մնացած հայորդիների թիվը։ Մեր հայկական թաղամասերը գրեթե ամբողջությամբ քանդվել են՝ հիշեցնելով պատերազմական օրերը»,-նշել է Բագրատունին։
Հայազգի պատգամավորի խոսքով՝ Լիբանանի, լիբանահայության հետ տեղի ունեցածը միայն Լիբանանի խնդիրը չէ և միայն Լիբանանի միջոցներով հնարավոր չէ լուծել։ Անհրաժեշտ են համահայկական ճիգեր։




