ԿարևորՀասարակություն

Քաղաքացիները Ամուլսարում հանք չեն հանդուրժելու. Ամուլսարի պահապաններ

Հայկական բնապահպանական ճակատը նամակներ է ուղարկել ԱԺ պատգամավորներին և ՀՀ կառավարությանը՝ կոչ անելով Ամուլսարի հարցում ցուցաբերել հստակ դիրքորոշում։ Բնապահպանները լռությունն ու անգործությունն  անընդունելի են համարում։ Հաշվի առնելով Ամուլսարի շուրջ հատկապես երեկվա զարգացումները՝ բնապահպանները շեշտում են, որ Լիդիան ընկերությունը սադրանքների միջոցով փորձում է մարդկանց հունից հանել։ Լիդիանից մինչդեռ պնդում են, որ ընկերությունը տարածքից հանելով ակտիվիստների վագոն-տնակները, վերականգնել է իր սեփականությունը տնօրինելու օրինական իրավունքը։ Ամուլսարի երեկվա թեժ զարգացումներին արձագանքել է նաեւ շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը։

Հայկական բնապահպանական ճակատի նամակը բողոքի հայտարարություն է՝ Ամուլսարում ընթացող երկարատև պայքարի և վերջին օրերի գործընթացների նկատմամբ դրսևորած անտարբերության ու անգործության դեմ։ Այս մասին ասվում է բնապահպանների տարածած նամակում։ Նրանք կոչ են անում պատգամավորներին եւ կառավարությանը՝ հստակ դիրքորոշում որդեգրել Ամուլսարի հարցում։ Ի՞նչ է տեղի ունեցել երեկ եւ ի՞նչ է կատարվում հիմա։ Խոսելով այդ ամենի մասին՝ Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը նաեւ ներկայացնում է այն երկու պահանջները, որոնք շարադրվել են նամակում.

«Հանրության հիմնական պահանջն է՝ 1) Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը։ Կարճաժամկետ պահանջն է՝ 2) Վերադարձնել Ամուլսարի պահապանների դիմադրական կետերի տնակներն իրենց նախկին տեղում և վերացնել Լիդիանի պահնորդական ծառայության տեղադրած տնակները: Առանց այս պահանջի կատարման որևէ այլ բանակցություն չի կարող լինել»։

Խորքային պատճառներն էլ գալիս են 2008-2009 թթ.-ից, երբ խախտվել են քաղաքացիների իրավունքները ու նրանք չեն տվել համաձայնություն՝ փոխելու իրենց համայնքների էկոլոգիական վիճակը՝ հիշեցնում է բնապահպանը։ Իրավիճակը լուծում է պահանջում ու որքան ուշ լինի այդ լուծումն, այնքան խնդիրներն ավելի խորանալու են։ Գնդեվազ համայնքի ներկայացուցիչ, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանն ասում է, որ իրենց համար լուծումը հստակ է.

Ամուլսարում հանքի շահագործմանը դեմ ակտիվիստները․ արխիվային լուսանկար

«Գնդեվազցիների տրամադրությունները հստակ են՝ իրենք ցանկություն չունեն այստեղ հանք հանդուրժելու։ Ամենագլխավոր պահանջն է, որ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ՇՄԱԳ-ը ուժը կորցրած ճանաչի»։

Փաստաբան Նազենի Վարդանյանի պնդմամբ՝ ուժը կորցրած ճանաչելու համար բոլոր հիմքերն էլ առկա են։ Ըստ նրա՝ Ամուլսարի ծրագրով Լիդիանը խախտել է բնապահպանական բոլոր օրենքներն ու կոնվենցիաները եւ ընդամենը իրավապահները պետք է ստուգեն ու քննեն դա։ Փաստաբանն ասում է, որ վերջին օրերին Լիդիանի պահնորդական ծառայության գործողությունների նպատակն էլ սադրելն ու ճնշելն է, որ մարդիկ իրենց իրավունքները չիրացնեն եւ իրենց դիրքորոշումը չարտահայտեն։

Հայկական բնապահպանական ճակատի նամակին այսօր արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

Ֆեյսբուքի իր էջում իշխանական պատգամավորը գրել է. «Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» կազմակերպության կողմից հրավիրված պահնորդական ծառայություն իրականացնող կազմակերպության աշխատակիցների գործողություններով պայմանավորված գրություններ եմ ուղարկել ՀՀ Կառավարություն և ՀՀ ոստիկանություն»։

Ավելի վաղ պատգամավորը գրել էր, որ տեղեկացել է Ջերմուկում տիրող իրավիճակից՝ անթույլատրելի համարելով «Լիդիան» ընկերության վարձու պահնորդների բոլոր սահմաններն անցնելու՝ ոստիկանության հետ կռվի բռնվելու և պայքարողներին հայհոյելու գործողությունները։ Պահանջում եմ նման ինքնակոչ պահնորդական կազմակերպություններին զրկել արտոնագրից, որոնք պարտավոր են լինել իրավապահ, բայց առաջինն են խախտում օրենքը՝ շեշտել էր պատգամավորը։

Կարդացեք նաև

Back to top button