
Այսօր 85 տարեկանում մահացել է Հանրային ռադիոյի մանկապատանեկան հաղորդումների նախկին գլխավոր խմբագիրը՝ Էլեոնորա Գրիգորյանը։
Խոսք՝ հիշատակի
«Ռադիոյում աշխատելու տարիներին ամենաքիչը հասցնում էի իմ երեխաներին ժամանակ նվիրել՝ մանկականը թույլ չէր տալիս» ,-մի անգամ՝ մի շատ մտերմիկ զրույցի ժամանակ, խոստովանեց մեր շատ սիրելի Էլեոնորա Գրիգորյանը, որն այսօր հրաժեշտ է տվել իր երկրային կյանքին։
Բոլոր նրանք, ովքեր աշխատել են նրա հետ ռադիոյում և մանկապատանեկան խմբագրությունում, կհիշեն, թե որքան սկզբունքային էր որպես խմբագիր, բծախնդիր՝ իր աշխատանքում, մանկական ռադիոլրագրության ասպարեզում։
«Մենք գրում ենք երեխաների համար և ոչ թե նրանց մասին»,- զգուշացնում և սովորեցնում էր մանկապատանեկան խմբագրություն ոտք դնող նորելուկ լրագրողներին, և սա միակ դասը չէր, որ ստանում էինք նրանից: Առաջին հաջող ու անհաջող փորձերից հետո, դեռ պետք է հասկանայինք նաև, որ երեխաների համար գրելը՝ «խաղ ու պար» չէ, և պարզունակ տեքստերն ու երեխաների հետ փաղաքշական՝ «իկ»-երով զրույցներն ամենևին էլ կապ չունեն մանկապատանեկան լրագրության հետ։ Իսկ ամենակարևորը՝ «լսարանին հարգանքով վերաբերվելն է։ Եվ կապ չունի մեծի, թե փոքրի համար ես գրում»,-ամեն առիթով հիշեցնում էր նա։
Սկզբում «Հանելուկ պապիկ», «Ուրախ կարուսել», «Հասակակիցներ» հաղորդաշարերի հեղինակն ու խմբագիրն էր, իսկ տարիներ անց, իր ուսերին վերցրեց ամբողջ խմբագրության պատասխանատվությունը։
Ամենից սիրով ու հաճույքով հիշում էր ռադիոյի «Արևիկ» մանկական վոկալ խմբի ստեղծման պատմությունն ու այս գործում մեծ դերակատարում ունեցող Գագիկ Գեղամիչին՝ Գագիկ Բադալյանին։ Հենց նրանց մեծ ջանքերի ու աշխատանքի շնորհիվ էլ, 1979 թվականին հիմնադրվեց «Արևիկը», որն այսօր էլ գործում ու երգեր է նվիրում երեխաներին։
Մանկապատանեկանում աշխատող լրագրողը մի առավելություն ունի, ասում էր Էլենորա Գրիգորյանը, նա կարող է աշխատել ցանկացած մեկ այլ խմբագրությունում և զբաղվել մշակութային, տնտեսական և անգամ քաղաքական լրագրությամբ։ Այ, հակառակի դեպքում՝ վստահ չեմ,- կատակում էր ու ավելացնում,- երեխաների համար քչերին է հաջողվում լավ նյութ ստեղծել»։
Հաճախ էլ անկեղծորեն զայրանում էր, որ այս կարևոր հարցերն անտեսում էին մասնագետները՝ երբեմն թյուր կարծիք հայտնելով, թե երեխաների հետ աշխատելն ամենահեշտն է։
Թե քանի լրագրողի ու հաղորդավարի, այդ թվում՝ պատանի լրագրողների հետ է աշխատել Էլեոնորա Գրիգորյանը ռադիոյի մանկապատանեկան խմբագրությունում, դժվար է ասել։ Իր կյանքի շուրջ 50 տարին նա նվիրեց այս աշխատանքին՝ միշտ խրախուսելով ու կանգնելով նրանց կողքին, ովքեր նոր ու հետաքրքիր գաղափարներով ու ռադիոնախագծերով էին ծեծում մանկականի դուռը։
«Ռադիոյի մարդիկ» այդպես էլ չեն հեռանում Ռադիոտնից, իսկ նվիրյալներին այստեղ միշտ են հիշում։ Էլեոնորա Գրիգորյանը մեկն է նրանցից, ով երկար տարիներ ապրեց ու ստեղծագործեց Ռադիո տանը, իսկ աշխատանքային վերջին 20 տարիներին, լինելով Մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր, կրթեց ռադիոլրագրողների մի մեծ բանակի։
Ցավակցում ենք նրա հարազատներին ու մտերիմ մարդկանց, մեր գործընկեր Ամալյա Թադևոսյանին՝ սիրելի մայրիկի կորստյան կապակցությամբ։
Բարի ճանապարհ սիրելի խմբագիր ու սիրելի մարդ․․․




