
Եվրասիական տնտեսական միության վարչապետերը չեն վախեցել կորոնավիրուսի համավարակի պայմաններում հավաքվել Բելառուսում և քննարկել միության հարցերը։ Առցանց տարբերակի փոխարեն նրանք նախընտրեցին առկա ձևաչափ։ Դա էր պատճառը, որ Բելառուս է մեկնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ենթադրելի էր, որ Հայաստանի համար լարված իրավիճակում հայկական կողմը չէր կարող սահմանափակվել միայն օրակարագային հարցերով և չանդրադառնալ Ադրբեջանի՝ վերջին օրերի սադրիչ գործողություններին։
Մեկուկես օր Մինսկում՝ ԵԱՏՄ գործընկերների հետ հանդիպելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց մեկնել Բելառուս՝ Հայաստանի համար լարված իրավիճակում։ Նախապես հայտարարված օրակարգային թեմաները տնտեսական էին։ Հագեցած օրակարգում եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ էր՝ առեւտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման եւ անգամ կորոնավիրուսի հակազդեցության։
Այսօրվա նիստում քննարկվել են գազի, նավթի, նավթամթերի շուկայում աշխատանքների ընթացքը:
Վեց վարչապետ է հավաքվել նույն վայրում՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի վարչապետերին միացել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Մոլդովայի կառավարության ղեկավարը։

Հյուրերի պաշտոնական դիմավորում, լուսանկարում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդող ընդլայնված կազմով նիստ: Պաշտոնական ընդունելություն և վերջում՝ Բելառուսից վերադառնալուց առաջ նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը Բալեռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
«Ինձ տեղեկացրել են, որ շատ հագեցած քննարկումներ են եղել և Դուք այնտեղ շարժիչ ուժն էինք»,– ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Թեև այս ամենի օրակարգը նախապես հաստատված էր, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդլայնված նիստում գործընկերներին տեղեկացրել է, թե ի թիվս հայտնի խնդիրների՝ էլ ինչն է խանգարում ԵԱՏՄ բնականոն զարգացմանն ու միության խնդիրների լուծմանը։
ԵԱՏՄ գործընկերներին Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանը խախտել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ապրիլի 14–ի միասնական կոչը և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի՝ մարտի 23–ին հրապարակված հորդորը։ Երկուսն էլ վերաբերում էին համավարակի պայմաններում ռազմական գործողությունները սառեցնելուն՝ միջազգային համավարակի դեմ արդյունավետ պայքարելու համար։
«Հայաստանը չէր կարող չպատասխանել այդ սադրանքներին»,– տեղեկացրել է վարչապետը՝ զգուշացնելով, որ Ադրբեջանի նման գործելաոճը տարածաշրջանը պահում է անկանխատեսելի և անկայուն վիճակում։ Հայաստանի վարչապետը զգուշացրել է, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն և Ադրբեջանը չի կարողանա հայկական կողմին պարտադրել միակողմնաի և անհիմն զիջումներ Արցախի հարցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Բելառուս ուղեկցող պատվիրակության կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։ Լրագրողների հետ զրույցում փոխնախարարը կարևորել է այս փուլում հատկապես դիվանագիտական ասպարեզում ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։ Անկախ Հայաստանի հանդեպ տեղի է ունել ագրեսիայի ակտ, նշում է փոխարտգործնախարարը։

«Շատ կարևոր է արձանագրել՝ ով էր, որ հրաժարվում էր որպեսզի լինեն դիտորդներ, որպեսզի լինեն սարքեր, որոնք նմանատիպ իրավիճակներում կարողանան անկողմնակալ հայտնաբերել, թե ով է սկսել։ Դեմ էր Ադրբեջանը։ Եվ այսօր ինքը փորձում է ներկայացնել, իբր հայկական ուժերն են սկսել հարձակումը։ Հենց այն հանգամանքը, որ միշտ վերահսկողությանը դեմ են եղել խոսում է նրա մասին, որ ինքը միշտ կողմ է եղել նմանատիպ քայլերի։ Այդ տեսակետից, իհարկե, որպեսզի միջազգային դիտորդները, միջնորդները, միջազգային կազմակերպությունները կարողանան հենվել ոչ թե կողմերի հայտարարությունների վրա, այլ՝ իրականում տեղի ունեցած փաստերի, դրա համար, իհարկե, դա անհրաժեշտ է։ Ընդհուպ մինչև, վերջ ի վերջո միջնորդ պետությունները այն պետություններն են, որոնք հնարավորություն ունեն նաև տիեզերքից հետևելու։ Այդ տեսակետից շատ կարևոր է, որպեսզի ամբողջ սահմանը՝ և Հայաստանի, և Արցախի լինի նմանատիպ հսկողության տակ»։
Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ Հայաստանը սրտնեղած չէ ՀԱՊԿ–ից։ Փոխարտգործնախարարը հստակեցումներ է մտցնում։
«Մենք ՀԱՊԿ–ին օգնության համար չենք դիմել։ Մեր նպատակը լրիվ այլ էր՝ տեղեկացնել մեր գործընկերներին՝ ինչ իրավիճակ է։ Որովհետև ակնհայտ է, երբ Հայաստանի սահմանների հանդեպ եղել է սադրանք, իրենք պետք է տեղեկանան։Դրա համար ինձ համար զարմանալի էր, որ մարդիկ ինչ- որ սպասելիքներ ունեին։ Տվյալ պարագայում ՀԱՊԿ–ը արձանագրել է, որ կոչ է անում դա կանգնեցնել, որովհետև հակառակ դեպքում, եթե մենք դիմենք, ստիպված կլինի ներքաշվելու»։
Ադրբեջանի արտգործնախարարի փոփոխությունից որևէ նոր ակնկալիքներ չեն կարող լինել։ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ՝ անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվելու։ Ադրբեջանի դիրքորոշումը բանակցային գործընթացում ինչպես եղել է ապակառուցողական, այդպես էլ կշարունակվի։ Ադրբեջանի արտգործնախարար է նշանակվել կրթության նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նա այն նախարարն է, ում ղեկավարած ոլորտում՝ անգամ մանկապարտեզներում, երեխաներին սովորեցնում են, թե ով է իրենց թշնամին և այդ, այսպես ասենք, «դասերը» հաճախ ն հայտնվում համացանցում։




