ԿարևորՀասարակություն

Վրաստանում հայագիտությունը պիտի ապրի․ Չանթլաձե

Համավարակի պատճառով այս տարի Վրաստանի հայագետներն իրենց մասնագիտական տոնը նշեցին առցանց։ Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնը օրը նշում է արդեն  40 տարի։ Իսկ Հայագիտության սկզբնավորումը Վրաստանում կապվում է Մայր բուհի հիմնադրման հետ։ Հարյուրավոր հայագետներ պատրաստած ամբիոնի հանդեպ սակայն այսօր հետաքրքրությունը կտրուկ նվազել է:

Թբիլիսիի պետական համալսարանի ստեղծման օրվանից` 1918 թվականից, բուհում դասավանդվել են հայագիտական առարկաներ` «Գրաբար», «Աշխարհաբար», «Հայոց գրական մտքի պատմություն», «Հայ բարբառագիտություն», հայագիտությանը վերաբերող այլ առարկաներ: Իսկ 1922-ից արդեն գործել է հայագիտության ամբիոն:

Հարյուրավոր հայագետներ է տվել ամբիոնը, որոնց մեծ մասն ավանդույթի համաձայն վրացիներ են եղել։ Այսօր հայագիտությունը, սակայն ոչ տարածված մասնագիտություններից է, որտեղ սովորողները հիմնականում երկրի հայ քաղաքացիներն են։ Այս պահին ամբիոնը չորս ուսանող ունի։ Նրանցից մեկը Թուրքիայի քաղաքացի Բերհաթ Թեքիներն է, ով հայկական արմատներ ունի․

«Վանից եմ, մայրական կողմից՝ հայ։ Մինչև հայագիտության ամբիոնում ուսանելը՝ որևէ բառ չեմ իմացել հայերեն։ Մայրս էր շատ ուզում, որ ես խոսեմ հայերեն, երազում էր, որ Վրաստանում կամ Հայաստանում ուսում ստանամ»։

Բերհաթը վստահ է՝ վերադառնալով Թուրքիա՝ Վան, որտեղ ապրում է, աշխատանք կգտնի։ Հիշում է՝ տարիներ առաջ Վանի Ախթամարում մեկը չգտնվեց, որ հայ զբոսաշրջիկների հետ կարող էր հայերեն խոսել։

Ամբիոնի շրջանավարտ, վիրահայ Արմենուհի Պոդոսյանը պատրաստվում է ուսումը շարունակել նաև հայագիտության ասպիրանտուրայում։ 

«Հայագիտությունն ինձ համար առաջին հերթին էություն է։ Շատ կարևոր մասնագիտություն է մեր երկու երկրների միջև առկա բարեկամությունը ամրապնդելու գործում։ Ցավալի է, սակայն, որ այսօր հայագիտության ֆակուլտետն այդքան էլ հայտնի չէ»։

Ամբիոնի ղեկավար Նաթիա Չանթլաձեն շարունակում է ամեն տարի կոչ անել երկրի քաղաքացիներին ընտրել այս մասնագիտությունը՝ հույս հայտնելով՝ Հայագիտությունը պետք է ապրի Վրաստանում․

«Հայագիտությունը Վրաստանում ամենահին մասնագիտություններից է։ Մենք ուզում ենք, որ այս մասնագիտությունն ընտրող երիտասարդների թիվն ավելանա, ու հայագիտությունը կապրի Վրաստանում»։

Վրաստանի պետական համալսարանի հայագիտության բաժինը շարունակում և կշարունակի գործել անգամ մեկ ուսանողի դեպքում։ Չանթլաձեի խոսքով, բաժինը փակելու մասին խոսք չի կարող լինել, որովհետև «մեր հարաբերություններն ամենամոտ հարևանի հետ կարևոր են»։

Հայագիտության ամբիոնն ունի հարուստ պատմություն, հայագետների հսկա դպրոց։ Հայագետ Լեյլա Ջեջելավան, որ համալսարանում «հայ-վրացական ներկա հարաբերություններ» է դասավանդում, ասում է․ 

«Հայագիտությունն ինձ համար ոչ միայն մասնագիտություն է, այլ մի ամբողջ կյանք։ Ես ամեն օր զբաղված եմ հայագիտությամբ, ամեն օր կարդում եմ հայերեն, հետաքրքրվում նաև Հայաստանի քաղաքականության մասին»։

Ասում է՝ երկրի հայագետների համար հայ-վրացական հարաբերություններն անասելի արժեք են․ «Դրանք մեծ ներուժ ունեն բարիդրացիական հարաբերություններից ավելի բարձր մակարդակի անցնելու»։

Կարդացեք նաև

Back to top button