
ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ Աշոտ Ղուլյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում. տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Ա. Ղուլյանի 2020 թվականի հունիսի 10-ի դիմումը` կարգադրում եմ. 1. 2020 թվականի հունիսի 10-ից Աշոտ ՂՈՒԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի խորհրդական»,- ասված է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանի կարգադրության մեջ:
Աշոտ Ղուլյանը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահն է: Նա նաև ղեկավարում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը:
Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ուրախությամբ է ընդունել Հայաստանի իր գործընկերոջ հրավերը։
«Սիրով ընդունել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկությունը՝ ՀՀ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում շարունակելու նպաստել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը»,- գրել է Ղուլյանն ու շնորհակալություն հայտնել վստահության համար:
Ղուլյանը նաև նշել է, որ գործունեությունը ծավալելու է Արցախում:




