
Կորոնավիրուսի համավարակի հեռանալու ժամկետները ամեն օր փոխվում են։ Եթե նախկինում մասնագետների մեծ մասը կարծում էր, որ ամռանը համավարակը կնահանջի, ապա այժմ նման կանխատեսումները դադարել են։
Որքան համավարակը շարունակվում է, այնքան բիզնեսի համար խնդիրները բարդանում են։ Փորձագետները տնտեսվարողներին հորդորում են փոխակերպել բիզնեսը։
Համաշխարհային բիզնեսը փոթորկի մեջ է։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Պատվերները կրճատվում են, ընկերությունները ստիպված են նոր գործընկերներ փնտրել, ամեն ինչ սկսել զրոյից։
Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում ճգնաժամի հետևանքներն արդեն նկատելի են․ փոթորկի կհասնի, թե` ոչ, դժվար է ասել, բայց պատվերներն արդեն կրճատվում են, ասում է ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը։
«Հարկային պարտավորությունները մի քիչ ուշացումով արեցինք, քանի որ նախկինում առաքած ապրանքները տեղ չէին հասնում, շատ դժվարությամբ էին գնում։ Մենք հիմնականում Եվրոպա ենք արտահանում, գումարը ուշացրել էին։ Վրաստանում վարորդներին երկար են պահում։ Այսօր արդեն զրոյի վրա ենք»,- ասում է Դարբինյանը։

Իրավիճակը բարդ է, փոթորիկն սկսվել է, բայց թե երբ կավարտվի, որևէ մեկը չգիտի։ Դարբինյանն ասում է՝ անցնում են նոր ճանապարհով, չգիտեն այն հարթ կլինի՞. նոր գործընկերներ, նոր պատվիրատուներ են փնտրում․
«Ճանապարհն անցել էին, դժվարությունները հաղթահարել էին, ընկել էին ուղիղը։ Հիմա այդ տասը տարվա աշխատանքն ընկել է ջուրը, նորից սկսում ենք ՝ նոր պատվիրատուներ, նոր պատվերներ։ Տհաճ իրավիճակ է, անընդհատ սպասողական վիճակում ենք։ Գուցե մի օր առավոտյան գաս ու նամակ ստանաս, որ ճգնաժամ է, չենք կարողանում աշխատել։ Մենք ունեինք պատվիրատուներ, որ վաճառում էին միայն գարնանային հագուստ՝ փետրվարից ապրիլ։ Ամբողջ ընթացքում չեն աշխատել, ոչ մի հատ չեն վաճառել, հիմա ո՞նց վաճառեն»,- նշում է ֆաբրիկայի տնօրենը։
Զարգացման ու կառավարման խորհրդատու Կարեն Սարգսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ ճգնաժամը առաջացնում է որոշակի իրավիճակ, սա բիզնեսի համար փոփոխությունների շրջան է։ Դրանք դասական իմաստով երեք մասի են բաժանվում՝
«Առաջինը կոչվում է զարգացման փոփոխություն, նշանակում է, որ բիզնեսը դեռսև ոչինչ չի նախաձեռնում, հույս ունի, որ կարճ ժամանակահատվածում արագ կվերականգնվի։ Այս մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում, փորձում է կենտրոնանալ ներքին կառավարման համակարգերի օպտիմիզացման խնդիրների վրա։ Օպտիմիզացիան լավ իամստով, ոչ թե մարդկանց կրճատելու,այլ կառավարման ամբողջ համակարգի՝ ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարում, նյութատեխնիկական միջոցների վերանայում»,- նշում է Կարեն Սարգսյանը։

Եթե բիզնեսը չի վերականգնվում, ապա սկսվում է հաջորդ փուլը՝ անցումային փոփոխություն, երբ բիզնեսը սկսում է նոր առաջարկներ ներկայացնել՝ նոր արտարդանքից մինչև նոր փաթեթավորում․ ունեցածը նորովի գործարկելով։
«Օրինակ, եթե ես մինչև ճգնաժամը կարում էի տոպրակներ, արտադրությունում առկա գործիքակազմը, սարքավորումները չեմ փոփոխում, պարզապես փոխվում է արտադրությունը, օրինակ՝ սկսում եմ դիմակներ ու կոմբինիզոններ կարել»,- ասում է զարգացման ու կառավարման խորհրդատուն։
Եթե բիզնեսը տեսնում է, որ այս փուլում էլ ճգնաժամը շարունակվում է, ապա այստեղ փոխակերպման խնդիր է դրվում։ Սա այն դեպքում, երբ ճգնաժամը երկար տևի և ունենա մի քանի փուլեր․
«Դա նշանակում է, որ օրինակ, ես այլևս չեմ զբաղվելու հյուրատնային գործով, կամ չեմ արտադրելու այսինչ տեսակի ապրանքներ։ Ամբողջությամբ վաճառելու եմ այդ սարք-սարքավորումները։ Այսինքն` բիզնեսն իր ունեցածը վերածում է կապիտալի, որպեսզի սկսի մեկ այլ բիզնես»,- նշում է Սարգսյանը։
Միշտ չէ, սակայն, որ փոխակերպումը հեշտ է ստացվում։ Զրուցակիցս մասսայական միջոցառումների ու հարմերգների կազմակերպմամբ զբաղվող ընկերության ղեկավար է։ Էդուարդն ասում է, որ այս պահին փոխակերպման մասին չեն կարող մտածել։ Առաջարկում է թույլ տալ բացօթյա միջոցառումներ կազմակերպել․

«Մեր ոլորտն այս պահին աշխուժացնելու համար պետությունը պետք է քայլերի գնա։ Օրինակ` այգիներում տեսնում ենք շատ մարդիկ կան, երեխաներ, կարելի է թույլ տալ, որ բացօթյա համերգներ կազմակերպենք։ Միայն պետք է տեխնիկա տեղադրենք»,- ասում է Էդուարդը։
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը բիզնեսի ինքնագնահատման ու դրան համապատասխան գործողությունների կազմակերպման համար վեց կետանոց հուշագիր է հրապարակել։ Զարգացման ու կառավարման խորհրդատու Կարեն Սարգսյան նշում է՝ նախ պետք է բացահայտել, թե ռիսկային որ գոտում է գտնվում բիզնեսը՝ զարգացման, անցումային, թե տրանսֆորմացիոն․
«Եթե բիզնեսը զարգացման գոտում է, ապա դեռևս կարող է իրեն պահպանել։ Եթե անցումային փուլում է, ապա պետք է նոր ծառայության, նոր պրոդուկտի մասին պետք է մտածի։ Եթե տրանֆորմացիոն փուլում է, սա վառվող կարմիր լույս է, որ արագ պետք է մտածել փոխակերպման մասին»,- նշում է Կարեն Սարգսյանը։
Նա շփվելով գործարարների հետ, արձանագրում է՝ մեծ մասը արագ որոշումներ կայացնելու, ճկուն լինելու հարցում խնդիրներ ունի։ Մինչդեռ փորձագետները պնդում են՝ համավարակը բիզնեսի համար ճկունության ժամանակաշրջան է։




