ԿարևորՏնտեսական

Վնասվող տուրիզմի տեղը կարող է զբաղեցնել գյուղատնտեսությունը. պետական աջակցության առաջարկ

Կառավարությունն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է տնտեսական աջակցության գործողությունների: Մինչ կպարզվի, թե ինչ ուղղություններով է հատկացվելու պետական աջակցությունը, արդեն տարբեր առաջարկներ են հնչում:

Հաշվարկներ են արվել, թե տնտեսության որ ճյուղերը կարող են վնասներ կրել համաշխարհային արտակարգ իրավիճակից և որ ուղղություններով դրանք կարող են փոխարինվել:

Հրապարակային առաջին առաջարկն արդեն արվել է գործադիրին: Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ պատգամավորները նշել են զարգացման հեռանկար ունեցող հավանական ճյուղերից մեկը: 

Գյուղատնտեսության ոլորտը ի վիճակի է զբաղեցնել տնտեսության այն հատվածները, որոնք կարող են որոշակի կորուստներ ունենալ համաշխարհային արտակարգ դրությունից հետո: Քանի որ կառավարությունը մշակում է տնտեսական աջակցման գործողությունների փաթեթ, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը գործադիրի ուշադրությունը հրավիրում է հենց այս ոլորտի վրա:

Ցորեն, կաղամբ, կարտոֆիլ, գազար. ասում է ցանկը կարելի է շարունակել և առաջարկում է, որ կառավարությունը հայտարարի այս տարի ցորենի ձեռք բերման մասին և երաշխավորված գին առաջարկի գյուղացիներին:

«Հիմա մեզ կարճաժամկետ, հրատապ հարցերը լուծելու խնդիր կա: Առաջինը՝ պարենային անվտանգության, երկրորդը՝ տնտեսական աշխուժությունը պահելու, որովհետև գիտենք՝ տարբեր ոլորտները առաջին խոցելիության տակ են։ Օրինակ տուրիզմը և գյուղատնտեսության մեջ աշխուժությունը հնարավորինս կփոխարինի խոցված ոլորտներում տնտեսության աշխուժացմանը»,- ասաց Կարապետյանը:

Բոլոր անհրաժեշտ հաշվարկներն ու ուսումնասիրությունները էկոնոմիկայի նախարարությունում արդեն արված են: Գարնանացան ցորենի հետ կապված խնդիրներ չեն առաջանա, հատկապես, երբ ավանդաբար դրա ծավալները մեծ չեն:

 «Գարնանացան ցորենը Հայաստանում ընդհանրապես շատ քիչ են ցանում՝ 25%-ի չափ` կապված իր արդյունավետության և այլնի հետ: Հարցը, որ կապված է սերմերի պակասի՝ այն մարդիկ, որոնք պետք է ցանեին, արդեն հիմնականում ձեռք են բերել փետրվարին: Բայց մինչև արտակարգ իրավիճակը մենք մտածում էինք տեղական սերմնաբուծությունը զարգացնելու ուղղությամբ, ոչ թե ներկրման գործընթացի ուղղությամբ:

Աշնանացան ցորենի հետ կապված մենք ունենք որոշակի քանակություն հիմա, բայց հիմնական քանակությունը կիմանանք սեպտեմբերին, քանի որ այդ ժամանակ է հունձը լինում։ Այդ ժամանակ արդեն կիմանանք՝ ինչքան ունենք կամ ինչքան է մեզ պետք լինելու:

Մեր հիմնական քաղաքականությունը հիմնված է լինելու տեղական սերմնաբուծությունը զարգացնելու վրա»,- ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։  

Խորհրդարանի մշտական հանձնաժողովում այսօր քննարկել են ինչպես պետական աջակցության, այնպես էլ մասնավոր օգնությանը վերաբերող հարցեր: Այս առումով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկություն ունի: Տեղական ինքնակառավարման մասին օրենքում առաջարկվող լրացումով պնդում են. ՏԻՄ մարմիններին ցուցաբերվող ցանկացած օգնությունը պետք է լինի բաց և թափանցիկ:

Առաջարկի երևացող հատվածը՝ կոռուպցիայի դեմ տարվող պայքարն է, իսկ ենթատեքստն ու առաջարկի սկզբնաղբյուրը կապված է Երեւանի քաղաքապետարանի նվեր ստացած КАМАЗ-ների հայտնի դեպքի հետ:

Եթե այսօրվա արտակարգ պայմաններում շատ նախագծեր պատգամավորները հետաձգում են երկու ամիս ժամանակով, ապա այս նախաձեռնության հեղինակ Անի Սամսոնյանը հրաժարվեց ցանկացած հետաձգումից.

«Քանի որ այս պահին ևս, օրինակ, մեր համայնքում` Երևան քաղաքում, շարունակվում են նվիրատվությունների և նվիրաբերությունների պայմանավորվածություններ և գործարքներ քաղաքի համար գույք ձեռք բերելու, այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ երկու ամիս հետաձգել այս նախագիծը չարժե, որովհետև այն իրականում կատարելու է իր խնդիրը և որքան շուտ մենք ընդունենք այս նախագիծը, այնքան շուտ համայնքները և Երևան համայնքը կցուցաբերի թափանցիկություն, հաշվետվողականություն և մենք կունենանք ավելի քիչ խնդիրներ»,- ասաց Սամսոնյանը:

Ընդդիմադիր գործընկերների հետ այս հարցում համամիտ չեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: Առանց անուններ նշելու պնդում են` «դրսում» աշխատող գործարարների համար սա լուրջ խնդիր է դառնալու:

Հիմնավորումները ներկայացրեց Սերգեյ Բագրատյանը.

« Հիմա երկրի անուն չտամ, բայց մեզ դիմել են մեր ընկերները՝ խնդրելով, որ չեն կարող նման դեպքում օգնել: Նախկին իշխանության ժամանակ այդ հարցը այլ կերպ կլուծվեր, հիմա, եթե նոր իշխանությունը թափանցիկություն է պահանջում, ապա այս դեպքում նրանք չեն կարող գնալ նման քայլի:  ԱՄՆ-ի, Քրքորյանի հետ կապված բազմաթիվ պատմություններ եղան: Ասել են, որ այնպես չէ, որ այդ փողը հենց այնպես կարող ես տալ Հայաստանին»:

Չնայած առկա այսպիսի վտանգներին` կառավարությունը կողմ է թափանցիկություն ապահովող նոր կարգավորումներին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից նշում են, որ «դրսում» աշխատող գործարարների անհանգստությունը անհիմն է, քանի որ նախագծով կա առնվազն մի քանի տարբերակ՝ օրինականության սահմաններում հանրության համար փակ պահել նվիրատուի անունը: Հարցն ամեն դեպքում բացասական եզրակացությամբ է մտել լիագումար նիստերի օրակարգ: Ավելի լայն քննարկման ժամանակ արդեն կորոշվի նախագծի հետագա ճակատագիրը:

Կարդացեք նաև

Back to top button