ԿարևորՏնտեսական

Ինչի շուրջ են բանակցել Հայաստանն ու Իրանը. Էկոնոմիկայի փոխնախարար

Այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով, տեղեկացնում է պարետատունը՝ հղում անելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

Էկոնոմիկայի փոխնախարարն այսօր Աժ-ում էր: Նաև այս բանակցությունների մասին է խոսել, պատգամավորներին ներկայացրել, թե ինչ են ենթադրում նոր պայմանավորվածությունները:

Խորհրդարանն առհասարակ այսօր կրկին ակտիվ է աշխատել: Մի քանի հանձնաժողովներում քննարկվել են օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պետք է ընդգրկվեն առաջիկա լիագումար նիստերի օրակարգ: Հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները՝ մի շարք նախագծերի քննարկումը հետաձգվել է երկու ամսով: Աժ-ի լիագումար նիստը, ըստ ժամանակացույցի, նշանակված է հաջորդ շաբաթ: 

Հայաստանի և Իրանի միջև բանակցություններ են ընթանում ապրանքաշրջանառության հետ կապված. ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին տեղեկացրել է էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: 

«Ներկա դրությամբ բանակցությունների մեջ ենք, թե ապրանքների որ մասով թեթևացված պայմաններ են լինելու ապրանքաշրջանառության համար: Կճշտենք և կտեղեկացնենք բոլոր տնտեսվարողներին այդ մասին: Բանակցություններ են, որ միջանկյալ սպառողական ապրանքները կարողանան ավելի հեշտ գալ, բայց պահպանելով իհարկե բոլոր անվտանգության կանոնները»:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո: Կարգը պաշտոնապես արդեն  հաստատել է էկոնոմիկայի նախարարությունը: 

Համապատասխան փոփոխություններ են արվել այս տարվա փետրվարի 24-ի կառավարության որոշման մեջ, որով թույլատրվում է տնտեսական նշանակություն ունեցող որոշ հումքատեսակների շրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև: Հաստատված ցանկում ներառված է շուրջ 20 ապրանքատեսակ, ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:

Հաստատված կարգի համաձայն` ցանկում ներառված ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, կթույլատրի ապրանքների փոխադրումը։

Ուշագրավ է, որ ցանկում հաստատված այնպիսի նյութերի կողքին, ինչպիսիք են քլորիտը, հիպո-քլորիտը, բրոմիտը, սուլֆատները, կարբոնատները, նիտրանտները, ընդգրկված է նաև ցեմենտի կլինկերը: Սա այն նյութն է, որը հիմք է հանդիսանում ցեմենտի արտադրության համար:

Այս ապրանքատեսակի մասով կառավարությունը դիմել է Աժ՝ Պետտուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու առաջարկով: Եղած կարգավորումները երկարացվում են ևս 3 ամսով՝ ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի ներքին արտադրությունը խթանելու եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի շարունակականությունն ապահովելու հիմնավորմամբ: Ոլորտի կարևորության մասին Աժ-ում այսօր խոսել է էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:  .

«Մեր խնդիրն այն է, որ ոլորտը 10 տարի է վերականգնվելու, եթե կորցրեցինք: Ու ծախսը, որ պետք է անենք, որ ոլորտը վերականգնվի, համարեք, որ այդ ընթացքում ստեղծված գործարաններից 4-ից մեկն է կենդանի մնում: Դա դեռ շատ լավատես եմ ասում: Եթե արտադրությունները կանգնեց հենց հիմա»:

Մինչ այս պահը եղած վիճակագրությունը հուսադրող է: Վերջին մեկ տարվա ընթացքում արտադրական կարողությունները չեն իջել, քանի որ շինարարությունը հանրապետությունում աճել է 4.5 %-ով: Ուշագրավ է, որ աճը հիմնականում գրանցվել է մարզերում: Ցեմենտ արտադրող երկու գործարան ունենք հանրապետությունում: Մեկի աշխատանքի ծավալներն ավելացել են 5 %-ով, մյուս տնտեսվարողը որոշակի խնդիրներ ունի։ Էկոնոմիկայի փոխնախարարն այս դեպքում անուններ չի նշում: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին հարցը խորհրդարանի առաջիկա լիագումար նիստում քննարկելու համար:

Այլ իրավիճակ է «Իմ քայլը» խմբակցությունից երեք պատգամավորի օրենսդրական նախաձեռնության հետ կապված: Մերի Գալստյանը, Վարազդատ Կարապետյանը և Լենա Նազարյանը ընդերքի մասին օրենքում լրացումների միջոցով առաջարկում են 2 տարվա արգելք սահմանել բացառապես մետաղական նոր հանքերի շահագործման համար:

Նախագծի համահեղինակներից Մերի Գալստյան․ «Հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ներկայիս ընդերքի օրենսդրությունը չի բխում պետության շահերից: Խոցելի է դարձնում պետությանը ցանկացած իրավիճակում, հատկապես, երբ գալիս է որևէ իրավահարաբերությունների վեճերի հարթման փուլը: Մենք նախորդ տարվա ընթացքում բազմիցս ականատես եղանք առնվազն մեկ՝ շատ հստակ դեպքով, որքան թերի է մեր օրենսդրությունը, որքան կարևոր գործիքակազմ է բացակայում վեճերի հարթման այն փուլում, երբ պետք է պետության համար կարևոր որոշումներ կայացվեն»:

Այս դեպքում խոսքը նաև դատարանների կողմից ծանուցումների մասին է: Պատգամավորներն առաջարկում են, որ դատական որոշումների վիճարկման փուլում հանքատերերը իրավունք չունենան շահագործելու վիճարկվող տարածքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահագործման նոր թույլտվություններ ստանալն ամեն դեպքում տևում է մոտ երկու տարի, իսկ մորատորիումի կիրառումը ներդողների համար վատ ազդակ է լինելու, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները բացասական եզրակացություն տվեցին գործընկերների նախագծին: Ամեն դեպքում, նրանք չեն պատրաստվում հետ կանչել նախագիծը և առաջիկա լիագումար նիստում փորձելու են արդեն բոլոր պատգամավորներին համոզել, որ օրինագծինքի ընդունումն անհրաժեշտ է:

Կարդացեք նաև

Back to top button