
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքի էջում պարզաբանել է հաշմանդամության սահմանման գործընթացի վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշումը: Նա նշել է, որ հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները՝ սահմանվել է հիվանդությունների ցանկ, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով:
Ըստ այդմ՝
- տվյալ փորձաքննության ժամանակ «մինչև 18 տարին լրանալը», այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ ֆունկցիոնալ խանգարումը ամենայն հավանականությամբ կշարունակվի.
- 3-րդ տարվա դիտարկման դեպքում «մինչև 18 տարին լրանալը», այն հիվանդությունների դեպքում, որոնց ժամանակ հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով՝ ֆունկցիոնալ խանգարման կայունությունը ճշտելու համար.
- 5 տարի ժամկետով, այն հիվանդությունների դեպքում, երբ բուժական և վերականգնողական միջոցառումների արդյունքները հնարավոր է գնահատել 5 տարի անց։
Վերը նշված ցանկերում չընդգրկված հիվանդությունների բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում համապատասխան հիմքերի առկայության դեպքում հաշմանդամություն ունեցող երեխա կարգավիճակը կսահմանվի 2 տարի ժամկետով։
Հստակել են նաև անժամկետ հաշմանդամություն սահմանելու դեպքերը, եթե միևնույն հիվանդությունով անձը ենթարկվել է 7 տարվա դիտարկման, ապա հաշմանդամությունն անժամկետ կսահմանվի 8-րդ տարվա դիտարկման դեպքում։
«Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքը չի վերաբերում 7 տարի անընդմեջ հաշմանդամության խումբ ունենալուն, այլ վերաբերում է նույն հիվանդությամբ կարգավիճակ ունենալու տարիների ընդհանուր հանրագումարին»,- գրել է նախարարը։




