
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ։ Նրանք քննարկել են երկու երկրներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
«Նախարար Տիկարաձեն ինձ հայտնեց, որ Վրաստանում ախտորոշված պացիենտները երեքն են և վերջին օրերին նոր հաստատված դեպքեր չեն արձանագրվել: Նրանք երեքն էլ, մեր պացիենտի նման, իրենց լավ են զգում և չունեն որևէ գանգատ: Ես նույնպես ներկայացրեցի մեր երկրում եղած իրավիճակը և իրականացվող միջոցառումները»,- գրել է Թորոսյանը:
Իրավիճակը հաղթահարելու գործում երկու երկրների առողջապահության նախարարները պայմանավորվել են այսուհետ ևս պահել օպերատով երկկողմանի կապը թե՛ նախարարների և թե՛ երկու գերատեսչությունների միջև, որպեսզի գործողություններն արդյունավետ լինեն:
Որպես հետ գրություն Արսեն Թորոսյանը հայտնել է, որ մեր պացիենտը և ժամանակավորապես հատուկ պայմաններում բնակվող մեր քաղաքացիները իրենց լավ են զգում:




