ԿարևորՀասարակություն

Թեղենիքը դատարկվում է․ տրանսպորտի հարցը պետք է լուծել

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղը թեև այնքան էլ հեռու չէ Երևանից, բայց աստիճանաբար դատարկվում է:  Տեղացիները պատճառներից մեկը համարում են հանրային տրանսպորտի բացակայությունն ու մշակութային կյանքի պասիվությունը:

Թեղենիքում չկա մանկապարտեզ ու նախակրթարան և երեխաների ապագայով մտահոգված երիտասարդ ընտանիքները լքում են գյուղը:

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղը օրեր առաջ հայտնի դարձավ Բարեկենդանի տոնի կազմակերպմամբ, շատերն իմացան գյուղի տեղը, բայց քչերը գիտեն, որ գյուղն օր-օրի դատարկվում է: Այստեղ յուրաքանչյուր 2-րդ տան դուռը փակ է կամ էլ, եթե բաց է, ապա հարազատներն են ելումուտ անում, պահպանում տունն ու խնամում այգին:

«Ես դպրոցում տնօրեն եմ աշխատել, իմ աշխատած ժամանակ 150 աշակերտ է եղել, հիմա 30-35: Երիտասարդությունը հեռանում է, մտնես գյուղ՝ ամեն  2-րդ տան դռները փակ են, եթե բաց են, ապա միայն ծերերն են»:

Գյուղի նեղ ու ձնհալից ցեխոտված փողոցներից մեկով  բարձրանալիս նկատելի էին փակ դռները, որոնց տնամերձ հողամսերում հիմնականում խնձորի ու սալորի ծառեր էին.

Տեղացիները գնացել են Եվրոպա և Ռուսաստան: Զրուցակիցս  Եվրոպայից էր եկել, ասում է տարվա մի մասը այնտեղ է, մի մասն այստեղ: Գյուղից չի կարողանում կտրվել, քանի որ իր ընտանիքն է այստեղ, բայց մնալ էլ չի կարող, քանի որ աշխատանք չունի:

Արտագաղթը սկսվել է 90-ականներից և շարունակվում է մինչև հիմա, փաստում է 1996թից մինչև օրս  Թեղենիք համայնքի ղեկավար Մարատ Բաղդասարյանը:

« Գյուղում 595 բնակիչ կա, միայն 296-ն  ապրում է Գերմանիայում, գնում գալիս են, իրենց ծնողներն են այստեղ, պապերն ու տատերը»:

Բնակչության շարժն ավելի տեսանելի է դպրոցում: Այստեղ սովորում է ընդամենը 35 աշակերտ, դասարանները համակազմ են, ամենաշատը 11-րդ դասարնցիներն են՝ 7 աշակերտ: Անցած տարի ունեցել են 1 շրջանավարտ: Դպրոցը վերանորոգվել է Ջինիշյան հիմնադրամի միջոցներով և կրում է Վարդան Ջինիշյանի անունը, ունի լոկալ ջեռուցման ցանց: Տնօրեն Լաուրիկ Գրիգորյանը ասում է, որ մասնագետների պակաս չունեն, երեխաներն էլ ընդունակ են, դպրոցը՝ մրցունակ:

Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և այգեգործությամբ: Դպրոցի տնօրենի խոսքերով  ապրելու համար լավ պայմաններ կան, բայց մարդիկ հեռանում են, պարադոքսալ երևույթ.

«Ոչ թե երեխաները քիչ են, վատ վիճակում է գյուղը, այլ շատ լավ վիճակում է: Հավատու՞մ եք, որ շատ լավ վիճակից հեռանում են:  Մարդիկ հնարավորություն ունեն, տներ են գնում Երևանում կամ այլ քաղաքներում, ընտանիքներով հեռանում են»:

Գյուղից այս տարի հեռացել է ևս  մեկ ընտանիք՝ իր հետ տանելով 1 դպրոցահասակ և 1 մանկապարտեզահասակ երեխայի: Թեղենիքում մանկապարտեզ չկա, չկա նաև նախակրթարան: Երեխաների ապագայով մտահոգված ծնողները լքում են գյուղը: Զրուցակիցս առաջնեկին է սպասում, աշխատանքը Երևանում է, ամեն օր գնում-գալիս է, որոշել են տեղափոխվել Երևան՝ մտածելով երեխայի մասին, քանի որ գյուղը կտրված է:

Գյուղի ամենամեծ խնդիրը հանրային տրանսպորտն է: Արդեն  մի քանի տարի այն չի գործում և բնակիչները 1-1,5 կմ կամ ավելի ճանապարհ են անցնում, որպեսզի օգտվեն Չարենցավանի ուղևորատար  փոխադրամիջոցներից:

«Չարենցավանի տրանսպորտը գյուղի տակով է անցնում օրը 3 անգամ: Եթե ուզում ենք գնալ, իջնում ենք գյուղի տակ, տաքսու հնարավորություն չունենք, դրա համար էլ երիտասարդ ընտանիքները դուրս են գալիս գյուղից»:

Տեղի երեխաները մարզադպոց կամ մարզական պարապմունքների են գնում Չարենցավան, Լուսակերտ, Նոր Գեղի համայնքներում, իսկ տրանսպորտի բացակայությունը նրանց հաճախ հետ է պահում մարզվելուց:Յաշա Հովհաննիսյանի թոռը կարատեի Կովկասի չեմպիոն է, բազմաթիվ մրցանականեր ունի, հաջողությունների է հասել իր ասպարեզում: Պապը դժգոհում է, որ ամեն անգամ հնարավորություն չի ընձեռվում տանել մարզասրահ:

Ինչպիսի լուծում է սպասվում Թեղենիքում բարձրացված հարցերին  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց.

«Ցավոք, Թեղենիքը դատարկվող գյուղերից է, ինչպես հարյուրավոր այլ գյուղեր, բայց համայնքների լոկալ զարգացման ծրագրեր ներդնելով մենք նպատակ ենք հետապնդում դատարկման, այդ արտագաղթի հոսքը դադարեցնելու, ինչու՞ չէ նաև՝ ներգաղթ ապահովելու, օրինակ, պիտի ասեմ, որ երկրորդային շուկայում Թեղենիքի հողամասերի գները կրկնապատկվել են»:

Մարզպետը հավաստիացրեց, որ մանկապարտեզ կունենան միայն այն ժամանակ, երբ երեխաների թիվը հասնի 50-ի: Թեղենիքը տարիներ առաջ ունեցել է մանակպարտեզ, այն գտնվել է ներկայիս համայնքապետարանի եռահարկ շենքի 2-րդ հարկում, որն այժմ կիսաքանդ վիճակում է: Իսկ հանրային ուղևորափոխադրամիջոց ունենալու հարցը դեռ տեսանելի չէ.

 «Առանձին տրանսպորտ գյուղը չունի, համակցված տրանսպորտային ցանցով է, որովհետև երթևեկը շատ նոսր է  տրանսպորտային ընկերությունները, բնականաբար, բիզնես տեսակետից  հետաքրքրություն չեն ներկայացնելու, չեն գալու»:

Մարզպետի խոսքով տրանսպորտ կլինի այն ժամանակ, երբ կասեցվի արտագաղթը, խթանվի տնտեսական ներքին ակտիվությունն ու բարձրանա երթևեկության հաճախականությունը:

Կարդացեք նաև

Back to top button