
Բարեկենդանը Կենտրոն վարչական շրջանում տոնական է լինելու։
Տոնին նվիրված՝ տեղի է ունենալու ավանդական համերգ-բեմականացում՝ «Տոնացույց» ժողովրդական թատրոնի մասնակցությամբ, ինչպես նաև Բարեկենդանի ուտեստների ցուցադրություն և համտես։
Միջոցառմանը կկայանա փետրվարի 18-ին՝ ժամը 15:30-ին Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն- թանգարանի բակում։
Բուն Բարեկենդանի միջոցառումները նախատեսվում են բոլոր վարչական շրջաններում: Դրանք կամփոփվեն փետրվարի 23-ին՝ Բուն Բարեկենդանի օրը՝ Ազատության հրապարակում կազմակերպվելիք մեծ միջոցառմամբ:

Բարեկենդանը շաբաթապահքերի եւ Մեծ պահքի նախընթաց օրն է: Նշվում է Սուրբ Հարության` Զատիկի տոնից 49 օր առաջ, ըստ այդմ, եւս շարժական է:
Բարեկենդանը ժամանակին նույնիսկ ավելի ճոխ է նշվել, քան Նոր տարին։ Այն համարվել է հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը: Խնջույքների սեղանի անբաժան մասն են կազմել մսեղենը, կաթնեղենը, յուղով կերակուրները, պարտադիր կերակրատեսակներից` լցոնած հնդկահավը, փախլավան, նաեւ բոլորիս հայտնի խաշը:
«Բարեկենդան» նշանակում է բարի կենդանություն, ուրախություն, խրախճանք, այն ճոխ եւ առատ ուտելիքներով վայելքի օր է: Հին ժամանակներում Բարեկանդան տոնելիս մարդիկ դիմակավորվել են չար կերպարանքներով, որպեսզի վախեցնեն չարքերին ու հեռացնեն իրենցից:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նախօրեին Բարեկենդանի տոնը նշել են Սուրբ Հակոբ եկեղեցու բակում:
Փետրվարի 15-ին Բուն Բարեկենդանը տոնել են նաև Արաբկիր համայնքի եկեղեցու բակում: Կազմակերպվել է միջոցառում՝ «Վան» ազգագրական երգի-պարի համույթի, «Մասունք» խմբի երաժիշտների, կիրակնօրյա դպրոցի սաների, համայնքի դհոլահարների խմբի մասնակցությամբ:




