
Լուսինե Նորեկյան
«Ռադիոլուրի» համար
Խխունջի՝ Հայաստանում առաջին ու միակ ֆերման Բյուրականում է: Եվրոպայից ներկրված առաջին խխունջների համար այստեղ ստեղծել են հատուկ պայմաններ: Ագրարային բիզնեսի նոր ճյուղի մասնագետ Վահե Հախվերդյանի կարծիքով` խխունջները սպառման մեծ և եկամտաբեր շուկա ունեն։
Ռեժիսոր Վահե Հախվերդյանի համար խխունջաբուծությունը յուրատեսակ հոբբի է։ Խխունջաբույծ դառնալու պատմությունն էլ սկսվել է ընդամենը մեկ զանգից։ Արտասահմանում ապրող ընկերները Վահեին խնդրել էին հետաքրքրվել՝ արդյո՞ք Հայաստանում խխունջաբուծությամբ զբաղվողներ կան։ Պարզել էր՝ չկան։
Ինձ համար նոր աշխարհ գտա, և հիվանդացա խխունջաբուծությամբ՝ կարճ ու կոնկրետ, ձևակերպում է նա։

Վահեի խոսքով՝ եվրոպական տարբեր երկրներում ֆերմաներ եղել են, բայց ոլորտի համակարգված զարգացումը նոր է նույնիսկ Եվրոպայի համար։ Կակղամորթների պահանջարկն այնքան մեծ է, որ եվրոպացիները հատուկ խխունջաբուծական դասընթացներ են կազմակերպում ու խխունջաբուծության տեխնոլոգիան արտահանում ՝ լրացնելու եղած պահանջարկը:
«Խխունջներից տարբեր բաղադրատոմսերով կերակուրներ են պատրաստում, մարինադ են դնում, հատուկ ձևով պատրաստում են գարեջրի հետ ուտելու համար, նաև պահածոյացնում են»,-պատմում է ֆերմերը:
Վահեն ուսումնասիրել է նաև մեր տեղական խխունջները։ Դրանք ևս իրացման հնարավորություններ ունեն, բայց լրիվ այլ տեխնոլոգիայի կիրառում է պահանջում։ Մեր խխունջները հարմարեցված են հայաստանյան կլիմայական պայմաններին։ Օրինակ` եթե ներմուծված խխունջները եփվում են 15-20 րոպեում, ապա տեղականը՝ գրեթե 4 ժամում։

Որպես սնունդ օգտագործելուց բացի խխունջները նաև կոսմետիկայի արտադրության մեջ են լայնորեն օգտագործվում։ Խխունջներն արագ են բազմանում, տարեկանն ձվադրում են 2 անգամ: Հետևաբար, ամեն ինչ ճիշտ անելու դեպքում, ակնկալվող եկամուտներն իրենց երկար սպասեցնել չեն տա։
Իրացման մասին չի անհանգստանում, շուկան անսահման է։ Ի դեպ, Հայաստանն արդեն ստացել է խխունջ արտահանելու եվրոպական հավաստագիր։ Վահեի կարծիքով՝ արտահանելուց բացի Հայաստանում էլ սպառման շուկան կլինի թե՛ կոսմետիկայի համար, թե՛ ռեստորաններում` որպես դելիկատես։




