
30 տարի առաջ մի փոքր հայ աղջնակ սարսափած թաքնվում էր իր տատիկի բնակարանում, երբ Բաքվի փողոցներով շրջում էին հրոսակախմբերը: Այդ աղջնակի հայրը, դանակը ձեռքին, կանգնել էր դռան առջեւ՝ պատրաստվելով պաշտպանել իր ընտանիքը: Այսօր Աննան այլեւս սարսափած չէ, նա չի թաքնվում այլ՝ բարձրաձայնում է հայերի հետ տեղի ունեցածի մասին: «Ամերիկայի Ձայնի» փոխանցմամբ՝ այսպես է կոնգրեսական Ռաջա Քրիշնամուրթին ներկայացրել Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցած, Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի հիշատակի երեկոյի խոսնակ, քաղաքական եւ հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան Թրքոթին:
ԱՄՆ որպես փախստական տասնամյակներ առաջ ժամանած Աննան իր զեկույցում անդրադարձել է Բաքվում հայերի ջարդերին սեփական փորձի եւ պատմական իրադարձությունների համատեքստում: Նրա խոսքով, չնայած որ այն օրերից երեք տասնամյակ է անցել, այդ իրադարձությունները մղձավանջի տեսքով դեռ շարունակում են իրեն հետապնդել. «1990-ի հունվարին իմ մանկությունը կանգ առավ: Ես այն ժամանակ ընդամենը 11 տարեկան էի»:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցող ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ ընդգծել են՝ 30 տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունն էլ ավելի սարսափելի է, մինչ պատասխանատվության չեն ենթարկվել այն սանձարձակած անձինք:
«Մենք բոլորս գիտենք, որ Բաքվի հայերը սպանվել, խոշտանգումների եւ թալանի են ենթարկվել, տասնյակ հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց տները, իսկ Ադրբեջանի ղեկավարությունը մինչ օրս պատասխանատվության չի հրավիրվել», — իր ելույթում նշել է կոնգրեսական Թի Ջեյ Քոքսը:
Անդրադառնալով Բաքվի հայերի ջարդերին, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանն առաջարկել է դրանք դիտարկել ավելի լայն համատեքստում, որպես Ադրբեջանի պատասխանը Լեռնային Ղարաբաղում հայերի խաղաղ բողոքների: Հենց այն Ղարաբաղում, որն ի դեմս Ստալինի Խորհրդային իշխանությունը նվիրել էր Ադրբեջանին:
Այսօր Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է վերահաստատել իր նվիրվածությունը խաղաղության եւ ժողովրդավարության արժեքներին, իսկ այս պարագայում դա նշանակում է կանգնել Հայաստանի կողքին, համոզված է կոնգրեսական Ջուդի Չուն: Իսկ հայկական արմատներ ունեցող կոնգրեսական Ջեքի Սփիրն ավելացրել է՝ պայքարը երբեք չի դադարելու. «Մեր գործն արդար է, իսկ արդարությունն ի վերջո կհաղթի»:




