ԿարևորՀասարակություն

Համայնքների խոշորացումը կշարունակվի․ ամռանը 21 համայնքից կձևավորվի 2–ը

2020 թվականի  հունիսի 14–ին Լոռու մարզի Լերմոնտովո  և  Տավուշի մարզի Իջևան համայնքներում  համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություններ կանցկացվեն։   Նախագիծը հաստատվել է այսօր՝ կառավարության նիստում։  2018–ի  ապրիլից   համայնքների խոշորացման գործընթացը կանգ էր առել։  Այսօր որոշվել է, որ  ամռանը երկու մարզում  ռեֆորմը կշարունակվի։ 

Իջևանի 19 գյուղ (Իջևան, Ազատամուտ,  Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր,   Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջևանի շրջ.),  Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն)  կմիավորվի  ու  կստեղծվի Իջևան խոշորացված համայնքը։

Եվս մեկ խոշորացված համայնք կձևավորվի  Լոռիում՝  Լերմոնտովոյին կմիանա   Անտառաշենը։  Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը բացատրում է, թե ինչ մոտեցմամբ են առաջնորդվել։  

«Տավուշի մարզի Իջևան միավորված  համայնքը խոշորացվելու է  շրջանային  մոդելով, քանի որ  այն ավելի արդյունավետ է»։

Համայնքների խոշորացման գործընթացը 1․5 տարի կանգ էր առել։ Այս ընթացքում կառավարությունը փորձում էր հասկանալ  խոշորացման դրական ու բացասական կողմերը։  Սուրեն Պապիկյանը անձամբ է  մոնիտորինգ արել ու պարզել՝ ճիշտ կառավարման ու վարչատարածքային ճիշտ քայլերի դեպքում  խոշորացված  համայնքները մի քանի անգամ ավելի արդյունավետ են։  Նախարարը գիտի նաև, որ  խնդիրներ կան։

«Իհարկե ունենք նաև թերացումներ, հետագայում դրանց հնարավորություն կունենանք նաև անդրադառնալ։  Խոսքն ընդհանուր վարչատարածքային պատկերը  շտկելու, փոփոխության ենթարկելու մասին է»։

2020 թվականի  հունիսի 14–ին Լոռու մարզի Լերմոնտովո և  Տավուշի մարզի Իջևան համայնքներում  համայնքի ղեկավարների և ավագանու ընտրություններ կանցկացվեն։ Մինչև  այս որոշումը տեղական հանրաքվեի  ինստիտուտն են ուժեղացրել։

Խոշորացմանը դեմ համայնքում  կարող է ձևավորվել նախաձեռնող խումբ՝ ընտրողների 20 տոկոսի ստորագրությամբ։ Եվ եթե համայնքապետարանն ունի հնարավորություն, ապա կարող է սեփական ուժերով հանրաքվե կազմակերպել։ Հանրաքվեի   արդյունքը, սակայն,  խորհրդատվական բնույթ ունի։ Վարչապետը պարզաբանում է, թե ինչու է տեղական հանրաքվե անցկացնելու որոշումը  թողնվել համայնքների ընտրությանը։

 «Մենք հստակ հայտարարել  ենք, որ առանց համայնքի բնակիչների համաձայնության խոշորացումը տեղի չի ունենալու։ Մենք խոսել էինք տեղական հանրաքվեի ինստիտուտի խոշորացման մասին։ Քանի որ հանրաքվեն որոշակի բեռ է տեղական բյուջեի վրա, հարց առաջացավ՝ իսկ ինչու ենք մենք պարտադրում հանրաքվե, եթե կարող է դեպք լինել, երբ համայնքը դեմ չէ»։

Փորձը ցույց է տալիս, որ  խոշորացված համայնքներն ավելի շատ ծրագրեր են իրականացնում։ Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը  բերում է  Սյունիքի  մարզի  Մեղրի և  Գորիս խոշորացված համայնքների օրինակը՝  5–10 անգամ ավելի շատ սուբվենցիոն ծրագրեր են իրականացրել  ու գումար ստացել, մինչդեռ,  օրինակ,  Իջևանի գյուղերը՝  մի քանի անգամ ավելի պակաս։

«Եթե խոսենք  Իջևանին միավորվող  19 համայնքների մասին, ապա նրանք սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ժամանակ  ներկայացրել են ընդամենը 97 մլն դրամի համաֆինանսավորման հայտ։ Սա փոքր գումար է՝ հաշվի առնելով, որ գումարի կեսը բաժին է  ընկել Իջևան քաղաքին»։

Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի բնակիչներն այսօր  բողոքի ակցիա էին իրականցանում  խոշորացման դեմ։ Նրանց փաստարկներով՝ խոստացված ծրագրերը մնացել են անկատար

«Համայնքները որպես ի՞նչ են խոշորացնում։ Հինգ տարի է՝ ցեցը փակել է, ոչ մեկը դեմը չի առնում»։

Կառավարությունում գիտեն, որ  դժգոհողներ կլինեն,  գիտեն նաև պատճառները․ դրանցից մեկն,  օրինակ,  միավորման արդյունքում գյուղի  վերանալն է։ Վարչապետը հստակեցնում է՝ 

«Խոշորացման արդյունքում  գյուղը չի վերանում, որովհետև ինչպես կա մարզ, մարզպետարան, քաղաք, գյուղ, այնպես էլ խոշորացվողի պարագայում  կա համայնք և  բնակավայր։ Խոշորացվող գյուղերը դառնում են բնակավայր»։

Սուրեն Պապիկյանը կոչ է անում մի կողմ դնել նեղ անձնական շահերը։

«Վերաբերվել այնպես, ինչպես կվերաբերվի ՀՀ պատասխանատու  քաղաքացին իր համայնքի համար։ Չառաջնորդվել նեղ անձնական, ազգակցական, այսպես ասած, կլանային շահերով, այլ առաջնորդվել համայնքի, պետության  շահերով»։

2016  թվականի փետրվարի 14-ից  իրականցվել է համայնքների միավորման   52 ծրագիր․  465 համայնքից ձևավորվել է   52–ը:

Կարդացեք նաև

Back to top button